Աուդիտի հայաստանյան շուկան զարգանում է

16/12/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

ՀՀ-ում այսօր գործում են Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզավորված ավելի քան 30 աուդիտորական կազմակերպություններ եւ անհատ աուդիտորներ: Սակայն, ըստ «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Արման Փինարբասիի, աուդիտի հայաստանյան շուկայում հիմնական մրցակցությունը ծավալվում է մի քանի ընկերությունների միջեւ:

«Գրանթ Թորնթոն Ամիօն» «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական եւ խորհրդատվական միջազգային ցանցի հայաստանյան անդամն է: «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը» հիմնադրվել է 26 տարի առաջ եւ այսօր միավորում է 112 երկրներում գործող 519-ից ավելի գրասենյակներ: «Գրանթ Թորնթոն Ամիօն» ՀՀ-ում հիմնադրվել է 1991թ., սակայն պաշտոնապես գրանցվել եւ աուդիտորական ընկերության լիցենզիա է ստացել 1994թ.-ին:

Ա. Փինարբասիի խոսքերով, իրենց ընկերությունը ծառայություններ է մատուցում մասնավոր հատվածի ընկերություններին, հանրային սեկտորին` պետական ու հասարակական կազմակերպություններին: Աուդիտորական ընկերությունն ունի հաճախորդներ տարբեր ոլորտներից՝ ադամանդագործություն, քիմիական արդյունաբերություն, կապ, հեռահաղորդակցություն, սննդի արդյունաբերություն, բանկային համակարգ եւ այլն: Ընկերությունն աշխատում է նաեւ ԱՊՀ տարածաշրջանում:

Ա. Փինարբասին գտնում է, որ բավական լուրջ աճի տեմպեր ունի ոչ միայն իրենց ընկերությունը, այլեւ, ընդհանուր առմամբ, աուդիտի եւ խորհրդատվության հայաստանյան շուկան: Ըստ տնօրենի, դա պայմանավորված է նրանով, որ որքան էլ քննադատվի տնտեսական աճը, այնուամենայնիվ, տնտեսության զարգացումը նկատելի է: «Հայաստանն արդեն իսկ ունի բավական հետաքրքիր ներդրումային դաշտ: Բացի այդ, հայաստանյան ձեռնարկությունները հնարավորություններ են ստանում դուրս գալու միջազգային շուկաներ եւ ներգրավելու վարկային ու ներդրումային ռեսուրսներ: Այդ ամենի հետ կապված` մեր ծառայություններն անփոխարինելի են դառնում, քանզի ցանկացած արտասահմանյան ներդրող կամ գործընկեր կարիք ունի տեղական ու միջազգային շուկաներում մասնագիտացած խորհրդատուի»,- ասում է Ա. Փինարբասին:

Ի՞նչ ընկերություններ են այսօր ՀՀ-ում աուդիտի ծառայություններից օգտվում: Ա. Փինարբասին նրանց պայմանականորեն բաժանեց մի քանի խմբերի: Առաջինն այն ընկերություններն են, ովքեր օրենքով պարտավոր են աուդիտ անցնել (բաց բաժնետիրական ընկերություններ, բանկեր, վարկային կազմակերպություններ, շուտով հնարավոր է նաեւ ապահովագրական ընկերություններ): Երկրորդ խմբում այն ընկերություններն են, որոնք ունեն օտարերկրյա բաժնետերեր կամ արտասահմանյան գործընկերներ. այս դեպքում վերջիններս են պահանջում ընկերության հաշվետվությունների աուդիտի անցկացումը: Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող կամ օտարերկրյա հանրային բարիքների հետ կապ ունեցող ծրագրերը, հիմնադրամները եւ բարեգործական ընկերությունները նույնպես աուդիտի անհրաժեշտություն ունեն: Եվ վերջապես, չորրորդ խմբում այն ընկերություններն են, որոնք, ըստ Ա. Փինարբասիի, գնահատում են աուդիտի անհրաժեշտությունը: Ա. Փինարբասիի հավաստմամբ, ընկերությունները երկու ճանապարհով են ընտրում աուդիտորական ընկերությունը: Այն կազմակերպությունները, որոնց համար աուդիտը պարտադիր է, սովորաբար ընտրություն են կատարում մրցութային կարգով: Սակայն հիմնականում ձեռնարկություններն ուղղակիորեն դիմում են աուդիտորական ընկերությանը, ծանոթանում վերջինիս աշխատանքային մեթոդոլոգիային, ծառայությունների արժեքին եւ հետո որոշում կայացնում: Դեպքեր են լինում, երբ «Գրանթ Թորնթոն Ամիօն» մերժում է այս կամ այն ընկերության աուդիտն անցկացնել: «Մենք բավական խիստ կանոններ ունենք: Նախ, պետք է դիտարկենք տվյալ ձեռնարկության ոլորտը եւ գնահատում ենք վերջինիս ռիսկերը (սոցիալական, էթիկական եւ այլ ռիսկեր): Բացի այդ, հնարավոր է շահերի բախում, ուստի «Գրանթ Թորնթոն Ամիօն» ջանքեր է գործադրում բացառելու վերոհիշյալ դեպքերը»: