Մենք՝ հայերս առանձնահատուկ ազգ ենք: Այդ իմաստով բնական է, որ անգամ մեր հիվանդություններն են առանձնահատուկ: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք չենք հիվանդանում սովորական գրիպով կամ աթերոսկլերոզով, բայց, օրինակ, երեւանյան հիվանդությունը բնորոշ է միայն հայերին, հրեաներին եւ արաբներին: Չնայած, որ ճիշտն ասեմ՝ էլ երեւանցի էլ չի մնացել, որ երեւանյան հիվանդությամբ հիվանդանան: Այսօր ավելի շուտ Երեւանն է հայկական հիվանդությամբ տառապում, քան հայերը` երեւանյան հիվանդությամբ:
Եվ այսպես, Հանրապետականը վերջին շրջանում սկսել է տառապել գիգանտոմանիայով: Դաշնակների մոտ պերմանենտ մանիակալ դեպրեսիվ վիճակ է, որովհետեւ նրանք միշտ ուզում են արյան ծով տեսնել: Չնայած, երբ նրանց մի փոքր մոտ ես թողնում իշխանությանը, այդ դեպրեսիվ վիճակը փոքր-ինչ հանգստանում է: Համենայնդեպս գոնե մոտակա ծառերից տարբեր մարդկանց կախելու նրանց ցանկությունն իսպառ վերանում է: Սակայն արյան ծովին դա չի վերաբերում: Սա հատուկ հետազոտում է պահանջում, որովհետեւ այստեղ արդեն վամպիրության նախանշաններ են զգացվում: Այս ֆոնի վրա «Օրինաց երկրի» հետապնդման մոլուցքը , որը վերջին շրջանում բավականին սուր արտահայտվեց հատկապես Հեղինե Բիշարյանի եւ Մհեր Շահգելդյանի մոտ, ուղղակի թեթեւ պաթոլոգիա կարելի է համարել: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին եւ որոշ այլ քաղաքական գործիչներին, ապա այս դեպքում միանշանակ դրսեւորվում է մեծամոլական մանիան: Սակայն բժիշկները պնդում են, որ նմանատիպ հիվանդությունները շատ արագ անցնում են, երբ Ֆրանսիայում պատահաբար նախագահ է ընտրվում Սեգոլեն Ռուայալը, այլ ոչ թե Նիկոլա Սարկոզին, եւ երբ Բերեզովսկին շատ պատահաբար ծանոթանում է Մենդելեեւի աղյուսակի ռադիոակտիվ էլեմենտների հետ: «Ժողպատգամավորի» մոտ մանիակալ հանրապետականացման սինդրոմներ են նկատվում: Իսկ կոմունիստները երեւի կիսվեցին այն պատճառով, որ մի կեսը հիվանդացել էր կարմրուկով, իսկ մյուս կեսը՝ կարմրախտով: ՀՀՇ-ի իմունային համակարգը կարոտախտն այն աստիճանի է ախտահարել, որ խեղճերն արդեն սովորական գրիպին էլ չեն դիմանում: Ես չգիտեմ, թե ԺԱԿ-ն ումով է այդքան «թռնում», բայց մի բան կարող եմ ասել, որ շատ «թռնելուց» օգուտ չկա: Բա որ, մեկ էլ տեսար, թռչնագրիպ-մռչնագրիպ գա ու կպնի: Վիկտոր Դալլաքյանը ԱԺ-ում հենց Սերժ Սարգսյանին տեսավ, միանգամից «մրսեց», ոնց որ դրանից մի երկու օր առաջ ես էի մեծ-մեծ բրդում: Գեղամյանի «փորացավը» բոլորին է հայտնի՝ պաշտոն եւ փող: Պաշտոն դժվար թե նրան տան, դե, իսկ փողը նրան պարբերաբար ներարկում են, որը կարելի է համարել վակցինացիա «կատաղության» դեմ եւ հիվանդին հսկողության տակ պահելու միջոց: Արշակ Սադոյանը մանկուց տառապում էր «խոսքի դիարեայով»: Եվ այս դեպքում արդեն ոչ մի դեղամիջոց այլեւս դրական արդյունք չի կարող տալ:
«Բարգավաճ Հայաստանը» եթե շարունակի նման ծանր գործեր իր վրա վերցնել (կարտոշկա, տուկեր եւ այլն), ինչ հիվանդություն ասես` կկպնեն: Բայց պրոբլեմ չկա, նրանց բուժօգնությունն անվճար է: Երիտասարդները՝ Սարգիս Ասատրյանն ու Տիգրան Ուրիխանյանը, հաճախ հիվանդանում են սուր անգինայով: Ուղղակի, եթե Սարգիսի մոտ անգինան սովորական ընթացք ունի, ապա Տիգրանն ավելի շատ թարախային անգինայով է տառապում: Գառնիկ Իսագուլյանն ինչ հիվանդությունով էլ որ հիվանդանում է, դրանից առանձնապես դժբախտություն չի լինում: Տիգրան Կարապետիչինը մասնագիտական հիվանդություն է՝ կապույտ հազ: Իսկ Արամ Կարապետյանի մասնագիտական հիվանդությունը սիբիրախտն է, քանի որ ուզում է բոլորին Սիբիր ուղարկել: ՄԱԿ-ը հիմնականում տառապում է մանկական հիվանդություններով՝ խոզուկ, քութեշ, ջրծաղիկ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա առողջ ապրելակերպի կողմնակից է եւ գերադասում է չհիվանդանալ: Պարզապես, եթե մեկ-մեկ չի ուզում Մոսկվա մեկնել, սիմուլյացիա է անում, իբր հիվանդ է: Խաչիկ Ստամբոլցյանի հիվանդության մասին բոլորը գիտեն դեռ 90-ականների սկզբից: Նշեմ միայն, որ այդ հիվանդության գիտական անվանումը պեդիկուլյոզ է: Ինչ վերաբերում է Հայրիկյանին, ապա պարզ է, որ եթե մարդն այդքան տարի անց է կացրել «ԿԳԲ-ի պադվալներում», ոնց ուզում է լինի, մի հիվանդություն ձեռք բերած կլինի: Հեչ որ չլինի` ռադիկուլիտը կա ու կա: Փաստորեն, ստացվում է, որ մեր ողջ քաղաքական դաշտը հիվանդ է: Բայց … չէ՞ որ ես լավատես եմ եւ գիտեմ, որ, համենայնդեպս, վերոնշյալ բոլոր հիվանդություններն էլ կարելի է բուժել, մեկին՝ թերապեւտիկ եղանակով, մեկին՝ վիրաբուժական միջամտությամբ, բայց արդյունքը միշտ էլ դրական է լինելու: Ես հավատում եմ, որովհետեւ լավատես եմ: Խորհուրդ եմ տալիս, որ Դուք էլ հավատաք, որովհետեւ հիվանդի առաջին բժիշկը հենց ինքը` հիվանդն է: