Հունվարի 15-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրամանով որոշում կայացվեց արգելել փողոցային առեւտուրը: Մինչդեռ հարկ է նկատել, որ որոշումը բացարձակապես գործնական ուժ չունեցավ, քանի որ Երեւանի շատ համայնքներում փողոցային առեւտուրը շարունակվում է: Շենգավիթ համայնքի պատասխանատու օղակների համար տարիներ առաջ կատարված դժբախտ պատահարը ոչ մի ազդեցություն չունեցավ, ավելին, քաղաքապետի որոշումը նույնպես ուշադրության չարժանացավ: Նշենք, որ 2 տարի առաջ «Գարեգին Նժդեհ» հրապարակում վթար էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էին փողոցային առեւտուր իրականացնող մի քանի երիտասարդներ: Այսինքն՝ իրականում շուկան մայթեր տեղափոխվելուց զատ խախտում է նաեւ փողոցային երթեւեկությունը: Դպրոցականների ծնողները դժգոհում են, որ երեխաները՝ մայթերում առեւտուր իրականացնողների ստեղծած սոդոմ-գոմորի պատճառով ստիպված դպրոց են հաճախում փողոցներով: Առհասարակ հրապարակի մայթերով քայլելն այլեւս դարձել է անհնար: Մեր հեռախոսազանգը Շենգավիթի ոստիկանությունում զայրույթ առաջացրեց. Ոստիկանության բաժնի պետի տեղակալ պրն Մկրտչյանը զայրացած ասաց, որ իրենք այդ ուղղությամբ մեծ աշխատանք են տանում եւ պայքարում են, որ փողոցները մաքրվեն առեւտրականներից: Փաստորեն, մեր հեռախոսազանգից մեկ օր անց շատ ակտիվ աշխատանք էր կատարվել, «Գարեգին Նժդեհի» հրապարակն անհամեմատ տեսքի էր եկել, եւ վաճառականներից ինֆորմացիա կորզել չէր հաջողվում, որովհետեւ նրանք արդեն զգուշացված էին մեր այցելության մասին: Այդուհանդերձ, որոշ առեւտրականներ փաստեցին, որ հսկող ոստիկաններին իրենք գումար են տալիս, որպեսզի թույլ տան առեւտուր անել: Մեկն ասաց՝ 200 դրամ, մեկ ուրիշը՝ 1000 դրամ, իսկ ոմանք պնդեցին, թե ոչ մի «նալոգ» չեն տալիս: Նրանց հավաստմամբ՝ շուկայում առեւտուր չկա, հետեւաբար, իրենք նախընտրում են փողոցային առեւտուրը: Մինչդեռ հետաքրքիր է, որ հրապարակի հարակից տարածքում գոյություն ունի բացօթյա շուկա, որը պատկանում է 6-րդ վարչության աշխատակիցներին՝ Աշոտ Թավաքալյանին, անունը մեզ չհաջողվեց պարզել: Այնպես որ, Շենգավիթի շրջանի շուկան կառավարում են Շենգավիթի ոստիկանությունն ու 6-րդ վարչության աշխատակիցները: Շուկայի գործադիր տնօրեն Սվետլանա Պողոսյանն ասում է, որ առեւտրականները, հսկիչներին գումար տալով, նախընտրում են փողոցային առեւտուրը: Միեւնույն ժամանակ նշեց, որ իրենց շուկայում տեղի վարձը բավականին մատչելի է. մինչեւ 500 դրամ: Հսկիչներն այնքան էլ շահագրգռված չեն շուկայում առեւտրականների առկայության համար, քանի որ այս պարագայում իրենց գրպանի գումարը պակասում է: «Նա կուզի՞, որ իր գրպանի փողը պակասի, բնականաբար չի ուզի,- ասում է տիկին Պողոսյանը: -Հնարավոր չի, հսկիչն ուրախ լինի, որ առեւտրականը գա շուկա: Օր է լինում, երբ փողոցները մաքուր են, բայց դա պայմանավորված է պաշտոնական այցելություններով: Օրինակ, երկուշաբթի օրերին, քաղաքապետարանի դիսպետչերականներին արգելում են առեւտուրը, որովհետեւ ստուգում է իրականացվում, բայց հետո նորից թույլ են տալիս: Այն օրերին, երբ պաշտոնական մարդիկ պետք է անցնեն այստեղով, հսկիչներն ասում են՝ հավաքե՛ք, այցելությունից հետո նորից փողոցները լցվում են: Քաղաքապետի որոշումից հետո ոչ մի փոփոխություն չկա, շրջե՛ք փողոցներով, տեսեք՝ ինչ է կատարվում, անգամ շենքերի մուտքերում են առեւտուր անում: Այսօր առավոտյան ինչ-որ չափով մաքրել են, բայց մի քանի ժամ հետո կտեսնեք՝ ինչ է կատարվելու: Իրականում հսկիչները պայմանավորվում են առեւտրականների հետ, ասենք՝ որ ժամին իրենց ձեռք չի տալիս, թույլ չեն տալիս, իսկ այն ժամերին, երբ քաղաքապետարանից ստուգում չկա, նորից լցնում են փողոցները: Առեւտրականները բնականաբար չեն խոստովանում, որ գումար են վճարում հսկիչներին, որովհետեւ նրանց միջեւ պայմանավորվածություն կա, հակառակ դեպքում՝ ընդհանրապես կզրկվեն փողոցային առեւտուր անելու հնարավորությունից: Ամեն բան կատարվում է թաղապետարանի եւ ոստիկանության հսկիչների նախաձեռնությամբ»:
Երեւանի քաղաքապետի օգնական Էդմոն Զարգարյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան՝ վերջինս հավաստիացրեց, որ համայնքի ոստիկանությանն ու թաղապետարանին հանձնարարվել է փողոցային առեւտուրը կասեցնել: Փաստորեն, քաղաքապետի տեղակալ Արման Սահակյանը՝ ստորագրելով հանձնարարականն, իրականում պատկերացում չունի, որ փողոցային առեւտուրն արգելվում է հատուկ ժամերին, ասել է թե՝ այն դեպքում, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչները վերահսկում են, թե ինչպես է քաղաքապետի որոշումն իրականացվում: