Նիժնի Տագիլի գաղութի բանտարկյալ Միխայիլ Տրեպաշկինը բրիտանական «The Sunday Telegraph» թերթին տեղեկատվություն է հաղորդել Ալեքսանդր Լիտվինենկոյի գործի առթիվ։ Բանտարկյալի հաղորդագրությունը փոխանցվել է միջնորդի միջոցով։ Բանտարկյալի ցուցմունքում ասված է, թե «Լիտվինենկոյին թունավորել է Դաշնային հետախուզական վարչության ներկայիս գնդապետը»։ Ըստ Տրեպաշկինի՝ դա հենց Հատուկ ծառայությունների այն աշխատակիցն է, ով 1998թ. նոյեմբերի 18-ին Լիտվինենկոյի հետ մամլո ասուլիսի ժամանակ նստած էր դիմակով։ Տրեպաշկինը թերթին հայտնել էր այդ մարդու անունը, սակայն խմբագրությունն իրավաբանական պատճառներից ելնելով՝ չի հրապարակել այն։ Բանտարկյալը պնդել է, որ ունի իր խոսքն ապացուցող փաստեր, սակայն դրանք կտրամադրի միայն բրիտանական իրավապահ մարմիններին։ Ըստ բրիտանական թերթի՝ Տրեպաշկինին մնացել է 1 տարվա ազատազրկում, սակայն իրենց հետ զրույցում բանտարկյալը մտահոգություն է հայտնել՝ ասելով. «Չի բացառվում, որ այս հայտարարություններից հետո ինձ հենց բանտում սպանեն»։