Իսկ հորիզոնում լաստանավ չի նշմարվում

13/12/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ինչպես հայտնի է, «Տիգրած Մեծ» հրատարակչությունում տպագրվող մոտ 30 անուն թերթերի ճակատագիրն օդից կախված է մնում: Ուկրաինայից ներկրվող թուղթը բերող լաստանավը դեռ Իլյիչեւսկ նավահանգստում է: Իսկ «Տիգրած Մեծ» տպագրատան տնօրեն Վրեժ Մարկոսյանը հայտարարել է, որ թղթի առկա պաշարներով «Տիգրան Մեծում» հրատարակվող թերթերը կշարունակեն լույս տեսնել մինչեւ դեկտեմբերի 8-ը, որից հետո տպագրությունը կդադարեցվի մինչեւ դեկտեմբերի 16-ը:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, սակայն, չի պատկերացնում, որ թեկուզ մեկ օր ամբողջ հանրապետությունը կարող է մնալ առանց տպագիր մամուլի: Երեկ «Ուրբաթ» ակումբում նա հայտարարեց, որ, անկախ այն բանից, թե որտեղից է ներկրվում թուղթը, եւ ինչ պրոբլեմներ կան, հնարավոր ամեն ինչ պետք է ձեռնարկվի` խնդիրը լուծելու համար: «Յուրաքանչյուր լրատվամիջոց իրավունք ունի պահանջելու, որպեսզի պետությունն ապահովի տպագրական թղթի մատակարարումը»,- ասաց Ա. Գեւորգյանը` հիշեցնելով, որ 1990-ականների սկզբի ծանր օրերին նույնիսկ տպագրական թուղթն ապահովված էր` թեկուզ ավելի բարձր գներով: Նա զերծ մնաց այն տեսակետը պաշտպանելուց, թե սա հատուկ արված փորձնական քայլ է ընտրությունների նախաշեմին: «Իմ գնահատականն այն է, որ ինչ-որ օղակ լավ չի աշխատել: Մոնոպոլիան միշտ էլ նման իրավիճակ է ստեղծում»,- նշեց Ժուռնալիստների միության նախագահը:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, չհամաձայնելով Ա. Գեւորգյանի վերջին մտքի հետ, հիշեցրեց, որ տպագրական թուղթ ներկրում է ոչ միայն «Տիգրան Մեծը»: «Եթե խնդրին նայենք բիզնեսի տեսանկյունից, ապա յուրաքանչյուր թերթ պետք է ունենա իր թղթի պաշարները»,- նշեց Հ. Ավետիքյանը: Սակայն, նրա կարծիքով, դա Հայաստանում անհնար է, քանզի կապված է մի շարք ֆինանսական խնդիրների, ներդրումների հետ: «Իհարկե, հարցի քաղաքական կողմն էլ կա, քանզի տպագրական թուղթը (գոնե մեզ շրջապատող երկրներում) ստրատեգիական նպատակ ունի: Ուստի համապատասխան մարմինները մեկ օր, մեկ ժամ առաջ պետք է մտածեին այս մասին»,- ասաց «Ազգի» գլխավոր խմբագիրը: Նա նշեց նաեւ, որ այս միջադեպը տպագիր մամուլի համար գլխավոր հարցը չէ: Նրա կարծիքով, հետագայում թերթերը կարող են տարածող մարմինների հետ պրոբլեմներ ունենալ, քանզի այդ ընկերությունները մեծ գումարներ են պարտք թերթերին: Հ. Ավետիքյանի հավաստմամբ, օրինակ, վերջերս սնանկացած «Հայկոնտակտը» միայն իրենց թերթին պարտք է 6,5 մլն դրամ:

Թեեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը «Տիգրան Մեծում» չի տպագրվում, այնուամենայնիվ, թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մտահոգված է իր գործընկերների համար: Նրան այս պատմությունը «հուզել է մտածողության տեսանկյունից», այսինքն, այն փաստը, որ Վրեժ Մարկոսյանը թղթի դեֆիցիտի մասին խմբագիրներին տեղեկացրել է ոչ թե ուղղակիորեն, այլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում լույս տեսած հայտարարության միջոցով: Ն. Փաշինյանն այս փաստն անվանեց «մտածողության ախտ»: Անդրադառնալով տպագրական թղթի ներկրման մոնոպոլիայի հարցին` «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը նշեց, որ թեեւ այլ ընկերություններ նույնպես թուղթ են ներմուծում, այնուամենայնիվ, «Վրեժ Մարկոսյանը դե ֆակտո օլիգարխ է եւ քվոտավորված պատվերներ է իրականացնում»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ Հայաստանի լրատվական ոլորտում չկա որեւէ գործընկեր սուբյեկտ, որը մինչեւ վերջ լրատվամիջոցների նկատմամբ իր պարտականությունները կատարում է պատասխանատվության զգացումով: Բ. Նավասարդյանի կարծիքով, չկա մի մեխանիզմ, որը կկանխարգելի այս երեւույթը: Նրա խոսքերով, հիմնական խնդիրն այն է, որ այդ գործընկեր կազմակերպությունները շահագրգռված չեն լրատվամիջոցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել:

Հ. Ավետիքյանը համաձայն չէր հնչեցված այն կարծիքի հետ, թե հայաստանյան տպագիր մամուլը կախված է «Տիգրան Մեծից» եւ լաստանավից: Նրա խոսքերով, մենք այսօր այլընտրանք ունենք, օրինակ, «Գինդ» կամ «Նոյյան տապան» տպագրատները: «Ազգի» գլխավոր խմբագրի տեղեկությունով, սակայն, «Տիգրան Մեծն» ամսական 120 տոննա թուղթ է սպառում թերթերի տպագրության համար, իսկ «Գինդը»` 10 տոննա: «Գուցե այս առիթն օգտագործվի եւ այլ տպարաններ ի հայտ գան, որոնք կաշխատեն տպագիր մամուլի հետ»,- ասաց Հ. Ավետիքյանը: Նա մտահոգիչ է համարում միջադեպի առիթով «համապատասխան մարմինների» անտարբերությունը: «Որեւէ պաշտոնյա, օրինակ, ինձ հետ այս օրերին չի խոսել, չի հարցրել, թե ինչո՞վ կարող է օգտակար լինել»,- նշեց Հ. Ավետիքյանը` ենթադրելով, որ շատ պաշտոնյաների համար նույնիսկ լավ է, որ թերթերը չեն տպագրվելու, «գլխացավանք չի լինի»: Ն. Փաշինյանն էլ ասաց, որ իշխանությունները կարող էին այս օրերին մի ինքնաթիռ վարձել ու տպագրական թուղթ ներկրել: «Երբ անհրաժեշտ էր, իշխանություններն արագորեն ինքնաթիռ վարձեցին, դուբինկաներ, սաղավարտներ եւ այլն բերեցին Հայաստան»,- հիշեցրեց «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը:

Անդրադառնալով նրան, որ շատ թերթեր դեկտեմբերի 8-ից հետո անորոշ ժամկետով ստիպված են այլ հրատարակչությունում տպվել, Հ. Ավետիքյանը նշեց, որ օրինակ, «Ազգի» ինքնարժեքը 2,5 անգամ աճելու է այդ դեպքում: Թերթի գինը կմնա անփոփոխ: «Վնասներն ինքներս ենք կրելու, բայց այսպես երկար չենք դիմանա»,- ասաց Հ. Ավետիքյանը` հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ խնդիրը կլուծվի: «Թող այս միջադեպն ահազանգ լինի, որ վաղը կամ մյուս օրն այսպիսի իրավիճակ այլեւս չկրկնվի»,- ասաց Աստղիկ Գեւորգյանը: