«Այս քաղաքն աբսուրդ է»,- այսպես ասաց ինձ մի գյումրեցի նկարիչ, երբ Գյումրիում էի: Այստեղ ես առաջին անգամ էի ու իսկապես անսովոր շատ բաներ տեսա: Ամենից շատ ինձ ցնցեցին վագոն հիշեցնող տնակները: Զարմանալի է, որ այս փոքրիկ «շինություններում» մարդիկ ապրում են արդեն 16 տարի: Այստեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որը գաղափար չունի բարեկեցիկ կենցաղային տարրական պայմանների մասին: Այս երեխաները չեն գիտակցում եւ չեն էլ պատկերացնում, որ այդպես ապրելն աննորմալ է ու սխալ:
Ես գիտեի, թե Գյումրիում վրացիներ էլ են ապրում, ու ինձ հետաքրքիր էր նրանց տեսնել, շփվել:
– Այստեղի վրացիներին ճանաչո՞ւմ եք,- հարցրի շուկայում ապրանք վաճառող մի ծեր կնոջ:
– Հա, մի վրացի կին հաց էր ծախում շուկայում, բայց վաղուց արդեն չեմ տեսել,- պատասխանեց նա, հետո հայերեն դիմեց մի ուրիշ կնոջ՝ հարցնելով վրացուհու մասին:
– Իսկ ինչի՞ եք նրան ման գալիս,- հետաքրքրվեց կինը:
Առաջին կինը չսպասեց իմ պատասխանին.
– Վրաստանից է, երեւի եկել է իր ազգականներին օգնելու:
– Իմ աղջիկը վրացի է,- իրեն չկորցրեց մյուս կինը:
Իմ հարցից պարզվեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ամուսինը վրացիներ չեն:
Ցավոք, ես այդպես էլ չգտա այն վրացուհուն…
Գյումրիում հետաքրքիր երեւույթ է Շառլ Ազնավուրի արձանը: Լենինականցիները կենդանի մարդուն արձան են կանգնեցրել՝ ի պատիվ այն բանի, որ նա երկրաշարժից տուժածներին հսկայական ֆինանսական օգնություն է ցուցաբերել: Երբ լենինականցի տաքսիստն իմացավ, որ վրացի եմ ու եկել եմ Թբիլիսիից, ասաց. «Ձեզ համար տաքսին անվճար է»: Ինձ հաճելի էր այդ բառերը լսելը, բայց իմանալով, որ լենինականցիները հումորով մարդիկ են, ես քաղաքավարությամբ հրաժարվեցի ինձ ման տալու նրա առաջարկից: Լենինականցիներն ինձ դուր եկան: Նրանք լավատես մարդիկ են: Հուսով եմ, որ նրանց կյանքը կամաց-կամաց կբարելավվի, ու մոտ ապագայում Գյումրին կազատվի երկրաշարժի հետեւանքներից: