Սարկոզին, երեւի, տանը չի եղել

13/12/2006 Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայտնի ճշմարտություն է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Այդ մեթոդից օգտվել են բոլոր ժամանակների բոլոր մեծ ու փոքր ժուլիկները։ Օրինակ «Շկիդ հանրապետության» մեզ հայտնի հերոսները, որոնք գողություն անելու եւ անդաստիարակ լինելու իրենց ներքին մղումը բացատրում էին իրենց որբ մանկությամբ՝ պաշտպանության համար ընտրելով հարձակումը։

Այնուհետեւ այս մեթոդն իրենց գործունեության մեջ լայնորեն սկսեցին կիրառել լեյտենանտ Շմիդտի որդիները, եւ, պետք է ասել, դա նրանց մոտ այնքան էլ վատ չէր ստացվում։ Պարզվում է, սակայն, որ «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մեթոդը քաղաքականության մեջ կիրառելը եւս բավականին կենսունակ տարբերակ է, եւ դրանից անխնա կերպով օգտվում է հատկապես «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Աբովյան փողոցում տիրանալով ութ հարկանի հսկա շինությանը, որի առաջին հինգ հարկերը ՕԵԿ-ը տվել է վարձակալության, այդ կուսակցության պատրիոտները միայն խոսում են ուրիշների ալան-թալան սեփականաշնորհումներից։ Ու մինչ նրանք շարունակում են ալան-թալանի թեման, ՕԵԿ-ից տուժած որոշ պատգամավորներ նոր ու հետաքրքիր մանրամասներ են պատմում այդ կուսակցությունում գործող դրամահավաքի յուրօրինակ սիստեմի մասին։ Պարզվում է, ՕԵԿ-ում գործել է դրամահավաքի եռաստիճան համակարգ. ՕԵԿ խմբակցության պատգամավորները եւ հատկապես նրանց գործարար մասը, որոնք, ի դեպ, ՕԵԿ համամասնական ցուցակում հայտնվելու համար այնքան գումար են տվել, որ, ինչպես ասաց նրանցից մեկը, այդ գումարը լիովին բավարար կլիներ ՌԴ Պետդումայի պատգամավոր դառնալու համար, նրանք բոլորն ամեն ամիս կուսակցությանն անդամության հարկ են վճարել։ Առաջին էտապի գանձումները կատարել է խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, որին ՕԵԿ պատգամավորները վճարել են կուսակցական ընթացիկ ծախսերի համար։ Դրամահավաքի երկրորդ՝ առավել բարձր փուլն իրականացրել է ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի օգնական Վարուժան Բոլորչյանը, որին արդեն մուծվել են կուսակցության գաղափարա-քաղաքական իդեաների ու ծրագրերի իրականացման համար։ Կոնկրետ թիվ սահմանված չի եղել, բայց, հասկանալի է, որ կուսակցության տեսլականները (որոնցից ամենավառը Արթուր Բաղդասարյանին նախագահ դարձնելն էր) կյանքի կոչելու համար ՕԵԿ գործարար պատգամավորները ստիպված են եղել ամեն անգամ օգնական Բոլորչյանի կաբինետից դուրս գալիս անիծել այն օրը, երբ ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ չլինելու պատճառով իրենց ուղարկեցին «Օրինաց երկիր»։ Դրամահավաքի երրորդ ու ամենավճռական փուլն արդեն Արթուր Բաղդասարյանին արված ուղղակի մուծումներն են եղել՝ այս կամ այն երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին նվերներ գնելու համար։ Այն գործարարները, որոնք բռնի կերպով ընդգրկված են եղել ԱԺ նախկին նախագահի պաշտոնական այցերի պատվիրակություններում, յուրաքանչյուր նման այցի ժամանակ ծախսել են 20-30 հազար դոլար։ Այդ գործարարներին հանգամանալից բացատրվել է, որ Արթուր Բաղդասարյանն իրենց ապագա նախագահն է, իսկ նման պայծառ ապագայի համար փող խնայելը գրեթե անդաստիարակություն է։ Ինչ վերաբերում է վերջին շրջանում ՕԵԿ-ի պտույտ-վերադարձին կրկին սեփականաշնորհման թեմային, ապա, ըստ իրազեկ աղբյուրների, դա եւս հենց այնպես չէ։ Պարզվում է, ժամանակին ՕԵԿ-ը 17,5 միլիոն դրամով սեփականաշնորհել է Դիլիջանի երկաթգծին պատկանող հսկայական մի շենք եւ այն մտադիր է վերածել ռեստորանի։ Դա եղել է այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը դեռ ԱԺ նախագահ էր։ Եվ քանի որ սեփականաշնորհված շինության կողքին մի քանի շենքեր եւս կան, որոնց վրա դեռ Արթուր Բաղդասարյանի սպիքերության ժամանակներից ՕԵԿ-ն աչք ունի, կուսակցությունը դրանք եւս սեփականաշնորհելու համար դիմել է պատկան նախարարությանն ու մերժում ստացել։ Ահա այդ մերժումից հետո էլ ՕԵԿ-ը նորից անցել է՝ «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» գործելաոճին։ Հուսով ենք, ընդամենն օրեր առաջ «Հանրային քաղաքականության եւ մարդու իրավունքների ինստիտուտի» հրավերով Ֆրանսիայում եւ Իտալիայում եղած Արթուր Բաղդասարյանն իր «աննախադեպ» հանդիպումների ընթացքում ժողովրդավարության այդ կենտրոններին չի պատմել իր կուսակցությունում տիրող ֆյուրերիզմի, դրամահավաքության կուլակային մեթոդների ու սեփականաշնորհված տարածքներում կասկածելի ճաշակի ռեստորաններ սարքելու իրենց ընտանեկան ավանդույթի մասին։ Ի դեպ, անդրադառնանք նաեւ եվրոպական «աննախադեպ» այդ հանդիպումներին։ Չնայած մինչեւ Իտալիա ու Ֆրանսիա մեկնելն Արթուր Բաղդասարյանի շրջապատը տարբեր ընդդիմադիրների «քսիֆներ» էր ուղարկել, թե իրենց Արթուրը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հավանական թեկնածու Նիկոլա Սարկոզիի հետ ու այնտեղից «դաբրո» է բերելու համայն ընդդիմության համար՝ պայմանով, որ այդ ընդդիմության միասնական թեկնածուն պետք է դառնա Արթուր Բաղդասարյանը, սակայն պատմական այդ հանդիպումը չի կայացել։ Արթուր Բաղդասարյանի միակ հանդիպումը եղել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ, որն, ի դեպ, տեղավորվում է նախկին խոսնակներին ընդունելու արարողակարգային ընդունված ծրագրի մեջ։ Այսինքն, Ֆրանսիայի Սենատի նախագահը ՕԵԿ նախագահին ընդունել է ընդամենը որպես ԱԺ նախկին խոսնակ, այլ ոչ թե Ֆրանսիայի ամենասիրելի ֆավորիտ, ինչպես ներկայացնում է ՕԵԿ-ը։ Արարողակարգային այս հանդիպումից բացի, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը Սենատում հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Բեռնար Պիրասի հետ: Քանի որ Մհեր Շահգելդյանը ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամության խմբի համանախագահն է, հետեւաբար այդ հանդիպումը միանգամայն տեղավորվում է ՀՀ ԱԺ-ի աշխատանքային ծրագրի մեջ։ Իսկ թե ո՞ւր մնացին Սարկոզին, նրա «դաբրոն» եւ Արթուր Բաղդասարյանի եվրոպական մեծ ու աննախադեպ հեղինակությունը, այդ մասին փաստերը լռում են։

Հ. Գ. Չնայած «Օրինաց Երկիր» շաբաթաթերթի հաղորդագրության ամպագոռգոռ տեքստին, այդուամենայնիվ, www. senat.fr պաշտոնական կայքէջը լռում է կայացած հանդիպման մասին` հավանաբար որեւէ նշանակություն չտալով թեկուզեւ տեղի ունեցած արարողակարգային հանդիպմանը: