Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի գումարտակի հրամանատար, «Հայ կամավորականների համախմբման» նախաձեռնող, «Արաքս-Կուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխգնդապետ, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին:
Համաձայն «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության հայտարարության, խուզարկվել են «Արաքս-Կուր» հիմնադրամի գրասենյակը եւ վերոնշյալ կազմակերպությունների բազմաթիվ անդամների բնակարանները: Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը Երեւանում եւ մարզերում ձերբակալվել են եւս 32 անձինք: Նրանց մեծ մասը հարցաքննությունից հետո քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս մասին էլ հայտարարվեց երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացած հավաքի ժամանակ, որին ներկա էին ընդդիմության առանց բացառության բոլոր թեւերի ներկայացուցիչները՝ Մտավորականների ֆորումի ավագանին, «Նոր Ժամանակներ», ԱԺՄ, «Ժողովրդավարական Հայրենիք», «Հայրենիք եւ պատիվ», ԱԻՄ, ՀԱԱԿ կուսակցությունների ղեկավարները, ընդդիմադիր մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, բազմաթիվ ազատամարտիկներ եւ այլք: Հավաքին հրավիրված էին նաեւ իշխանական կուսակցությունների, իրավապահ մարմինների եւ «Երկրապահի» ներկայացուցիչները, սակայն նրանք հրավերին չէին արձագանքել: Ըստ հավաքի մասնակիցների, Ժ. Սեֆիլյանից բացի, այս պահին ձերբակալված են նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը եւ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ակտիվիստ Լյովա Սարգսյանը: Ձերբակալված է նաեւ Էդիկ անունով ինչ-որ մեկը: Ձերբակալվածների ընկերները երեկ տեղեկացրին, որ Ժ. Սեֆիլյանին ձերբակալել են 15 դիմակավորված անձինք՝ ռեստորանում, հղի կնոջ ներկայությամբ՝ բիրտ ձեւերով գետնին պառկեցնելով: Իսկ Վ. Մալխասյանին ձերբակալել են գիշերը` տանը: Վերոնշյալ հավաքի մասնակիցները, դատապարտելով իշխանությունների գործելաոճը, կարծիք հայտնեցին, որ իշխանությունները գործում են 1937թ. մեթոդներով: Ազատամարտիկ Ռոլանդ Ղազարյանն ընդդիմությանը կոչ արեց «ինչ-որ կոնկրետ գործողություններ» անել, ոչ թե խոսել ու քննադատել: «Ինչպես տեսնում եք, խոսելով ոչինչ դուրս չի գալիս»,- նշեց նա: Իսկ «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանի խոսքերով էլ՝ տեղեկություններ կան, որ ազատագրված տարածքներից «իշխանավորների կալվածքների դուրսբերման որոշ տեղաշարժեր կան դեպի Հայաստան»: «Այսինքն՝ այս մարդիկ արդեն նախապատրաստել են հանձնելու տարածքները: Ինչքան հիմնադրամ ստեղծեք, ինչքան միություն ստեղծեք, ուշ է լինելու»,- դիմելով ներկաներին՝ նշեց նա: ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով՝ ինքը ներկա է եղել «Հայ կամավորականների համախմբման» հիմնադիր համագումարին, որին, ըստ նրա, ներկա են եղել նաեւ ակադեմիկոսներ Ռաֆայել Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Խորեն Պալյանը եւ այլք: «Ես եղել եմ այնտեղ, եւ հեղաշրջման կամ բռնի ձեւով իշխանությունը տապալելու որեւէ կոչ չի եղել: Այո, զգացմունքային մթնոլորտ է տիրել, ինչը հասկանալի է»,- ասաց Հ. Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ արտահերթ նիստի սկզբում պահանջելու է, որպեսզի գլխավոր դատախազը մտնի եւ «գործ ներկայացնի խորհրդարան, որպեսզի ինձ էլ ձերբակալեն, քանի որ լիովին կիսում եմ պատասխանատվությունը եւ պատրաստ եմ դրան»: Լ. Աղալովյանի գնահատմամբ էլ՝ ԱԱԾ-ի այս քայլը մեծ հարված էր Հայաստանի ազգային անվտանգությանը: Ռաֆայել Ղազարյանն էլ նշեց, թե եթե Ժ. Սեֆիլյանին ձերբակալել են նրա արած հայտարարությունների համար, ապա իր հայտարարություններն «ավելի էքստրեմիստական են»: Իսկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի խոսքերով՝ այսօր հստակ է, որ Հայաստանում 37 թվականի ուրվականն է շրջում: «Մենք պետք է փաստեր ֆիքսելուց անցնենք գործնական քայլերի»,- կոչ արեց պարոն Մակեյանն ու ներկաներին առաջարկեց առաջիկա 1-2 օրվա ընթացքում կազմակերպել հավաք, որին կմասնակցեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ որի ընթացքում կմշակվի կոնկրետ քայլերի այն հաջորդականությունը, որով պետք է «դիմակայել այս ռեժիմի հերթական ակցիաներին»: Երեկ ԱԱԾ լրատվական ծառայությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է, թե Ժ. Սեֆիլյանի մոտ հայտնաբերվել է «ապօրինի հրազեն»: Այս առիթով «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, թե Ժ. Սեֆիլյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների, անձնական ձենք է ստացել, որի համար ունի ԼՂՀ պաշտպանության նախարարի թույլտվությունը: Իսկ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սմբատ Այվազյանն էլ նկատեց. «ՏԷՑ-ի կռուգում մի 100 մարդ կամ մի 100 զենք կար: Ոչ մեկը չգտան: Թողնում են բանդաները գործեն, ազատամարտիկներին վերահսկում են»: Ի վերջո որոշվեց մի հայտարարությամբ դատապարտել կատարվածը, պահանջվել անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին, կարճել գործը, եւ անմիջապես լուծել Ժ. Սեֆիլյանի քաղաքացիության հարցը, որպեսզի բացառվի նրան Հայաստանից արտաքսելու հնարավորությունը: Հավաքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե Ժ. Սեֆիլյանին արդեն արտաքսել են Հայաստանից: Քիչ ուշ այս լուրերը հերքվեցին: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ երեկ 18:00-ի սահմաններում ԱԱԾ աշխատակիցներն ընդհատել են Ժ. Սեֆիլյանի եւ նրա փաստաբան Վահե Գրիգորյանի հանդիպումը: Վերջինս էլ տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ գիշերը Երեւան-Հալեպ չվերթով նախատեսված է Հայաստանից արտաքսել Ժ. Սեֆիլյանին: Երեւան-Հալեպ չվերթը երեկ նախատեսված էր 23:25-ին: Փաստաբանը տեղեկացրել է նաեւ, որ իր պաշտպանյալի անձնագրի ժամկետը լրացած է, եւ նա Սիրիայի սահմանն անցնելիս խնդիրներ կունենա: Ի դեպ, պարզվում է, որ Սեֆիլյանի կինը ՀՀ-ում Լիբանանի դեսպանի օգնականն է, այսինքն՝ Ժ. Սեֆիլյանը, որպես դեսպանի օգնականի ընտանիքի անդամ, գտնվում է Ժնեւի կոնվենցիայի պաշտպանության ներքո: Փաստորեն, Ժ. Սեֆիլյանի նկատմամբ իրականացված գործողությունները կարող են առաջացնել միջազգային եւ դիվանագիտական մեծ աղմուկ: Մի ուշագրավ փաստ եւս: Համաձայն ՀՀ ԱԱԾ լրատվական կենտրոնի երեկ առավոտյան տարածած հայտարարության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ այն մասին, որ Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա մի շարք կողմնակիցների նախաձեռնած, այսպես կոչված, «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպությունը, չունենալով ՀՀ օրենքներով նախատեսված գրանցում, նպատակ է հետապնդել ՀՀ-ում առաջիկա քաղաքական գործընթացներին հակաիրավական, ուժային միջամտություն ցուցաբերել, մասնավորապես` 2007թ.-ին կայանալիք ընտրությունների ընթացքն ուղղորդել՝ դիմելով ծայրահեղական գործողությունների»: «Դեկտեմբերի 2-ին, Երեւանի պարարվեստի ուսումնարանի դահլիճում կայացած փակ համաժողովի ընթացքում կառույցի որոշ ղեկավարների կողմից ՀՀ պետական իշխանությունը բռնությամբ, ուժային ճնշման, միջոցների մեջ խտրականություն չդնելով զավթելու, կոնկրետ գործողությունների դրդող հրապարակային կոչեր են արվել, հայտարարելով, որ պետք է միայն զինված պայքարով, ապստամբությամբ ազատվել գործող իշխանություններից: Ներկայացվել են այդ ուղղությամբ գործողությունների ծրագրեր»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում: Ըստ նույն հաղորդագրության, փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով: Որ վերոնշյալ համաժողովն, իրոք, փակ է եղել, դրա մասին է վկայում նաեւ այն, որ հանրությունն այդ համաժողովի մասին իմացավ ԱԱԾ տարածած վերոնշյալ հաղորդագրությունից: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ԱԱԾ-ն որտեղի՞ց գիտի, թե ի՞նչ է հնչել սույն, իրենց իսկ վկայությամբ, փակ համաժողովում: Էականը տվյալ դեպքում այն էլ չէ, թե այնտեղ իրոք հնչե՞լ են ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված կոչեր, թե՞ ոչ: Պարզապես ուշադրություն դարձրեք հետեւյալ անհեթեթության վրա. քրեական գործ է հարուցվել փակ համաժողովի ընթացքում արված ինչ-որ «հրապարակային կոչերի» առնչությամբ: Փաստորեն, եթե դուք մի օր ձեր մի քանի հարեւանների հետ նրանցից մեկի տանը «փակ համաժողով» անեք, որի ընթացքում հայհոյեք իշխանություններին ու կարծիք հայտնեք, թե պետք է դրանց բոլորին, ասենք, «գյուլլել», դուք կարող եք ձերբակալվել ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով: Այսպիսով, ՀՀ հարգելի բնակիչներ, զգույշ եղեք եւ նույնիսկ ձեր տանը ձեր զոքանչի ներկայությամբ իշխանությունների հասցեին թթու խոսք չասեք, թե չէ կարող է չափն անցնեք ու ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչ անեք:
Հ.Գ. Երեկ երեկոյան հայտարարություն էր տարածել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, ուր ասվում է. «Հիմնազուրկ, մտացածին պատճառաբանությամբ ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Արցախյան ազատամարտի նվիրյալ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա մի քանի զինակիցներ: Դա թերեւս գործող վարչակարգի պատկերացրած ժողովրդավարության ցայտուն վկայություններից մեկն է: «Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է եւ վճռականորեն դատապարտում է օրենքի անունից կատարվող ապօրինությունը, ինչը մոտեցող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ իր շրջանակներն ընդլայնելու միտումներ է դրսեւորում` վերահաստատելով խուճապի մեջ հայտնված իշխանակարգի հոգեվարքը»: