Թերեւս չենք սխալվի, եթե ասենք, որ այսօր մոդելային բիզնեսն այն եզակի բնագավառներից է, որ բավական արագ տեմպերով զարգանում է Հայաստանում: Ու չնայած հայտնի մոդելավորողների հավաստմամբ՝ դեռ շատ հեռու ենք պրոֆեսիոնալ կոչվելուց, այնուամենայնիվ, հայկական մոդելային բիզնեսի մեջ կա մի բան, որ հատկապես գրավում է օտարերկրյա մասնագետներին, եւ վերջիններս էլ սկսում են որոշակի ներդրումներ անել այս ոլորտում:
Լանան՝ Սվետլանա Ֆյուքսը, ազգությամբ ուկրաինուհի է, ծնվել է Օդեսայում, սակայն 8 տարեկանից ապրում է Լաս Վեգասում: Լանան ISIS մոդելային տան նախագահն է: Մեկ տարի է, ինչ ISIS-ը հայաստանյան մասնաճյուղ ունի եւ նպատակ ունի զարգացնել հայկական նորաձեւությունը՝ որպես բիզնես: Ունենալով քաղաքագետի մասնագիտություն, բալետային արվեստի անցյալ, այսօր զբաղվում է բիզնես մենեջմենթով: Լանան մշակել է մի տեխնոլոգիա, որով ոգեւորում է մոդելավորողներին, եւ վերջիններս իր ստեղծած պիտակի՝ ISIS-ի ներքո պատրաստում են տարբեր տեսակի հագուստներ: «Հայաստանում հանդիպել եմ շատ տաղանդավոր երիտասարդների,-մեր հանդիպման ժամանակ ասաց Լանան,- ես օգնում եմ այս տաղանդավոր մարդկանց՝ ներկայացնել իրենց ստեղծած արտադրանքը, ճիշտ մատուցել այն: Այս գործում շատ կարեւոր է ստեղծագործող լինելը, եւ Հայաստանում քիչ չեն այդպիսիները: Բայցեւայնպես, հայ մոդելավորողները դեռեւս պատրաստ չեն լավ ներկայացնել-մատուցել իրենց ստեղծածը»: ISIS-ի պիտակով հագուստները վաճառվում են բավական թանկ գներով: Օրինակ, մեկ բլուզը կարող է արժենալ 350-400 դոլար: Իհարկե, Հայաստանում այսպիսի գնով ապրանքի գնորդները շատ չեն, այդ իսկ պատճառով ISIS-ի արտադրանքի 99%-ը վաճառվում է արտերկրում, մասնավորապես՝ Լաս Վեգաս, Օդեսա, Մոսկվա քաղաքներում, որտեղ արդեն կան ISIS-ի խանութ-բուտիկներ: Ի դեպ, մի կարեւոր հանգամանք, հագուստները «MADE IN ARMENIA» պիտակով են վաճառվում, ինչին հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս: Ակնկալվում է, որ շուտով Հայաստանում ISIS-ը կունենա իր բուտիկը: Թեպետ Լանան հասկանում է, որ այստեղ՝ Հայաստանում, այնքան էլ հեշտ չի լինի զբաղվել հագուստի մոդելավորման բիզնեսով: «Հայաստանը շատ եմ սիրում,- ասում է Լանան,- հենց օդանավից իջա ու սիրեցի: Մինչեւ գալս էլի լսել էի հայերի մասին, քանզի դայակս հայ է եղել»: Ըստ Լանայի՝ հայ աղջիկներն ինքնատիպ են, ունեն իրենց «շիկը», համաձայն չէ այն մտքի հետ, որ վերջիններս բարդույթավորված են, պարզապես պետք է փոքր-ինչ փոխել աշխատանքի ուղղությունն ու մոտեցումը: «Ցավոք, հայ մոդելյորներից շատերը ստեղծագործելիս մտածում են էժան միջոցների մասին, օգտագործում են էժան նյութեր, որպեսզի հեշտ վաճառվի, իսկ ես ուզում եմ, որպեսզի նրանք չմտածեն հագուստի վաճառքի մասին, վաճառելը իմ գործն է, նրանք պետք է միայն ստեղծագործեն»,- ասում է նա: Լանան մեր դիզայներների գործերից հատկապես հավանում է ձեռքի աշխատանքները, ազգային էլեմենտներով հագուստները, եւ նրա կարծիքով՝ «Հագուստը պետք է լինի սեքսուալ, բայց ոչ վուլգար»:
Այս տարի սեպտեմբերի 17-ին Լաս Վեգասում ISIS-ը կազմակերպելու է մի շոու, որին մասնակցելու են 14-15 դիզայներներ՝ տարբեր երկրներից, այդ թվում՝ երեքը Հայաստանից: Շոուին, որը կազմակերպում է «Շարմ» ընկերությունը, կմասնակցեն նաեւ հայ երիգիչներից մի քանիսը: Իսկ «Շարմը» դեռեւս չի ցանկանում բացել շոուի ծրագրի հետ կապված բոլոր գաղտնիքները: Տեղյակ ենք միայն, որ Լաս Վեգասում շոուն կվարեն Հրանտ Թոխատյանն ու հոլիվուդյան հայտնի դեմքերից մեկը:
ISIS-ը, թերեւս, այնքանով է նպաստավոր հայ երիտասարդ դիզայներների համար, որ այն մեծ հնարավորություն է տալիս նրանց՝ ներկայանալ Հայաստանի սահմաններից դուրս ու նոր ճանապարհներ բացել դեպի մեծ ճանաչում: Իսկ Լանայի նման մարդիկ այնքանով են կարեւոր ու հետաքրքիր մեզ համար, որ կարողանում են տեսնել հագուստի մոդելավորման գործում հայ ստեղծագործողների հնարավորություններն ու երեւակայական աշխարհը եւ համարձակություն են ունենում դրանք ներկայացնել աշխարհի մեծ բեմահարթակներում: