Մարդուն հասարակությունից մեկուսացնելու կամ ազատությունից զրկելու համար Հայաստանում բոլորովին պարտադիր չէ, որ տվյալ մարդը հանցանք կատարած լինի, կամ էլ նրա մեղքն ապացուցված լինի: Բավական է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները որոշեն, որ նա պետք է կալանավորվի, մեր իրավապահ մարմինները հարմար պատճառներ գտնելով՝ այդ որոշումն իրագործում են:
Իսկ դատական մարմիններն էլ ավարտին են հասցնում պաշտոնյաների ու իրավապահ մարմինների սկսած սեւ գործը: Նման «անցանկալի» մարդկանց թվին են պատկանում «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանն ու տնօրեն Արամ Ղազարյանը, որոնք կալանավորված են դեռեւս 2005թ. հոկտեմբերի 11-ից: Ընկերության ներկայացուցիչները համոզված են, որ իրենք անցանկալի են Մաքսային պետական կոմիտեի ու նրա ղեկավարների համար: Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիան» դատական պրոցեսների մեջ է դեռեւս 2004 թվականից, երբ պաշտոնապես հայտարարել էր, թե Մաքսային կոմիտեն իրենցից կաշառք է պահանջում: Այդ մեղադրանքից հետո միանգամից մի քանի գերատեսչություններ սկսեցին զբաղվել ընկերության գործունեությամբ: Իսկ 2005թ. գարնանն ԱԱԾ-ում հարուցվեց քրեական գործ, եւ մի քանի ամիս հետո՝ հոկտեմբերի 11-ին, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով կալանավորվեցին ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանն ու Արամ Ղազարյանը: Այս մասով տուժող է հանդես գալիս «Ռոյալ Արմենիայի»՝ սուրճի նախկին մատակարար «Ֆեդերալ ինվեստմենթ գրուպ» ընկերությունը, որի տնօրեն է ամերիկահայ Վաչե Պետրոսյանը: Մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) ԱԱԾ-ին փաստաթղթեր էր տրամադրել այն մասին, թե իբր «Ռոյալ Արմենիան» փաստաթղթեր է կեղծել:
2004-2005թթ. դատավարությունները հիմնականում քաղաքացիական էին, որոնք կասեցվել են մինչեւ այս՝ քրեական դատավարության ավարտը, որտեղ ընկերության ղեկավարները մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու եւ ՄՊԿ-ին սխալ «ինվոյսներ» ներկայացնելու մեջ: Իսկ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում շարունակվեց Գ.Հակոբյանի եւ Ա.Ղազարյանի՝ քրեական գործով դատական նիստը: Դատարան էին բերվել ընկերության կալանավորված ղեկավարները: Դատական նիստի հենց սկզբից «Ֆեդերալ ինվեստմենթ գրուփ» ընկերության շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավոր Պարգեւ Օհանյանին հայցադիմում ներկայացրեց ընդդեմ «Ռոյալ Արմենիայի»:
«Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին մեղադրանք է հարուցվել այն բանի համար, որ նրանք հանցավոր համաձայնությամբ ստեղծված կազմակերպված խմբի կազմում «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ մատակարար ամերիկյան «Ֆեդերալ ինվեստմենթ գրուպ» ընկերության կողմից կազմված եւ «Ռոյալ Արմենիա» ընկերության հասցեով ուղարկված 1 օրինակ բնօրինակ հաշիվ-ապրանքագրերը եւ դրանցում նշված տվյալները փոխելու արդյունքում խաբեությամբ հափշտակել են 1 մլն 5825 դոլարին համարժեք դրամ»,- նշված է հայցադիմումի մեջ:
Փաստորեն, այս հայցով «Ֆեդերալ ինվեստմենթ» ընկերությունը դատարանին խնդրում է «Ռոյալ Արմենիայից» հօգուտ իրենց 1 մլն 5825 դոլար կամ մոտ 553 մլն 204 հազար դրամ բռնագանձելու մասին որոշում կայացնել: Այս հայցադիմումից հետո դատարանին երկու միջնորդություն ներկայացրեց նաեւ Գ.Հակոբյանի եւ Ա.Ղազարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը: Առաջին միջնորդությամբ Կ.Գրիգորյանը դատարանին խնդրում էր իր պաշտպանյալների նկատմամբ կիրառել «այլընտրանքային խափանման միջոց», այսինքն՝ որոշակի գրավի դիմաց նրանց կալանքից ազատել մինչեւ քրեական գործի դատավարության ավարտը: Դատավոր Պարգեւ Օհանյանը հետաձգեց այս միջնորդության քննարկումն այն պատճառով, որ նշված չէր գրավի չափը: Նա նաեւ ներկաներին հուշեց, որ կարող է, գրավի համար այնպիսի գումար սահմանվի, որ «Ռոյալ Արմենիա» ընկերությունը չկարողանա վճարել: Երկրորդ միջնորդությամբ խնդրվում էր մեղադրյալներին եւ նրանց պաշտպանին հնարավորություն եւ 7 օր ժամանակ տալ ծանոթանալու համար իրենց քրեական գործի նյութերի բնօրինակի հետ: «Ես ծանոթացել եմ այդ նյութերի պատճենի հետ եւ չգիտեմ, թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը,- դատավորին ասաց «Ռոյալ Արմենիայի» նախագահ Գագիկ Հակոբյանը: -Որոշ էջեր համարակալված չէին եւ շատ էջեր գտնվում էին այնտեղ, որտեղ որ չպետք է գտնվեին»:
Երկրորդ միջնորդությունը բավարարվեց եւ նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 29-ը: Հիշեցնենք, որ անցած՝ նոյեմբերի 17-ի դատավարության ժամանակ դատավոր Պ. Օհանյանը բավարարեց ընկերության մեկ այլ միջնորդություն՝ մաքսային պահեստում գտնվող՝ «Ռոյալ Արմենիայի» 115 տոննա սուրճի վրայից հանելով կալանքի որոշումը: Դեռեւս սեպտեմբերից Մաքսային կոմիտեն բռնագրավել էր այդ սուրճը եւ ընկերությանը թույլ չէր տալիս այն մաքսազերծել ու ստանալ: Այդ պատճառով «Ռոյալ Արմենիան» տարվա վերջում հայտնվելու էր պարապուրդի մեջ եւ պետք է ազատեր իր 48 աշխատակիցներին: Երեկ ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանը տեղեկացրեց, որ բավականին ուշացումով, բայց, ի վերջո, կարողացել են մաքսազերծել ու ստանալ սուրճը, եւ իրենց աշխատողներին ազատելու վտանգ առայժմ չկա: