«8-րդ հրաշալիքները»

13/12/2006

Օրերս քննարկվում էր Հանրապետության հրապարակում՝ Լենինի արձանի տեղում որեւէ բան՝ արձան, հարթակ, պատվանդան (որեւէ բան) տեղադրելու հարցը, որի համար մրցութային հանձնաժողովին որոշ ճարտարապետներ ներկայացրել էին խորհրդային մոնումենտալիզմի եւ միջինասիական անճաշակության, Թուրքմենբաշու ճաշակին հարիր ինչ-որ մակետ-նախագծեր: Հանրապետության հրապարակի դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանությունները շահագրգռված այդտեղ որեւէ բան տեղադրել, երբ դրա կարիքն ամենեւին չկա: Ինչպեսեւ կարիք չկար ՀՀ նախագահական նստավայրի շենքի բակում տեղադրել Լեւոն Թոքմաջյանի հեղինակած՝ Տիգրան Մեծի եւ Նոյի անճաշակ ու վատ արված արձանները: Հարցը միայն այն չէ, թե ի՞նչ իմաստ ուներ դրանք տեղադրել նախագահի նստավայրում: Պարզապես ամոթ է՝ գլուխ ենք գովում, թե տաղանդավոր ազգ ենք, կամ թե՝ երբ մենք մշակութային ազգ էինք, մյուսները ծառից ծառ էին թռչում: Բայց Երիտասարդական պալատի դեպքում, որին մեր հասարակությունն արդեն տվել էր իր գնահատականը՝ այն «կրծած կուկուռուզ» կոչելով, զարմանալի է, որ այլեւս արդեն նախկին այդ շենքի մասին խոսելիս Անահիտ Թարխանյանն այն համեմատում է Սարյանի, Սուրենյանցի կտավների հետ: Ավելին, ասում է. «Ինչպե՞ս կարելի է խմբագրել, ասենք, Շոստակովիչին ու որոշ նոտաներ հանել կամ նորերը մտցնել»: Սա Ա. Թարխանյանի կողմից հնչեցրած միակ փայլուն միտքը չէր: Նրա կարծիքով` Հանրապետության հրապարակին արձան է պետք։ Լենինի արձանի պատվանդանի քանդումը նա երեկ ոճրագործություն անվանեց, իսկ պատվանդանը համեմատեց Մայր տաճարի հետ։ Ինչո՞ւ են հայ ճարտարապետներն իրենց ցանկացած մտահղացում հուշարձան կամ մշակութային արժեք անվանում ու հասարակության վզին փաթաթում: Ավելին, նրանք ոչ միայն քաղաքի կարեւոր նշանակության վայրերում են իրենց մտքի «թռիչքները» զոռբայությամբ տեղադրում, այլեւ այդ «գլուխգործոցները» մտցնում են պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկի մեջ, որպեսզի անձեռնմխելի լինեն: Նրանց միշտ թվում է, թե «աշխարհի 8-րդ հրաշալիքն» են արարել: Ինչ` ինչ, գոնե մենք չենք կարող շատ գլուխ գովել մեր ճարտարապետությամբ: