Պար մտնողը պիտի շորորա

13/12/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ինչպես եւ սպասվում էր, ղարաբաղյան խնդրում 2006թ. «հնարավորությունների պատուհանը» փակվեց, եւ կողմերի միջեւ որեւէ համաձայնություն չկայացավ: Ամենայն հավանականությամբ, այդ առումով 2007-ը նույնպես որեւէ նորություն չի բերի: Բայց բանակցային գործընթացի տեղապտույտին զուգահեռ մի հետաքրքիր բան էլ է տեղի ունենում. առանց որեւէ տեսանելի պատճառի Ջավախքի հարցը քայլ առ քայլ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում:

Իհարկե, ցանկության դեպքում այստեղ կարելի է միայն «ռուսական հետքը» տեսնել եւ ձեւացնել, թե որեւէ ուրիշ պատճառ չկա: Հասկանալի է, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է «պատժել» անհնազանդ Վրաստանին, եւ այդ գործում Ջավախքը կարող է ռուսներին «պետք գալ», բայց արդյո՞ք խնդիրը միայն ռուսական հետքն է: Եվ արդյո՞ք պատահականություն է, որ Ջավախքի թեմայի շուրջ ակտիվությունը մեծանում է ճիշտ այն պահին, երբ ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան բանակցություններն այս անգամ եւս ձախողվեցին: Այս հարցի պատասխանը գտնելու համար փորձենք հասկանալ, թե ինչպես են Հայաստանի քաղաքական ուժերը պատկերացնում ղարաբաղյան հարցի կարգավորումը:

«Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն, օրինակ, «Միտք» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում այն տեսակետն է հայտնում, թե Ղարաբաղը պետք է ստանա միջանկյալ անկախություն (ասենք` Եվրամիության հովանու ներքո), պետք է Ղարաբաղի տնտեսության զարգացման համար նախադրյալներ ստեղծվեն, ապա պետք է կազմակերպվի փախստականների վերադարձը (բացառապես կամավոր հիմունքներով), իսկ հետո հանրաքվեի միջոցով որոշվի ԼՂՀ կարգավիճակը: Ինչպես նկատեցիք, այս սխեմայում ազատագրված տարածքների ապագայի մասին խոսք չկա (բայց ենթադրվում է, որ դրանք պիտի վերադարձվեն, որովհետեւ հակառակ դեպքում փախստականների վերադարձն անհնար է): Բայց սա հասկանալի է. Սամվել Բաբայանի համար դժվար կլիներ խոսել այդ թեմայով: Խնդիրն այստեղ բոլորովին այլ է:

Բանն այն է, որ այս սխեմայի հիմքում ընկած է այն գաղափարը, որ Հարավային Կովկասը պետք է ձգտի ինտեգրվել Եվրամիությանը. առաջնորդվել ժողովրդավարությամբ եւ մարդու իրավունքների գաղափարով, ինչն էլ հնարավոր կդարձնի հենց այդ հիմքի վրա հասնել խնդրի վերջնական կարգավորման: Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ Ադրբեջանը դա չի ուզում եւ ձգտում է Հայաստանին մեկուսացնել տարածաշրջանային բոլոր ծրագրերից: Ընդ որում, Սամվել Բաբայանն ինքը շատ լավ գիտակցում է, որ Ղարաբաղի հարցում այսօրվա վիճակի պահպանումը մեր շահերից չի բխում: ՈՒրեմն ի՞նչ անել:

Ըստ էության, իրավիճակը հետեւյալն է. Ադրբեջանն այսօր բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել եւ հրաժարվում է լուրջ փոխզիջումների գնալ: Ընդ որում, Ադրբեջանն այդպես վարվելու հիմքեր ունի, որովհետեւ Հայաստանին մեկուսացնելու ծրագիրը լավ էլ հաջողվում է: Ավելին` Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցումից հետո այդ մեկուսացումը գրեթե լիակատար կդառնա: Իսկ Հայաստանն այս իրավիճակում երկու հնարավորություն ունի: Կամ գնալ լուրջ փոխզիջումների, շուտափույթ կերպով կարգավորել խնդիրը եւ խուսափել տարածաշրջանային մեկուսացումից, կամ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք Ադրբեջանին կստիպեն «հույսը կտրել» Հայաստանին մեկուսացնելու ծրագրից (հասկանալի է, որ դրանից հետո ադրբեջանցիներն ավելի զիջող կդառնան):

Պարզ ասած, Հայաստանը հայտնվել է երկընտրանքի միջեւ: Քանի որ ստատուս-քվոյի պահպանումն, այսպես թե այնպես, մեր օգտին չէ, մնում է ընտրություն կատարել: Կամ համաձայնվում ենք փուլային տարբերակին եւ հենց հիմա զորքերը դուրս ենք բերում առնվազն հինգ շրջաններից, կամ Ջավախքում շարժում է սկսվում, ինչն էլ խոչընդոտում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղային նախագծին: Այսպես թե այնպես, պար մտնողը կամ պիտի շորորա, կամ դուրս գա պարահրապարակից: Հենց այնպես հրապարակի մեջտեղում կանգնել չի կարելի:

Եթե մենք շարունակում ենք բանակցությունների իմիտացիան եւ միաժամանակ ոչինչ չենք ձեռնարկում Ջավախքում, ապագան գուշակելը դժվար չէ. Հայաստանը լիակատար մեկուսացման է ենթարկվում: Եթե մենք շարունակում ենք բանակցությունների իմիտացիան, բայց Ջավախքում սրացումները չենք կանխում, նույնպես դժվար չէ գուշակել ապագան. ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունները վերսկսվում են, եւ ունենում ենք երկու ճակատ` լիակատար շրջափակման պայմաններում: Տրամաբանորեն մնում է միայն մի ելք. կանխել Ջավախքի «հնարավոր զարգացումները» եւ փորձել իսկապես կարգավորել ղարաբաղյան խնդիրը: Բայց հայ քաղաքական միտքն այս տարբերակն «ազգային դավաճանության» պես բան է համարում եւ խնդիրն անմիջապես տեղափոխում է բարոյական հարթություն:

Իսկ քաղաքական հարցերը բարոյական հարթություն տեղափոխելու դեպքում հաղթանակները, որպես կանոն, միայն բարոյական են լինում: