Հակակրիմինալ շարժումը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր հերթական քննարկումը՝ այս անգամ էլ՝ «լրատվամիջոցների դերը կրիմինալի դեմ պայքարում» թեմայով:
Քննարկմանը ներկա էին «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ այլք: Քննարկման ընթացքում «Ազգային Միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանն ընթերցեց հատվածներ ԱԺ «ԱՄ» եւ «Արդարություն» խմբակցության որոշ ներկայացուցիչների՝ տարբեր ժամանակներում մամուլում հրապարակված հայտարարություններից: Վերջում նա եզրակացրեց, որ կոնկրետ մեղադրանքներ ներկայացնող հրապարակումներին ուշադրություն չի դարձվում, որովհետեւ մեզանում չկա քննադատությունն ընդունելու եւ դրան պատասխանելու մշակույթ: Իսկ քննարկման մեկ այլ մասնակից՝ «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն էլ հայտարարեց, թե լրատվամիջոցները հետեւողական չեն: Այս եւ նմանօրինակ հայտարարությունները դժգոհություն առաջացրին ներկա գտնվող լրագրողների շարքում, եւ քննարկումը մասամբ վերածվեց ընդդիմություն-լրագրողներ բանավեճի: Եվ երբ լրագրողներից մեկը նկատեց, որ ընդդիմադիրներն իրենց անգործությունն արդարացնելու համար մեղքը գցում են լրագրողների վրա, Գ. Թադեւոսյանը հակադարձեց. «Թող գա այդ ընդդիմությունը, որը շատ ռադիկալ է ու գործունյա. գլխներիս վրա տեղ ունի: Ի՞նչ պիտի աներ ընդդիմությունը, որ չի արել: Ձեր ընդդիմությունը սա է: Լուսնից ընդդիմություն չի գալու: Մի կտրեք այն ճյուղը, որի վրա նստած եք»: Ա. Կարապետյանն էլ կարծիք հայտնեց, թե այսօր «եթե ընդդիմությունը չխոսի, թերթերը կարդացող չի լինի»: Ի վերջո, դրությունը շտկվեց, երբ «ԱՄ» փոխնախագահը հայտարարեց, թե ասվածը վերաբերում էր ոչ բոլորին: Արամ Կարապետյանն էլ կարծիք հայտնեց, թե լրատվամիջոցների գրածները «բանի տեղ չեն դնում», ինչի արդյունքում լրատվամիջոցների դերն ընկնում է, ինչը ձեռնտու է իշխանություններին: Կարծիք հնչեց նաեւ, որ իշխանությունները ստեղծել են լրագրային թղթի արհեստական դեֆիցիտ, որպեսզի նախադեպ լինի, եւ իրենց հարմար ժամանակ թերթերի տպագրությունը դադարեցվի: ՆԺԿ ղեկավար Ա. Կարապետյանն իր խոսքում նաեւ նշեց, թե նախագահականից հեռուստաընկերություններին հրաման է իջել՝ ցույց չտալ Արամ Կարապետյանի ձեռքերը: «Նույնիսկ մատանին ցույց չտալ, որ չիմանան, որ նա Երեւանում է»,- նշեց ՆԺԿ ղեկավարը:
Վերջում «ԱՄ» անդամ, Սարի Թաղի մի բնակիչ ահազանգեց, որ Սարի Թաղի գլխին սեւ ամպեր են կուտակվում: «Երկաթուղին քանդում են: Նախագծով նախատեսված է ճանապարհ, որի կառուցման համար բազմաթիվ տներ պետք է քանդվեն,- նշեց ԱՄ անդամ Սարի Թաղի բնակիչն ու հավելեց,- Ընդդիմությունն ասում էր «սահմանադրական ճանապարհով», բայց մենք զենքով իշխանափոխություն կանենք: Ով մտնի Սարի Թաղ, գնդակահարվելու է: Արյուն կթափվի»: