Շոու-բիզնեսի հայկական նրբերանգները

16/12/2006 Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պատկերացրեք, գնում եք «Հրազդան» տոնավաճառ՝ ձեզ համար հագուստ կամ կոշիկ գնելու, եւ գնելուց հետո վաճառողը ձեզ նվիրում է հայ երգիչ-երգչուհիներից մեկի` ասենք, Քրիստինե Պեպելյանի կամ Զարուհի Բաբայանի որեւէ CD ձայնասկավառակ։ Ընդ որում, օրիգինալ։ Եթե անգամ տվյալ երգչի կամ երգչուհու երկրպագուն չեք, միեւնույն է, հաճելի պահ է՝ ո՞վ չի սիրում նվեր ստանալ։

Այդ պահին կժպտաք, կասեք` շնորհակալություն, եւ կգնաք։ Եվ միգուցե միայն տուն հասնելուց հետո ձեր մեջ հարց առաջանա՝ ի՞նչ գործ ունի ձայնասկավառակը՝ օրինակ, կոշիկ վաճառողի մոտ, եւ ինչո՞ւ է նա նվիրում։ Այս ամենը զուտ պատկերացումներ չեն, նման դեպք պատահել է շատ կոնկրետ մարդու հետ։ Այնպես որ, եթե «Հրազդան» տոնավաճառում նման նվեր ստանաք, կարող եք միանգամից տալ այդ հարցերը։ Իսկ եթե մինչեւ Ամանոր չեք պատրաստվում այնտեղից որեւէ բան գնել, մենք կպարզաբանենք տեղի ունեցածը։

Ոչ, ոչ։ Նախընտրական պայքարը կոնկրետ այս «բարեգործության» հետ ոչ մի կապ չունի։ Բանն այն է, որ ձայնասկավառակները «Հրազդան» տոնավաճառում առեւտուր անողներին «նվիրել է» տոնավաճառի ադմինիստրացիան, որ նրանք էլ «նվիրեն» գնորդներին։ Բայց մի քիչ դժվար է պատկերացնել, որ հենց այնպես, աջուձախ նման նվերներ են բաժանում։ Պարզապես տոնավաճառի ղեկավարությունը բոլոր առեւտուր անողներին բաժանել է մի քանի ձայնասկավառակ եւ խնդրել դրանք վաճառել։ Ընդ որում, ձեւն էլ բացատրել են՝ վաճառեք ձեր ապրանքը մի քիչ ավելի թանկ գներով (ձայնասկավառակի գնի չափով ավելի), հետո գումարները կփոխանցեք մեզ։ Հանուն ճշմարտության նշենք, որ պարտադրանք չի եղել։ Ասել են՝ կվաճառեք՝ լավ, չեք վաճառի՝ ամսվա վերջում կհավաքենք դրանք ձեր մոտից։ Պարզ բան է, եթե մարդը կարողանա իր ապրանքը ավել գնով վաճառել, այսպես թե այնպես, կվաճառի, որպեսզի գոնե կարողանա մուծել ամսական 500 դոլար վարձը (որը գնում է չգիտես ուր)։ Սակայն «Հրազդանում» առեւտուր անողները շատ լավ գիտեն, որ չվաճառելու համար իրենց «թարս աչքով» կարող են նայել, եւ շատ հնարավոր է՝ հենց իրենք էլ գնեն այդ ձայնասկավառակները։ Այդպես ավելի ձեռնտու կլինի։

Մի խոսքով, հիմա երեւի հասկացաք, որ իրականում դուք ոչ մի նվեր էլ չեք ստանում, դուք այն պարզապես գնում եք՝ ավելի վճարելով կոշիկի, կոստյումի կամ մեկ ուրիշ բանի դիմաց։

Հիմա անդրադառնանք մյուս հարցին՝ ի՞նչ կապ ունի «Հրազդան» տոնավաճառի ղեկավարությունն այս երգիչ-երգչուհիների հետ։ Եթե այդպիսի բան են անում, նշանակում է՝ կապ կա։ Իսկ կապող օղակը, ըստ ամենայնի, ձայնագրման ստուդիան է, որը թողարկել է այդ սկավառակները՝ «Արմենիան Մյուզիք Սենթրը»։ Մեր տվյալներով, այս ընկերության տնօրենը՝ Սամվել Ամիրաղյանը, բավական մտերիմ հարաբերություններ ունի տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Ըստ երեւույթին, այնքան մոտիկ, որ վերջինս որոշել է օգնել՝ գնորդների վրա «սաղացնելով» այդ ձայնասկավառակները։

Այսպիսի մեխանիզմները Հայաստանում միշտ էլ աշխատեցվել են։ Երեւի հիշում եք կրակմարիչների պատմությունը, երբ ուժեղացվեց հսկողությունը կրակմարիչ չունեցող վարորդների նկատմամբ։ Այն ժամանակ խոսակցություններ կային, որ դրանք ներմուծում է ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի շրջապատից ինչ-որ մեկը։ Կամ, ասենք, ջրաչափերի եւ հաշվիչ դրամարկղային մեքենաների պետմությունը, երբ մարդկանց ստիպում էին գնել միայն կոնկրետ ֆիրմայի սարքավորում։

Վերադառնանք ձայնասկավառակներին։ Ի՞նչ եք կարծում, այս պատմության մեջ ո՞վ է իրականում տուժում։ Միգուցե կասեք` տոնավաճառից ապրանք գնողը, որն ավելի բարձր գին է վճարում։ Բայց չէ՞ որ փոխարենը նա գոնե ձայնասկավառակ է ձեռք բերում։

Իրականում առաջին եւ գլխավոր տուժողներն այստեղ նույն այն երգիչ-երգչուհիներն են, որոնց ձայնասկավառակը թաքնված կերպով վաճառվում է։

«Արմենիան Մյուզիք Սենթրի» հետ կապվել մեզ չհաջողվեց, փոխարենը` կարողացանք զանգահարել «տուժած» երգչուհիներից մի քանիսին՝ եւ հարցնել՝ գիտե՞ն արդյոք, որ իրենց ձայնասկավառակներն աջուձախ նվիրում են։ Ինչպես, ասենք, լվացքի մեքենա գնելիս կարելի է նվեր ստանալ արդուկ կամ վարսահարդար։ Պարզվեց, որ, օրինակ, Զարուհի Բաբայանը եւ Ալլա Լեւոնյանն այդ մասին չգիտեին եւ անակնկալի եկան։

Պատկերացնո՞ւմ եք երգչուհու դեմքը, երբ «Հրազդան» տոնավաճառից որեւէ բան գնելիս նվեր ստանա իր իսկ օրիգինալ ձայնասկավառակը։ Դա ֆանտաստիկայի ոլորտից չէ, եթե հաշվի առնենք, որ շատ մեծ թվով մարդիկ դեմքով չեն ճանաչում հայկական էստրադայի աստղերին։

Շատ հնարավոր է, որ այս հոդվածն ընթերցելու պահին այդ ձայնասկավառակները ետ հավաքված լինեն։ Բնական է՝ երգչուհիներին այս ամենը շատ վրդովեցրեց, եւ նրանք պատրաստվում էին անմիջապես պարզել՝ ո՞վ է որոշել զբաղվել իրենց ձայնասկավառակների «նվիրատվությամբ»։ Որովհետեւ այդպիսի գործելաոճը, կոպիտ ասած, արժեզրկում է թե՛ երգիչներին, թե՛ նրանց ստեղագործությունները։ Ահա այսպես է զարգանում հայկական շոու-բիզնեսը՝ առանց հաշվի առնելու մարդկանց հեղինակությունը։ Իսկ պատճառը պարզ է՝ ոմանք չեն հասկանում, որ երաժշտությունը (եւ ընդհանրապես արվեստը) շուկայական հարաբերություններում, ճիշտ է, նույնպես ապրանք է, սակայն բացառիկ ապրանք, եւ չի կարելի գռեհիկ ձեւով վաճառել՝ ինչպես «Քյավառի սրսուռ կարտոլը»։