Էլեկտորատի համակրանքին արժանանալու համար թե իշխանական թեւը, թե ընդդիմությունը փորձում են անել հնարավորը՝ հասկանալի է, իրենց պատկերացրածով: Ընդդիմությունն ակտիվորեն աշխատում է ոչինչ չանել (ընդ որում, բավական հաջող), սակայն խոստանում է Ծննդյան տոներից հետո դուրս գալ փողոց եւ տուն չգնալ՝ մինչեւ կա՛մ այսկողմ, կա՛մ այնկողմ: Իշխանական թեւերից մեկն ընտրել է հատկապես «գյուղական ինտելիգենցիայի» սրտի գրավման առավել նյութական ձեւ՝ բնամթերքի բաժանում: Իշխանական մյուս թեւի առաջնորդներից մեկը իմաստուն ղեկավարի, հմուտ ռազմիկի կերպարի մեջ է, որին խորթ չէ նաեւ հարեւան բակի տղայի դերը: Հարց է առաջանում. եթե ընտրողի ձայնը շահելն այսքան էական է, ուրեմն, կարելի՞ է ենթադրել, որ զանգվածային ընտրակեղծիքների հնարավորությունն այս ընտրություններում համեմատաբար փոքր է լինելու: «Ինչպես նշեցիք, այսօր հատկապես իշխանամետ ուժերը փորձում են ամեն կերպ շահել ընտրողի համակրանքը: Սա նշանակում է, որ սպասվող ընտրությունների ժամանակ զանգվածային կեղծիքների տոկոսը չի կարող արդյունքի վրա էական ազդեցություն ունենալ, քանի որ, եթե ունակ ես կեղծել ընտրողների ձայները 60 տոկոսով, ուրեմն դրանք գնելը նյութական միջոցների անտեղի վատնում է,- կարծում է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: – Թե՛ ընդդիմության, թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի մեթոդները՝ հրապուրել ընտրողին, միանշանակ աշխատում են տվյալ կուսակցությունների օգտին: Ինչի՞ կարելի է հասնել կարտոֆիլ բաժանելով: Ձայների՛: Այլ հարց է, թե ձայների քանի՛ տոկոսի: Դա կախված կլինի նրանից, թե այս տեխնոլոգիան բանեցնող մարդիկ որքանով գրագետ կաշխատեն: Նշանակություն ունի, թե կոնկրետ ո՞ր շրջաններում են աշխատելու, կոնկրետ ի՞նչ են բաժանելու եւ այլն: Կան գործիչներ, որոնք աշխատում են իմիջի դաշտում հաջողություններ գտնել եւ այդպիսով հրապուրել ընտրողներին: Նման մեթոդներից են հաճախ հրապարակային փաստաթղթեր ստորագրելը, հասարակության մեջ հաճախ երեւալը, ժողովրդի հոր կերպարի մեջ մտնելը: Քաղաքական նման տեխնոլոգիաների կիրառումը եւս միտված է ձայների կորզմանը: Թե ո՞ր կերպարը կաշխատի հօգուտ այդ թեկնածուների, դարձյալ կախված է դրա ճիշտ ընտրությունից: Գուցե ազգի հո՞ր, իմաստուն կառավարչի՞, «սվոյ» տղայի՞» կերպարը: Հայաստանյան իրականության մեջ կան նաեւ էկզոտիկ կերպարներ, սակայն դա, ինչպես ասում են, այլ օպերայից է»: Իսկ ի՞նչ է շահում ընդդիմությունը՝ հայտարարելով, թե դուրս կգա փողոց, եւ այս անգամ արդեն՝ երկար ժամանակով: Ըստ քաղաքագետ Ա. Իսկանդարյանի՝ ընդդիմությունն այսպիսով ապահովագրում է իրեն եւ այնպիսի իրավիճակ է նախապատրաստում, որպեսզի ընտրություններից հետո, երբ կստանա ձայների ոչ մեծ տոկոս, ասի, որ դրանք կեղծված են: «Ի տարբերություն Հայաստանի, ուր պայքարն ընտրողների քվեները կորզելուն է միտված, Ռուսաստանում, որտեղ նույնպես ընտրություններ են սպասվում, քաղաքական ուժերը պայքարում են ամենեւին էլ ոչ ձայների համար. նրանք թքած ունեն ընտրողի ձայների վրա: Այնտեղ պայքարում են Պուտինի մարմնին հնարավորինս մոտ գտնվելու համար: Որովհետեւ հեռացող Պուտինը որոշելու է, թե ինչպես են բաշխվելու ձայները: Իսկ Հայաստանում, կարծես թե, հեռացող Քոչարյանը չի որոշելու, թե ինչպես են բաշխվելու ձայները: Կամ էլ քաղաքական դաշտում վստահ չեն, որ ձայների բաշխումը կախված է լինելու Քոչարյանից»:
Քաղաքագիտական առումով Հայաստանի թե՛ խորհրդարանական, թե՛ հատկապես նախագահական ընտրությունների արդյունքներն, ըստ պարոն Իսկանդարյանի, պարզ են: Նրա կարծիքով՝ խորհրդարան կանցնեն 2-3 կուսակցություն: Ակնհայտ է, որ դա կլինի ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ): Թեեւ դժվար է ասել, թե քանի ձայն կհավաքի ԲՀԿ-ն: «Սա մի կուսակցություն է, որը քաղաքական շուկայում իրեն դեռ պիտի ցույց տա: Խորհրդարան կմտնեն գործիչների մի փոքր խումբ (կարծում եմ` 20-ից ոչ ավելի), ում Հայաստանում ընդունված է համարել ընդդիմություն»: Հնարավոր է, որ, ինչպես Հայաստանում հաճախ է պատահում, ընտրություններից անմիջապես առաջ հայտնվի մի կուսակցություն (ինչպես ժամանակին ՕԵԿ-ը կամ ՄԱԿ-ը հայտնվեցին), թեեւ չի բացառվում, որ եթե ԲՀԿ-ի գործերն այնքան էլ հարթ չլինեն, ապա նա հայտնվի հենց նման կուսակցությունների դերում, որին պարզապես կխցկեն խորհրդարան: «Հայաստանի քաղաքական համակարգը պարզ է. ընտրություններից հետո այն դարձյալ մնալու է մեկուկես կուսակցության ձեռքում: Կլինեն մեկ-երկու իշխանական կուսակցություններ, մեկ կիսաիշխանական, իսկ ընդդիմության դաշտը դարձյալ թափուր կմնա. պարզապես մի քանի լղոզված պատգամավորներ ձեւեր կթափեն, թե իրենք ընդդիմության կարկառուն դեմքեր են: Եթե ընդդիմությունը համախմբվի, ներկայացնի միասնական թեկնածու, այդ լիդերին հրապուրիչ իմիջ տա, զինի գրագետ գաղափարախոսությամբ, որը ոչ միայն կպնդի, թե պետք է հեռացնել գործող վարչախմբին, այլ նաեւ կասի, թե ինչ պետք է անի վարչախմբին հեռացնելուց հետո, եւ շարժվի առաջ, կարող է հավակնել ձայների լուրջ տոկոսի: Այս դեպքում իշխանությունն ինքը կգնա ընդդիմության դուռը՝ եթե ո՛չ իշխանությունը զիջելու, գոնե բանակցելու համար: Ուզում եմ ասել, որ կա՛ գործելու դաշտ: Սակայն այն, ինչ այսօր անվանում ենք ընդդիմություն, գոնե ես նրա ներսում չեմ տեսնում համախմբվելու, միասնական թեկնածու առաջադրելու եւ նրան պաշտպանելու ուժը»: Քաղաքագետն ընդունեց, սակայն, որ գուցեեւ ինքը սխալվում է: Եվ սխալվելու հավանականությունը հիմնավորեց այսպես. «Երբեմն հրաշքներ էլ են լինում»: Նախագահական ընտրությունների արդյունքները նրա համար առավել պարզ են: «Մեր քաղաքական դաշտում ընդունված արժեքային համակարգի սանդղակով ես կարող եմ ասել մեր հաջորդ նախագահի անունը: Դա կարող են ասել բոլորը: Նրա դիմաց չկա ոչ մի հակազդեցություն: Նախագահական ընտրություններին երկու տարի կա, եւ եթե այդ ընթացքում որեւէ մեկի գլխին աղյուս չընկնի, ջրհեղեղ կամ բնական այլ արհավիրք տեղի չունենա, նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելի են: Կարծում եմ՝ արդեն աշնանն իշխանության կուսակցությունը հանդես կգա միասնական թեկնածուով: Եվ նրա ճանապարհին ոչ մի արգելակող, հակազդող ուժ չի լինի (ինչը մեր քաղաքական դաշտի լղոզվածության լավագույն բնութագիրն է): Սա թույլ է տալիս նկատել, որ այդ թեկնածուն նախագահի պաշտոնը կզբաղեցնի նույնքան սահուն, որքան սահուն կարագի մեջ է մտնում դանակը»: