Թուղթը տեղ կհասնի 8-9 օրից

13/12/2006

Հայաստանում ստեղծված լրագրային թղթի դեֆիցիտը սպառնում է ավելի երկար ձգվել: «Հայկական երկաթուղի» ընկերության տնօրեն Արարատ Խրիմյանի ասելով` Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված այլ բեռների հետ միասին թղթով բեռնված վագոնները լաստանավ պետք է բարձրանային երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը: Երեկ ժամը 19:00-ի սահմաններում պարոն Խրիմյանը մեզ պատասխանեց, թե այդ պահին լաստանավը բարձվում է հայկական բեռներով, այդ թվում՝ լրագրային թղթով: Ըստ Ա. Խրիմյանի՝ լաստանավը Փոթի կուղեւորվի այսօր, եւ բեռները 8-9 օր հետո կհասնեն Հայաստան: Իսկ «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանն էլ նույն ժամին փոխանցեց, որ նավահանգստից տեղեկություններ ունի, թե երեկ լաստանավը չէր բեռնվել, կբեռնվի այսօր: Դժվար է ասել, թե այս երկու կողմերից որի տեղեկությունները ճիշտ չեն, մանավանդ, որ երկուսն էլ շահագրգիռ կողմ են, երկուսն էլ «ուղիղ կապ ունեն» Իլյիչեւսկ նավահանգստի հետ: «Տիգրան Մեծը» Իլյիչեւսկում ունի 7 վագոն թուղթ, իսկ «Հայկական երկաթուղին»՝ 200 վագոն բեռ: Վ. Մարկոսյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ դեկտեմբերի 7-ից հետո տպարանը չի աշխատելու՝ թերթ չի տպելու, մինչեւ որ ներկրվող թուղթը տեղ չհասնի. «Ես օրական 15 տոննա թուղթ եմ օգտագործում, մյուս տպարանները՝ 1 տոննա: Ես ումի՞ց այդքան թուղթ վերցնեմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց նա:

Իսկ ահա «ԱրմԻնֆոյին» ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնել են, որ ավարտվում է Իլյիչեւսկ-Բաթում լաստանավի բեռնումը Հայաստանի համար նախատեսված բեռներով, եւ այսօր այն երթուղի դուրս կգա: Նախարարությունից նաեւ նշել են, որ անբարենպաստ պայմանների պատճառով լաստանավը կանգնած է մնացել 20 օր: 100 վագոնով բեռնված լաստանավը Հայաստան կժամանի մոտ 7-8 օրվա ընթացքում: Լաստանավի անգործության պատճառով Իլյիչեւսկում կուտակվել է Հայաստանի համար բեռներով 200 վագոն: