Երեկ մեր խմբագրություն էին ահազանգել Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները: Հիշեցնենք, որ մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այդ տարածքի բնակիչների խնդիրներին։ Բնակիչների մեծ մասը մանկատան նախկին սաներ են:
Բանն այն է, որ հանրակացարանի շենքը ծայրահեղ անմխիթար վիճակում է: Այնտեղ հակասանիտարական իրավիճակ է տիրում: Հանրակացարանի շենքում բնակվում է մոտ 30 ընտանիք, որոնք սպառնում են պայթեցնել շենքը: «Եթե մեզ պահում են միայն ընտրությունների համար, ուրեմն մենք էս հանրապետության համար ոչինչ չարժենք: Դուք մտեք ու տեսեք, թե հանրակացարանի ընդհանուր զուգարաններն ինչ վիճակում են»,- ասում է մանկատան նախկին սան, երկու երեխաների մայր Գայանեն, ով նաեւ վստահեցնում է, որ կոմունալ այդ նողկալի վիճակի պատճառով մեկ շաբաթվա մեջ շենքում 3 փոքրիկ երեխաներ հիվանդացել էին թոքաբորբով: Շրջելով հանրակացարանի հարկերով՝ ականատես եղանք, թե ինչ պայմաններում են բնակիչները հոգում բնական կարիքները: Շենքի յուրաքանչյուր հարկում մեկ ընդհանուր զուգարան կա: Բոլորը՝ համաճարակի բուն: Զուգարանի տանիքներից վերեւի հարկի զուգարանի կոյուղու ջուրը հոսում է, եւ այնտեղ ոտք դնելն անգամ վտանգավոր է: Կոյուղու խողովակները ծայրահեղ մաշված ու քրքրված են, ինչի պատճառով կեղտաջրերն ուղղակի թափվում են զուգարան մտնող մարդու գլխին: «Առաստաղի վրա ժեշտերով հարմարեցրել ենք, որ զուգարան մտնելիս վերեւի հարկի զուգարանի կեղտաջրերը գլխներիս չթափվի: Հասկանո՞ւմ եք, խոլերայի բուն է, եթե երեխեքը վարակվեցին՝ ի՞նչ ենք անելու: Ներկա դրությամբ էս պրոբլեմի պատճառով երեխեք են հիվանդացել»,- վստահեցնում են բնակիչներն, ովքեր դիմել են ՀՀ Առողջապահության նախարարություն (ԱՆ), ԱՆ Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչություն, քաղաքապետարանի Սոցիալական բաժին, թաղապետարան, սակայն որեւէ մեկը հետամուտ չի եղել այս խնդրին: «Ահավոր հակասանիտարական վիճակ է, երեխաներին չենք կարողանում անգամ լողացնել, վախենում ենք վարակվեն, հիվանդանան: Դրա պատճառով նույնիսկ դպրոց չենք ուղարկում: Այ, սենց անելանելի վիճակ ա: Տնօրենին ասում ենք` սենց սարսափելի վիճակ ա, ասում ա` հա, ի՞նչ անեմ, բայց ամսվա վերջին վարձ հավաքելիս շատ պարտաճանաչ կերպով պահանջում ա»,- ասում են նրանք: Շենքի բնակիչները վրդովված են, մասնավորապես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, քանի որ նրանց խոսքերով` նախորդ ընտրությունների ժամանակ նախագահն այցելել է այդ տարածք եւ ծանոթանալով նրանց խնդիրներին` խոստացել է շենքի կոմունալ հարցերը լուծել. «Ասեցին` ընտրեք` սենց կանենք, նենց կանենք: Էս շենքի հարմարությունները պիտի Գինեսի գրքում գրեն, ռեկորդակիր կդառնանք, որ էս պայմաններում կարողանում ենք ապրել: Էն աֆրիկյան ամենաաղքատ պետությունները մեզնից մարդավարի են ապրում: Իմ երեխան մեկ շաբաթից ավելի ա դպրոց չի գնում, որովհետեւ վախենում եմ լողացնեմ, ամբողջ կեղտաջուրը, միզաջուրը հոսում ա գլխներիս, առաստաղը լրիվ բաց ա»,- ասում է նույն շենքի բնակչուհի Շուշանը: Ամիսներ առաջ էլ այդ տարածք են այցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն, ովքեր տեղում ծանոթանալով այդ վտանգավոր իրավիճակին` խոստացել են օգնել, սակայն դրանից հետո այլեւս չեն երեւացել: Շենքի բնակիչները վկայում են, որ կուսակցությունների ներկայացուցիչները բնակիչներին գրանցում են, որպեսզի նրանց ձայներն իրենցով անեն, խոստանում են, որ իրենց «տիրություն» կանեն, սակայն ոչինչ էլ չեն անում: «Եթե էս խնդիրն իմ երեխաների համար հրատապ վտանգ ա ներկայացնում, ուրեմն` ես պատրաստ եմ ամեն ինչի: Խնդրում եմ, իմ խոսքերն անպայման գրեք: Ես դիտավորյալ գազը բաց եմ թողնելու, որ շենքը պայթեցնեմ: Ավելի լավ է մեռնենք, քան թե էս պետության համար մենակ որպես ընտրող մնանք, օգտագործեն ու դեն նետեն»,- վիրավորված սպառնում են բնակիչները: Հանրակացարանի բնակիչները կատակելով ասում են, որ իրենց տարածք ոտք չի դրել միայն Ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը. «Կարապետիչն էլ մենակ տելեվիզոր ա բաժանում, բայց, որ մեր զուգարանների հարցը լուծի` իրան կընտրենք»:
Մեղք է նոր ծնվող երեխան
Ինչպես շենքի բնակիչների մեծ մասը, այնպես էլ 20-ամյա Աիդա Դեմուրյանը մանկատան սան է եղել, ում որդեգրել է Հոկտեմբերյանում բնակվող մի կին: Հանրակացարանի առաջին հարկում նա բնակվում է ամուսնու եւ 2 տարեկան որդու` Էմանուելի հետ: Աիդայենց մյուս` 8 տարեկան որդուն մայրն է խնամում, որովհետեւ այդ պայմաններում 2 երեխա մեծացնելը շատ դժվար է: Նրանց պայմանները հնարավոր չէ նկարագրել, պետք է տեսնել: Քանի որ շենքի բնակիչներն ամեն կերպ խուսափում են ընդհանուր բաղնիք-զուգարանից օգտվել` Աիդան սենյակի մեջտեղում լվացքի մեքենա է միացրել: Սենյակի հատակն ամբողջովին ջուր է, իսկ երեխայի ոտքերը` թաց: Երեխան բարձրաձայն լաց է լինում, իսկ Աիդան անտարբեր է: Հարցնում եմ` «Նորից հղի՞ եք»: Պատասխանում է` «Հա՛»: «Էս սարսափելի պայմաններում ո՞նց եք ռիսկ անում մեկն էլ ունենալ»,- հարցնում եմ: Ասում է` «Եսիմ, ինձ աբորտ անել չի կարելի»: Ասում եմ` «Համ հղի եք, համ էլ էս ցրտին ոտաբոբիկ ջրերի մե՞ջ եք քայլում»: Ասում է` «Սովոր եմ, չեմ մրսում»: Հարցնում եմ` «Ծննդաբերելուց հետո էս խցում, էս պայմաններում ո՞նց եք մեծացնելու երեխային»: Ասում է` «Եսիմ, մաման ասեց` ես կտանեմ գյուղ, կպահեմ»: Աիդայի ամուսինն արհեստավոր է, սակայն այժմ բանվորություն անելով հազիվ հասցնում է օրվա հացն ապահովել: Նոր ծնվելիք երեխային կերակրելու հարցում նա հույսը դրել է Ավետարանչական եկեղեցու կողմից որպես օգնություն տրամադրած մանկական կերի վրա: Իսկ ընդհանրապես Աիդան շատ անտարբեր է ամեն ինչի նկատմամբ: Անգամ բղավելով լացող Էմանուելին ուշադրություն չի դարձնում: