Նկարիչ-սիմվոլիստ եւ քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանը պատկանում է այն արվեստագետների թվին, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, բայց փող չունեն դա իրագործելու: Առնոլդը վերջնականապես համոզված չէ, որ կընտրի հեռանալը, եթե նման հնարավորություն ընձեռվի: Առնոլդն իր բնույթով «միայնակ» է: Նրա ինքնամփոփությունը վառ արտահայտվում է նրա ստեղծագործություններում: Նրա ստեղծագործությունների հիմնական խորհրդանիշը ցուլն է՝ ուժի խորհրդանիշը: Առնոլդը սպաս է պատրաստում՝ պնդելով, որ նման սպաս էլ ոչ ոք չի կարող եփել: Նրա պատուհանից երեւում է անմարդաշատ, բացարձակ մաքուր փողոցը: Առնոլդը ցուցադրում է պատերազմի տարիներին արված գործերը:
– Գնդակները փշրում էին լուսամուտի ապակիները, ականները պայթում էին, իսկ ես նկարում էի: Շատերը չէին հասկանում դա, ոմանք կշտամբում էին, բայց ես անընդհատ նկարում էի:
– Ի՞նչ է փոխվել ղարաբաղյան արվեստում պատերազմից հետո, եթե ընդհանրացնենք` Սովետական Միության փլուզումից հետո:
– Ոչինչ: Արվեստն այստեղ միշտ էլ երրորդ, չորրորդ տեղում է եղել: Ղարաբաղի նկարիչները միշտ էլ ձգտել են տեղափոխվել Հայաստան, կամ էլ` արտասահման: Դա գավառի խնդիրն է: Ինչքան էլ այստեղ ձգտես լույսին, ոչինչ չի ստացվի: Հիմա էլ հերիք չէ` գավառ է, նաեւ` այս քաղաքական իրավիճակը: Բայց սովետական ժամանակների հանդեպ կարոտախտ չունեմ: Սովետական Միությունում կուշտ էինք, բայց ես այն համեմատում եմ ազատազրկման գոտու հետ: Գոտում օրական երեք անգամ կերակրում են, ճիշտ է, սովից չես մեռնի, բայց այն մնում է գոտի:
– Ինչո՞վ են ապրում նկարիչներն այսօր:
– Ամեն մեկը` տարբեր: Ոմանք դասավանդում են, ինչպես, օրինակ, ես, մի կերպ յոլա ենք գնում: Երբեմն հաջողվում է ինչ-որ բան վաճառել:
– Կառավարությունն ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է:
– Մշակույթի նախարարությունն ընդհանրապես չի հետաքրքրվում մշակույթով: Անցյալ տարի անհատական ցուցահանդես ունեցա, առաջին անգամ մի քիչ օգնեցին, 60.000 դրամ տվեցին:
– Երիտասարդ նկարիչների մասին ի՞նչ կասեք: Կա՞ այստեղ ժամանակակից արվեստ:
– Այստեղ` համալսարանում, կա նկարչության ֆակուլտետ: Ուսանողները բավականին շատ են: Ոմանք իրոք ուզում են նկարիչ դառնալ, բայց շատերը պարզապես չեն ուզում փողոցում մնալ: Ծնողները փող են տալիս, միայն մի տեղ տեղավորեն իրենց երեխաներին:
Իսկ ժամանակակից արվեստ` որպես այդպիսին, չկա: Որոշ երիտասարդ նկարիչներ փորձում են ինչ-որ բան անել այդ ուղղությամբ, բայց դրանք առանձին, սակավաթիվ մարդիկ են:
Իմ կարծիքով, արվեստը Ստեփանակերտում խղճալի վիճակում է: Արդեն լրջորեն մտածում եմ` գնամ Երեւան, Վերնիսաժ, հարցուփորձ անեմ՝ ինչ նկարներ են հիմա լավ վաճառվում, ու սկսեմ նման գործեր նկարել: Բա ի՞նչ անեմ, պետք է, չէ՞, ինչ-որ կերպ ապրել:
www.hetq.am