Չախալյանի գործը կմտնի վերաքննիչ դատարան

13/12/2006

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ, Հայաստանից արտաքսված Վահագն Չախալյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը երեկ հայտարարել է, որ առաջիկա օրերին դիմելու է վերաքննիչ դատարան: Նա ասել է, որ Չախալյանը արտաքսված է եւ իրավունք չունի մտնելու Հայաստան, իսկ դատավարությունն առանց նրա ներկայության չի կարող անցկացվել, եւ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու այս հարցը: Հիշեցնենք, որ Վ. Չախալյանը դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման, ինչից հետո արտաքսվել է Հայաստանից: Գյումրիում դատն անցկացնելու միակ նպատակը, ըստ փաստաբանի, Չախալյանին Վրաստանի իշխանություններին հանձնելն էր. «Դա նախապես պլանավորված էր»: