Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առայժմ չի ճշտում, թե հատկապես որ հարցն է մնացել չհամաձայնեցված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: «Day.az»-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե երբ նա կվերցնի գաղտնիության քողն այդ հարցի վրայից, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ է դա անել ցանկացած պահի, սակայն անհրաժեշտ է համարում պահպանել գաղտնիությունը` հաշվի առնելով ադրբեջանական եւ հայկական հասարակությունների զգացմունքայնությունը: Է.Մամեդյարովը հավաստիացրել է, որ երբ ձեռք բերվի, ասպես կոչված, ընդհանուր ըմբռնում, այդ թեման լայնորեն կքննարկվի հասարակության շրջանում, «քանի որ առանց հասարակության աջակցության դժվար է խոսել տեւական խաղաղության մասին»: Նա նաեւ հերքել է այն ենթադրությունը, թե հարցն առնչվում է հանրաքվեի անցկացման ժամկետներին կամ Լաչինի վերադարձմանը: «Այդ վարկածներից ոչ մեկն այն հարցը չէ, որը կասեցնի բանակցությունները», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների անունից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, Է.Մամեդյարովը նշել է, որ այդ հայտարարության նկատմամբ իր վերաբերմունքը դրական է: «Պարոն Լավրովի կոչը դրական քայլ է այն համատեքստում, որ Ռուսաստանը դրական դեր է խաղում, ցանկանում է խաղալ եւ կխաղա հակամարտության կարգավորման գործում», – ավելացրել է Ադրբեջանի արտգործնախարարը: