Պարտքը քիչ չէ, բայց լավն է

13/12/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայաստանն ունի լավագույն վարկային պորտֆելը՝ իր հարեւան երկրների համեմատ։ Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց

ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 2006թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1 միլիարդ 168 մլն դոլար, ներքին պարտքը՝ մոտ 60 մլրդ դրամ։ Ըստ Ա. Մարգարյանի, կանխատեսվում է, որ տարեվերջին արտաքին պարտքը կկազմի 1 միլիարդ 261 մլն դոլար, իսկ հաջորդ տարի՝ կավելանա մոտ 100 միլիոնով՝ կազմելով 1.369 միլիարդ դոլար։

Պետական պարտք /ՀՆԱ հարաբերակցությունը 2006թ. վերջին կկազմի 21%, իսկ 2007-ին՝ 17%։ Այդուհանդերձ, մենք դասվում ենք ցածր վարկային բեռ ունեցող երկրների շարքին։ Ա. Մարգարյանը տեղեկացրեց, որ օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ ուսումնասիրություն է անցկացվել, եւ ստացվել է այսպիսի արդյունք՝ զարգացման լավագույն (երկնիշ աճ, արտահանման ավելացում) եւ վատագույն (2.5-3% տնտեսական աճ, արտահանման կրճատում եւ այլն) սցենարների դեպքում Հայաստանը 2025թ., միեւնույն է, չի հայտնվի վարկային ծանր բեռ ունեցող երկրների շարքում։

Ա. Մարգարյանը լրագրողներին կոչ արեց ուշադրություն դարձնել ոչ միայն պարտք/ՀՆԱ հարաբերակցության չափի վրա եւ համեմատություններ անել միայն ըստ դրա, այլ ուշադրություն դարձնել պարտքի սպասարկման պայմաններին։ Դրանց մեծ մասը, ինչպես նշեց Ա. Մարգարյանը, տրվել են շատ արտոնյալ պայմաններով, եւ առաջին 10 տարիների համար մարում չեն նախատեսել։

Սակայն պարզվում է՝ միշտ չէ, որ այդպես է եղել։ Մենք մեր նորանկախ պետության առաջին ֆինանսական քայլերը սկսել ենք ոչ թե մաքուր էջից՝ «զրոյական տարբերակով» (այսինքն` զրոյական արտաքին պարտքով), այլ բավական վատ պայմաններով՝ մի վարկով։ «Իրականում «զրոյական տարբերակ» արտահայտությունը բոլորվին ճիշտ չի արտահայտում այն, ինչ իրականում եղել է»,- գտնում է Ա. Մարգարյանը։ Նա տեղեկացրեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն իր վրա վերցրեց ԽՍՀՄ բոլոր պարտավորությունները, բայց առաջին ու վերջին նախագահ Մ. Գորբաչովը ԵՄ-ի հետ ստորագրեց պարենային վարկի մի պայմանագիր, որը համամասնորեն բաժանվեց բոլոր 15 երկրների միջեւ։ Բոլորը ստացան Եվրամիության տրամադրած այդ վարկից որոշ բաժին։ Հայաստանի համար դա կազմում էր 58մլն էքյու, (70 մլն դոլարից քիչ ավելի)։

2 մասնաբաժնով (1992 եւ 1993թթ.) ստացված այդ վարկը, ըստ պրն Մարգարյանի, մինչեւ օրս Հայաստանի Հանրապետության ներգրաված ամենավատ պայմաններով եւ ամենածանր վարկային պայմանագիրն էր։ «Դրանից առաջ եւ հետո Հայաստանը չի ունեցել մայր գումարի միանգամյա մարումով վարկային պայմանագիր… Հետո վարկեր վերցվեցին Ռուսաստանից եւ Թուրքմենստանից։ Այս 3 սյուժեները՝ Եվրամիության, Ռուսաստանի եւ Թուրքմենիայի, ամենածանրն են եղել Հայաստանի պետական պարտքի պորտֆելում»,- նշեց Ա. Մարգարյանը։

Ընդ որում, ներգրավման պահին արդեն պարզ է եղել, որ հնարավոր չի լինելու մարել վարկը՝ ըստ պայմանագրի ժամանակացույցի։ Սակայն, ըստ Ա. Մարգարյանի, Հայաստանն այն ժամանակ այլ ելք չուներ։ «Գոյատեւման խնդիր կար, եւ վարկերը չներգրավելն էլ երեւի մահացու էր մեզ համար։ Ընտրություն, փաստորեն, չունեինք»։

Որպես հետեւանք, 1997-1998թթ. մեր պետական պարտքի պորտֆելն արդեն շատ վատն էր։ Ա. Մարգարյանի խոսքերով, եղել են մարման այնպիսի պիկեր, որ կառավարությունն ի վիճակի չէր լինի կատարել մարումները. «Եվ սկսվեց բանակցային գործընթացը՝ 3 ուղղություններով։ Նպատակն էր՝ վարկերը վերաձեւակերպել, ինչ-որ նորմալ վիճակի բերել, որպեսզի կարողանանք չկորցնել պարտաճանաչ վարկառուի համբավը եւ առանց լրացուցիչ ճնշումներ գործադրելու բյուջեի վրա՝ կատարենք մարումները»:

Վարչության պետի խոսքերով, 1994-1995թթ. հետո, երբ պետությունն արդեն ունեցավ առանձնացված բյուջե, անդամակցեց միջազգային ֆինանսական կազմակերպություններին, հնարավոր դարձավ ավելի նորմալ պայմաններով արտաքին միջոցներ ներգրավել։ Դրանք հիմնականում Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած վարկերն են, որոնք, ըստ Ա. Մարգարյանի, շատ արտոնյալ պայմաններով վարկային ծրագրեր են։

Իսկ եթե ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի վարկերն այդքան արտոնյալ են եւ գրավիչ, ինչո՞ւ է Ռուսաստանը ձգտում շուտ մարել նախկինում վերցրած վարկերը, իսկ նոր վարկերից հրաժարվում է։ Ա. Մարգարյանը գտնում է, որ Ռուսաստանը մարում է ներգրավված վարկերը, քանի որ բավականաչափ ռեսուրսներ ունի դրա համար։ Իսկ նոր վարկեր չի ներգրավում, որովհետեւ համաձայն չէ իրականացնել որոշ քայլեր, որոնք նրան կպարտադրվեն վարկ վերցնելու դեպքում։ Թե որոնք են այդ անցանկալի քայլերը, որոնք ստիպում են անել միջազգային կառույցները, Ա. Մարգարյանը չնշեց։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին պարտքին, ապա այն կազմում է ավելի քան 58 մլրդ դրամ։ Հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը 7 միլիարդի չափով փակվելու է ներքին պարտքի հաշվին։ Ա. Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ տարվա հունվարին կթողարկվեն նոր՝ խնայողական պարտատոմսեր։ Դրանք նախատեսված կլինեն ոչ թե ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, այլ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար, եւ կտեղաբաշխվեն ոչ թե աճուրդների, այլ ուղղակի վաճառքի միջոցով։ Արժեկտրոնային այդ պարտատոմսերի ժամկետայնությունը կլինի 3 ամսից մինչեւ 25-30 տարի, սակայն սկզբնական շրջանում դրանք կթողարկվեն 9 ամիս եւ 1 տարի մարման ժամկետով։

Եկամտաբերությունը որոշելու համար հիմք է հանդիսանալու նույն ժամկետայնությամբ բանկային ավանդների միջին տոկոսադրույքը, որը ներկայումս կազմում է

7-7.5%։ Ա. Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենց պարտատոմսերի տոկոսադրույքը մի փոքր ավելի ցածր կլինի միջին տոկոսադրույքից։ Դա պայմանավորված է նրանով, որ պարտատոմսերից ստացված եկամուտը, ի տարբերություն բանկային ավանդի, չի հարկվում։ Եվ, բացի այդ, պետությունը չի ցանկանում մրցակցության մեջ մտնել բանկային համակարգի հետ։ Այսինքն, վարկային ավանդներն ավելի մեծ եկամտաբերություն են ունենալու, քան պետական խնայողական պարտատոմսերը։ Մյուս կողմից, պետական պարտատոմսի երաշխավորը պետությունն է՝ իր ողջ ակտիվներով։ Ճիշտ է, մարդիկ պետությանը գումար վստահելու հարցում դեռ այնքան ակտիվ չեն, որքան խորհրդային ժամանակներում, սակայն միեւնույն է՝ պետության նկատմամբ վստահությունն ավելի մեծ է, քան առեւտրային բանկերի։

Այլ կերպ ասած՝ միջին խնայողություններ ունեցող ՀՀ քաղաքացին պետք է ընտրություն կատարի ավել գումարի եւ ռիսկի միջեւ։