Արվեստի պահապանները

13/12/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Թանգարանները տարբեր են լինում. պետական, մասնավոր, թեմատիկ, արդիական, կան թանգարաններ, որոնք գրադարաններ կամ արխիվներ են հիշեցնում, քանի որ հիմնական ֆունկցիան համարում են արվեստի գործերի պահպանումը:

Կան թանգարաններ, որոնք ընդհակառակը` փորձում են ուղղորդվել նորաթուխ գաղափարներով ու մոդեռն տեխնիկայով, ցուցադրել նյութերով ստեղծված աշխատանքներ: Թանգարանների ու ցուցասրահների բազմազանությունն ու տարբեր նպատակները ստեղծում են այն մթնոլորտը, որտեղ տեղի է ունենում նկարիչների շփումը, որտեղ հանդիպում են հանդիսատեսն ու նկարիչը, եւ որտեղ հանդիսատեսի մոտ արվեստի գործ գնելու ցանկություն է առաջանում:

Հայաստանում նկարիչները շատ են, միայն Նկարիչների միության անդամների թիվը գերազանցում է հազարը: 1300 անդամ ունեցող Նկարիչների միությունը ոչ միայն չի կարող զբաղվել նկարիչների աշխատանքների վաճառքով, այլեւ չի կարող բոլորին ցուցադրվելու հավասարաչափ հնարավորություն տալ: Սրահներ, դահլիճներ, ցուցահանդեսներ կազմակերպելու սկզբունքներ չկան: Նման սկզբունքներ ունեն մասնավոր ցուցասրահները, որոնք զբաղվում են կոնկրետ մի քանի նկարիչների ներկայացմամբ` «ռասկրուտկայով»: Հայաստանի ինը մասնավոր գալերեաները բավականին լավ ուրվագծված քաղաքականություն ունեն, աշխատում են համախոհ-նկարիչների հետ: Եվ չեն փորձում ստանալ ժամանակակից գեղանկարչության ամբողջական պատկերը, դա նրանց ֆունկցիաների մեջ չի մտնում: Մասնավորին երաշխիքներ են հարկավոր, քանի որ խոսքը սեփական գումարների մասին է: Արվեստի գործերի վաճառքը նախապատրաստական աշխատանք է պահանջում, եւ մասնավոր գալերեաների տերերը որեւէ նկարչի կատալոգները, ալբոմները կամ գովազդն անելուց առաջ պետք է համոզված լինեն, որ նկարիչը կհամագործակցի իրենց հետ: Նկարչին գովազդելով, գալերեաները գովազդում են նաեւ իրենց: Դա շատ նորմալ շուկայական հարաբերություն է: Մասնավոր ցուցասրահների տերերից շատերը համոզված են, որ ինը մասնավոր թանգարանը շատ քիչ է Հայաստանի համար: «Արամե» մասնավոր ցուցասրահի սեփականատեր Արամ Սարգսյանն ասաց, որ մասնավոր թանգարաններն աշխատում են 30-40 նկարիչների հետ, իսկ այդ ցանկում չընդգրկվածները պարզապես ցուցադրվելու տեղ չունեն: «Ես համոզված եմ, որ մասնավոր ցուցասրահները պետք է ավելի շատ լինեն, պետք է լինեն նաեւ արվեստի գործերի աճուրդներ»,- ասաց նա: Այդ կարծիքի հետ համաձայն է նաեւ «Առաջին հարկ» ցուցասրահի տնօրեն Անահիտ Մարտիրոսյանը, ով համոզված է, որ մենք ցուցադրելու շատ-շատ բան ունենք: «Ես միայն ուրախ կլինեմ, եթե ցուցասրահներն ավելանան: Լավ նկարիչներ շատ ունենք, բայց բոլորի հետ աշխատել չենք կարող»,- ասաց նա: Ի դեպ` որպես լիրիկական զեղում, կարելի է ասել, որ Չինաստանում միայն այս տարվա ընթացքում 50 մասնավոր թանգարան է բացվել: Մասնավորի աչքն ու ճաշակը որքան էլ սուբյեկտիվ լինեն, այնուամենայնիվ, շուկա են ձեւավորում եւ շատ մեծ աշխատանք են կատարում` քարոզելով արվեստն ու արվեստի գործերը գնելու ավանդույթներ ստեղծում:

Ժամանակի հետ զուգահեռ

Ակտուալ արվեստի հավաքածուներ ստեղծելը ռիսկային գործ է, քանի որ հետագայում ժամանակը շատ բան իր տեղը կդնի, ու ոչ բոլոր ստեղծագործություններն արժեք կհամարվեն: Մասնավոր գալերեաները նման շքեղություն իրենց թույլ տալ չեն կարող: Բայց նման հավաքածուներ ստեղծելն անհրաժեշտություն է, եւ ոչ միայն այն պատճառով, որ բազմաոճ աշխատանքներում անպայման գլուխգործոցներ կգտնվեն ու այդ գլուխգործոցները կպահպանվեն հաջորդ սերունդների համար: Արվեստը նաեւ իր ժամանակի վկան է, իսկ ժամանակը չի կարելի միայն սուբյեկտիվ չափանիշներով ներկայացնել, պետք է պահպանել ստեղծագործական շերտի ամբողջական պատկերը: Այդ շերտը մի քանի տասնամյակ անց արդեն վերականգնել չի լինի, քանի որ «հաջողակ» նկարիչների հաջող գործերը գնվում են ու հիմնականում Հայաստանից դուրս են գալիս` իրենց հետ տանելով նաեւ այն ենթադրվելիք ու սպասվելիք տպավորությունը, որը կարող էին թողնել հետագա սերունդների վրա: Այսպիսով կորչում է մթնոլորտը:

Անկախությունից ի վեր մեր Ազգային պատկերասրահը նկարիչներից աշխատանքներ չի գնել, նոր նկարները սովորաբար որպես նվիրատվություն են մուտք գործել պատկերասրահ: Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը համոզված է, որ պատկերասրահը հիմնականում պահապանի դեր ունի, իսկ ակտուալ նկարիչների աշխատանքները պետք է ձեռք բերի այն ժամանակ, երբ նրանք արդեն իրենցից արժեք կներկայացնեն: Կենդանության օրոք սեփական կտավներն Ազգային պատկերասրահում տեսնել, այսինքն, հայրենիքում կայուն տեղ զբաղեցնել, երազում են թերեւս բոլոր նկարիչները: Ազգային պատկերասրահն ապագայի համար է աշխատում, իսկ մասնավոր ցուցասրահները` ներկայի: Նկարչին մեկ հարթությունից մյուսը հասնելու համար ցատկահարթակ է պետք: Այդպիսի ցատկահարթակ պետք է լինեն Ժամանակակից արվեստի կենտրոնները կամ թանգարանները: Նկարչի ստեղծագործության արժեքը միայն գումարային էկվիվալենտով չի որոշվում: Այն կարող է նկատվել մեծ ուշացումով, բայց ներկան ու ապագան կապող շատ կարեւոր մի օղակ հանդիսանալ: Արվեստի գործը նկատելու համար այն սկզբում պետք է Հայրենիքում պահպանելու տեղ ունենա: Հաճախ ենք հպարտությամբ նշում, որ Խորհրդային Միությունում առաջինն ենք եղել, ով կարողացել է Ժամանակակից արվեստի թանգարան բացել: Այն բացել կարողացել ենք, պայց պահպանել ու, առավել եւս` զարգացնել, չենք կարողանում: Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի տնօրինության տակ գտնվող թանգարանը պետք է լիներ ակտուալ նկարիչների ցուցադրման վայր, բայց վաղուց արդեն գործում է սուբյեկտիվության սկզբունքով ու նոր աշխատանքներով է համալրվում` հաշվի առնելով տնօրենի նեղ անձնական համակրանքներն ու հակակրանքները: Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը համոզված է, որ այս թանգարանը ցուցադրում է մի անձի ճաշակի գործեր: Եվ այդ պատճառով էլ այդ թանգարանը ոչ ոք իսկապես ժամանակակից ու ամբողջական համարել չի կարող: Այն վաղուց արդեն ժամանակից դուրս ու խիստ նեղ է: Նրա եւ մասնավոր ցուցասրահի տարբերությունը միայն նրանում է, որ Ժամանակակից արվեստի թանգարանում գործերը բացեիբաց վաճառքի չեն դրվում եւ նրանց վրա գնապիտակներ չկան:

Դեկտեմբերի 7-8-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել գիտաժողով, որտեղ քննարկվել են Հայաստանի պետական ու մասնավոր թանգարանների խնդիրները: Գիտաժողովը կազմակերպվել է պետական ու հասարակական ամենաբարձր կառույցների նախաձեռնությամբ: Եվ այդ գիտաժողովից զարմանալիորեն վրիպել են Ժամանակակից արվեստի թանգարանի ներկա ու ապագա նպատակների մասին ներկայացնող հարցերը: Արվեստ-ցուցասրահ կամ արվեստ-պետություն կապը հենց այստեղ պետք է ամրացվի, քանի որ յուրաքանչյուր թանգարան կենդանի օրգանիզմ է, որը, բացի պահպանման ֆունկցիաներից, պետք է նաեւ կարողանա զարգանալ: Եվ եթե մասնավորների ձեռքերը «կապված» են փողային խնդիրներով, ապա պետական թանգարանը պետք է առաջին հերթին ցուցադրի այն, ինչը ժամանակակից է եւ ինչն արվեստ է` գնահատականներ տալու իրավունքը թողնելով հանդիսատեսին, արվեստի գիտակներին ու արվեստի գործերի վաճառքով զբաղվող ագենտներին: Ժամանակի հոսքի հետ զուգահեռ յուրաքանչյուր ժամանակակից արվեստի գործ պատմություն է դառնում, իսկ Ժամանակակից կոչվելու համար թանգարանը պետք է ժամանակն իզուր չվատնի, այլ` փորձի այն կաթիլ առ կաթիլ ամբողջացնել` իր սրահի պատերին կախելով ժամանակի շունչը պարունակող արվեստի գործերը: Թեկուզեւ, այդ շունչը տնօրենի պատկերացումներին հակասում է: