Կիրակի օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ղարաբաղում կանցկացվի Սահմանադրության հանրաքվեն: Ուղիղ 15 տարի առաջ` 1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովուրդը հռչակել է իր անկախությունը:
Հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները, Սահմանադրության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի հավաստմամբ, սկսվել են դեռեւս երկու-երեք ամիս առաջ։ Հաշվի առնելով նաեւ դրա քաղաքական նշանակությունը, հանձնաժողովը զգալի աշխատանքներ է իրականացրել. նիստեր են գումարել, հանրապետության շրջաններում սեմինար-խորհրդակցություններ են անցկացրել եւ այլն։
Ընտրացուցակներն արդեն փակցված են հանրաքվեի տեղամասերում, եւ, նախնական տվյալներով, ցուցակներում ընդգրկված է շուրջ 90.000 մարդ: Ստեղծվել է 278 տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում է՝ ԼՂՀ ներկայացուցչությունում, որտեղ կքվեարկեն ԼՂՀ այն քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես բնակվում կամ գտնվում են ՀՀ-ում։
Ստեփանակերտի կայազորի Սպայի տանը, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, հանրաքվեի օրը կգործի մամուլի կենտրոն: Երեքժամյա պարբերականությամբ կհայտնվեն քվեարկության արդյունքները։ Կանոնակարգի համաձայն, նախնական արդյունքները կամփոփվեն հաջորդ օրը՝ 28 ժամվա ընթացքում, իսկ վերջնական արդյունքները հայտնի կդառնան ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում։ Հայտնի է նաեւ, որ հանրաքվեի անցկացման համար հանրապետություն են բերվել թվով 430 թափանցիկ քվեատուփ, որոնք այս անգամ արդեն կմնան Ղարաբաղում: Օրերս կայացած ԱԺ նիստում Սահմանադրության համաժողովրդական հանրաքվեին մասնակցելու կոչ են արել նաեւ խորհրդարանի խումբ-խմբակցությունները: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Անցած տարիներին Հանրապետությունում ընդունվել է ավելի քան 500 օրենք, որոնց մի մասը՝ սահմանադրական։ Եկել է ժամանակը, որպեսզի պետական կարգի, հասարակության ինքնակազմակերպման իրապես գոյություն ունեցող հիմքերը, անձի եւ պետության հարաբերություններն ամրագրվեն հիմնական օրենքով։ ԼՂՀ-ի՝ որպես նաեւ պարտադրված պատերազմում իր կենսունակությունը պաշտպանած անկախ պետության, 15-ամյա փորձի վերլուծությունը, հասարակության վերափոխման գործընթացի եւ տնտեսական խնդիրների լուծման հաջողությունները, նույնպես եւ դժվարությունները ցույց են տալիս, որ ընտրված ճանապարհն այլընտրանք չունի»։
Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը, որում նշվում է, որ հանձնաժողովները պատրաստ են, որպեսզի հանրաքվեի ամենապատասխանատու փուլը՝ քվեարկությունը եւ արդյունքների ամփոփումը, անցնի թափանցիկ ու հրապարակային։ «Դրանում կարող են համոզվել ինչպես անձամբ քվեարկողները, այնպես էլ մեծ թվով տեղական ու միջազգային դիտորդները, լրագրողները, ովքեր կիրականացնեն հանրաքվեի դիտարկման առաքելություն, կլուսաբանեն համաժողովրդական քվեարկության ընթացքն ու արդյունքները»,- նշվում է հայտարարության մեջ:
Իսկ Սահմանադրության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում դեռեւս շարունակվում է տեղական եւ միջազգային լրագրողների եւ դիտորդների հավատարմագրման գործընթացը: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովում, մինչեւ դեկտեմբերի 8-ը հայտ են ներկայացրել 151 դիտորդներ, որոնցից 20-ն արտերկրից են: ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ ներկա կգտնվեն Մերձնեստրի Հանրապետության Գերագույն խորհրդի, Ազգային անվտանգության խնդիրներով գիտությունների միջազգային ակադեմիայի ներկայացուցիչներ: Հանրաքվեն լուսաբանելու հայտ են ներկայացրել 57 լրատվամիջոցներ, որոնցից 16-ն արտասահմանյան են: