Ինչո՞ւ եկեղեցու զանգերը չեն հնչում

13/12/2006 Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Մենք, որ հոգեւոր եւ մտավոր մեծ ներուժ ունեցող ժողովուրդ ենք, ինչո՞ւ ենք այսպես խարխափում մեր ճանապարհին, կարծես կորցրել ենք փարոսը:

Եթե տնտեսական աճը մեքենաների ավելացումն է փողոցներում եւ ռեստորանների ու բարձրաճաշակ խանութների առատությունն է, ապա դա տեսանելի է առանց վիճակագրական տվյալների: Բայց տեսանելի է նաեւ, որ այդ բոլոր ծրագրերը՝ տնտեսական, քաղաքաշինական, թե այլ, հենված են նեղ, շատ նեղ եւ կարճատես անձնական շահի վրա: Հակառակ դեպքում չէին ավերվի այգիներն ու մայթերը, օդակայանից դեպի քաղաք գալիս առաջին տպավորությունը երկրից չէր լինի կազինոն, անդեմ, բարձրահարկ շենքեր չէին կառուցվի քաղաքի ամենակենտրոնում` շնչահեղձ անելով այն՝ աղճատելով դիմագիծը, եռապատկելով բնակչության թիվը եւ մեքենաների քանակը՝ առանց նախատեսելու այն նոր ճանապարհները, որոնցով պետք է երթեւեկեն դրանք: Միեւնույն ժամանակ, այդ կենտրոնաձիգ քաղաքականության հետեւանքով ամայանում են երկրի ծայրամասերը: Մեզնից հետո ջրհեղե՞ղ:

Հետաքրքիր է, այդ ո՞վ է ասել, որ մենք խելացի ժողովուրդ ենք: Խելացի ժողովուրդը սիրում է ինքն իրեն եւ չի ապականում այն ջրհորը, որից ջուր է խմում, եւ նաեւ սովորում է ուրիշների սխալների վրա եւ ոչ թե մոլեռանդորեն կրկնում է դրանք:

Առողջապահության կամ կրթության ոլորտներում ամեն մի նոր բարեփոխումից հետո ուզում ես հարցնել՝ իսկ նպատակը ո՞րն էր: Այդ ծրագրերի արդյունքում լուծվում են բազմաթիվ հարցեր, բայց ոչ մի էական՝ ազգային կամ հանրային նշանակության հարց: Միգուցե դրանք այն ոլորտնե՞րը չեն, որ արժե այդ տեսանկյունից կարեւորել:

Այս փոքր հանրապետությունում, որտեղ ստվերային բյուջեն բոլորովին փոքր չէ, ոչ մի կերպ չենք կարողանում լուծել բնակչության ամենակենսական սոցիալական խնդիրները: Ոլորտի կառավարումն այնպիսի խորը իմիտացիոն դաշտ է մտել, որ աճպարարություն է հիշեցնում` եւ դա արվում է լուրջ, շատ լուրջ դեմքի արտահայտությամբ: Գործ ոչ թե անելով, այլ ցույց տալով եւ գովասանքներ ստանալով՝ ուզում ենք պետությո՞ւն կառուցել: Կառուցում ենք, իհարկե, սակայն պետություն էլ կա, պետություն էլ:

Երբ մարդիկ, որոնք նշանակված են, իրավասու են, կոչված են տարբեր բնագավառներում որոշումներ կայացնել ի շահ հասարակության` առաջնորդվում են անձնական շահով, այլեւս այդ հակասությունից բխող հետեւանքները չպետք է զարմացնեն ոչ ոքի: Այդ լույսի տակ ամեն ինչ դառնում է պարզ եւ հասկանալի. Սեւանա լճի բարձրացումն ու իջեցումը, դոլարի կուրսի վայրէջքներն ու վերելքները, սոցիալական ուղղվածությամբ բյուջեն եւ հասարակության սոցիալական բեւեռացումը, էժան վաճառքի հանված հանրային սեփականությունը եւ տնտեսությունը, օտար երկրներ մարմնավաճառության ուղարկվող կանայք եւ աղջիկները եւ այնտեղից Երեւան եկող եւ բանկային մի քանի հաշիվների վրա կուտակվող դրամական փոխանցումները, մեծ փոխանցումները եւ այդ հաշվեհամարների տերերի մեծ խնջույքները, որտեղ նրանք պարտադիր խմում են հայ ժողովրդի կենացը եւ նաեւ կանանց կենացը…

Բայց չէ՞ որ ոչինչ պատահական չէ, եւ միգուցե դա է մեր էությունը, միգուցե իսկապես հայրենասիրության պակաս կա, շատ պակաս, որը միայն անձնական շահի գերակայությամբ չէ, որ արտահայտվում է, այլեւ մեր նախասիրություններով՝ օտարալեզու ազդագրերը, հեռուստաէկրանից չբացակայող պորտապարն ու ամերիկյան ցածրակարգ ֆիլմերը, մեծամասամբ աղավաղված եւ անդեմ մեր այսօրվա արվեստը, որն իրենք` արվեստագետները չգիտեն, թե ինչի շարունակությունն է, թե ո՞րն է, ի վերջո, հայկական արվեստը` որպես տեսակ, ոճ, դպրոց: Իսկ անդրադարձե՞լ ենք արդյոք, թե ինչ ծրագիր է ուսուցանվում Երեւանի Գեղարվեստի ակադեմիայում, եւ դեռ զարմանում ենք, թե ինչո՞ւ Առնո Բաբաջանյանի արձանը չի ստացվել: Թե այդ ո՞ր հիմքի վրա պետք է ստացվեր, ո՞ր կրթության: Ոչ ազգային արվեստ չի լինում, պարզապես գոյություն չունի այդպիսի երեւույթ: Բայց մեր արվեստագետները չեն ստացել այդ կրթությունը, նրանք ունեն ձիրք, երբեմն տաղանդ, որով ստեղծագործում են, բայց արվեստն ավելին է, քան ստեղծագործություն:

Նորարարությունը հենվում է ավանդույթի վրա, հենակետ ունենալով է, որ կարող ես առաջ գնալ: Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ, բայց ամենից շատ հայտնագործություններ գիտության եւ այլ ասպարեզներում արվել են պահպանողականությամբ հայտնի Անգլիայում: Որպեսզի ծառը աճի, նախեւառաջ, պետք է կտրված չլինի արմատից: Մենք երկիր ենք ուզում կառուցել` չիմանալով` ինչի՞ վրա ենք հենվում, ինչի՞ց ենք սնվում, անվերջ քանդելով եւ տեղը նորը կառուցելով: Երեւանի հազարամյակների պատմությունից ենք խոսում, բայց հարյուրամյա քաղաք էլ չունենք, իսկ Էրեբունի թանգարան ավելի լավ է չմտնել` այնքան խղճալի վիճակում է:

Մշակույթի ոլորտը բարդ է եւ նուրբ, եւ, իհարկե, խնդրի կարեւորությունն ամբողջությամբ չի գիտակցվում: Մեր անկախության հռչակման առաջին իսկ օրերից, ինչպես հարկն է, չի գիտակցվել մշակույթի դերը հենց այդ անկախ պետականության կայացման համար: Ուրեմն, փաստորեն, չի գիտակցվել, ըստ էության, թե ի՞նչ ասել է անկախ պետություն:

Այս թվարկումը ոլորտ առ ոլորտ կարելի է շարունակել, եւ որեւէ բացառություն չի լինի, որովհետեւ մտայնությունը նույնն է:

Մի հին անեկդոտ հիշեցի. «Տերտերին հարցնում են` ինչո՞ւ եկեղեցու զանգերը չեն հնչում, ասում է՝ պատճառները շատ են, առաջին պատճառն այն է, որ զանգակատունը զանգ չունի… »:

Առաջին պատճառը, որ Նորին մեծություն նպատակը, որը պետք է համընդհանուր երազանքի ձեւակերպումը լինի եւ իրեն ծառայեցնի բոլոր միջոցները` մագնիսի նման դեպի իրեն ձգելով եւ համախմբելով դրանք, մեծամասամբ աղոտ է կամ արհեստական է եւ կամ ծառայում է անձնական կամ կուսակցական եւ կամ խմբային շահերին: Կամ` բոլորը միասին: Իհարկե, բոլորը միասին: Այդպես օրենքները գրվում են եւ հաստատվում են շատ հաճախ մի քանի մարդկանց համար, այդպես ծրագրերը մշակվում են, հաստատվում են եւ իրականացվում՝ մի քանի անձանց համար, եւ բնական է, որ դրան էլ հարմարեցվում է կադրային քաղաքականությունը: Եվ հենց այդ հարմարեցված կադրերի միջոցով վերարտադրվում են պետական ինստիտուտները եւ ըստ ոլորտների ձեւակերպվում այն բոլոր նպատակները, որոնք բրգաձեւ պետք է տանեն դեպի վերին նպատակը` հասարակության բարօրությունը: Ահա այստեղ է, որ շղթան կտրվում է: Անգամ ազնիվ նպատակը, գեղեցիկ ծրագրերը մարդը կարող է այլասերել եւ ծառայեցնել հակառակ նպատակների, ուր մնաց, երբ ի սկզբանե աղավաղված է:

Ինչո՞ւ է այդպես: Կա պարզ եւ բոլորին հայտնի պատասխան՝ որովհետեւ հիմքում բարոյականությունը չէ: Առաջնորդվելով երկակի ստանդարտներով` մենք ինքնախաբեության մեջ այնքան ենք խորացել, որ այլեւս կորցրել ենք ելակետը: Քրիստոնյա ժողովուրդ ենք` առանց ընդունելու քրիստոնեության բարոյական կոդեքսը որպես կրթության եւ կեցության հիմք, ժողովրդավարական պետություն ենք կոչվում, բայց դա, ինչպես մի դիմակ, որը ժամանակ առ ժամանակ կրում ենք Եվրախորհրդին կամ ՄԱԿ-ի ինչ-որ կառույցներին իբր մոլորեցնելու համար, բայց իրականում քայքայելով ինքներս մեզ, մեր պետական համակարգը, որովհետեւ պետական եւ հասարակական ինստիտուտները չեն կարող ամուր կառույց ունենալ, երբ նախագիծն ու շինությունը միմյանց չեն համապատասխանում: Իսկ այդ ինքնուս եւ ավանտյուրիստական շենքում, որն առաջին իսկ ուժեղ ցնցումից կարող է փլվել, մենք ենք ապրելու եւ մեր երեխաները եւ ոչ թե մեզ վերահսկող մեկ այլ ժողովուրդ:

Փիլիսոփայությունն անհուն մի գիտություն է. կարդում ես մատերիալիստներին, մտածում ես` իհարկե, ճիշտ են, իհարկե, կեցությունն է որոշում գիտակցությունը: Կարդում ես իդեալիստներին՝ չես կարողանում չհամաձայնվել, որ վերջին հաշվով ի սկզբանէ միտքն էր, գաղափարը, երազանքը…

Այո, միգուցե մենք կորցրել ենք գեղեցիկ հայրենիք ունենալու մեր երազանքը, որը որպես միասնական նպատակ միավորում է ժողովրդին եւ դարձնում ազգ:

Իսկ պետությունը, որը միջոց է այդ նպատակին հասնելու համար` ապահովելու մեր բարօրությունն եւ անվտանգությունը, պահպանելու ազգային ինքնությունը, եթե չի իրագործում այդ ամենը, որպես միջոց դառնում է ավելորդ եւ վնասակար, ուռճացած մի օրգանիզմ, որն, իր հիմնական ֆունկցիաները չկատարելու եւ նյութափոխանակության խանգարման պատճառով, գնալով ավելի է ճարպակալում եւ, ի վերջո, քայքայվում է ներսից:

Մովսես Խորենացու «Ողբից» մինչ այսօր մենք մեկ անգամ չէ, որ պետականություն ենք կորցրել: Ինչո՞ւ ինքներս մեզ չենք հարցնում՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք վախենում ճշմարտությունից, (գրախանութներից մեկ օրում այնքան կազմակերպված կարող են անհաճո ճշմարտությամբ գրքերը վերացվել, որ զարմանալ կարելի է), ինչո՞ւ երբեք չենք մեղադրում մեզ, չենք փորձում գտնել մեր սխալները, վերլուծել եւ փորձել չկրկնել դրանք: Խոսքը ոչ թե առանձին ուսումնասիրությունների, այլ որպես պետական քաղաքականություն՝ ազգային ինքնաճանաչողության մասին է:

Գլոբալիզացիայի մարտահրավերներով 21-րդ դարն առանց պատերազմի ազգային պետականությունը կորցնելու դարաշրջան է: Ոչ թե իրավաբանորեն, այլ փաստացիորեն կորցնելու ժամանակաշրջան է, երբ անունը կլինի, բայց ամանում չի լինի: Եվ դա վերաբերում է բոլոր այն պետություններին, ովքեր չեն գիտակցում այդ վտանգը: 85 տարի առաջ Սովետական Միության կազմավորման առնչությամբ այդ երկրի ղեկավարը գրել է. «Ինչպես կաթով լիքը բաժակի մեջ ճանճերն են հաճույքով խեղդվում, այդպես էլ տարբեր ազգությունները կխեղդվեն այս Միության սահմաններում»: Սովետական Միության էքսպերիմենտը, իր լավ եւ վատ կողմերով, տապալվեց, բայց այսօր կան նորերը:

Այս նոր՝ բաց սահմանների, արբանյակային հեռուստատեսության, ինտերնետի ժամանակաշրջանում, բոլորս գիտենք, որ ազգային անվտանգությունն այլեւս միայն ուժեղ բանակը չէ, քանի որ միշտ կան ավելի ուժեղ բանակներ, այլ` որքան էլ պարզունակ հնչի, բայց` բարոյականության եւ արդարության վրա հիմնված հասարակությունը, որի հիման վրա կազմավորվում են այն պետական ու հասարակական ինստիտուտները, որոնք ի սկզբանէ պատրաստ են եւ ի վիճակի են ապահովելու այդ բազմակողմանի անվտանգությունը: Իսկ բարոյականության հիմքում խիղճն է եւ սերը, որն ի վերուստ տրված պարգեւ է: Ամեն մեկը չէ, որ կարող է սիրել, ցավոք սրտի: Նրանք, ովքեր սիրում են, երջանիկ ընտրյալներ են, նրանք, ովքեր ունակ չեն սիրելու, այդ պակասը լրացնում են ընչաքաղցությամբ, ատելությամբ, ագրեսիայով եւ նախանձով, ընդ որում՝ նրանց հանդեպ, ովքեր կարող են սիրել: Մարդկության ամբողջ պատմությունն իր լուսավոր եւ մութ էջերով՝ դրա ապացույցն է:

Երկիրը պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր սիրելու ունակություն ունեն, եւ սիրո այդ շրջանակի մեջ է նախեւառաջ հայրենիքը` իր մարդկանցով, իր բնությամբ, իր անցյալով, եւ … ապագայով: Սա` որպես նվազագույն պայման:

Հայրենասիրության մասին օրենք չկա, բայց ուժեղ է այն հասարակությունը, որն ունի բարոյական արժեքների վրա հիմնված չգրված օրենքների կուռ համակարգ, եւ այդ համակարգում հայրենիքի հանդեպ սերը մարդկային առաքինությունների շարքում կարեւորներից է: Ժողովրդական պատումները մեծ իմաստություն ունեն իրենց մեջ. արքայադուստրն ընտրություն կատարելուց առաջ փորձության է ուղարկում փեսացուներին, որպեսզի համոզվի, թե ո՞վ է իսկապես սիրում իրեն, իսկ ով՝ ձեւացնում, թե սիրում է: Թագավորը, որպեսզի ժառանգությունը փոխանցի երեք որդիներից մեկին, դարձյալ ուղարկում է նրանց փորձության եւ դրանից հետո է միայն որոշում, թե ո՞ւմ կարելի է վստահել երկրի բախտը:

Իսկ ի՞նչ ենք անում մենք…