ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS-ՄՄՀՀ) ծրագիրը նպատակ ունի ցույց տալ այն ուղին, որով Հայաստանը կարող է զարգացած երկրների կողքին տեղ զբաղեցնել: Ծրագրի պատասխանատուները նշում էին, որ միակ ելքը տնտեսության կայուն զարգացում ապահովելն է, ինչն էլ հնարավոր կլինի միայն մրցունակության խթանման միջոցով: Ծրագիրն իրականացվում է 2005 թվականից:
Առաջիկա երեք տարիներին ծրագրի իրականացման համար մի քանի միլիոն դոլար գումար կա, իսկ հետագայի համար դեռ կմտածեն: Մեկնարկի համար նրանք ընտրել են երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտները: Այժմ մտածում են ներգրավել եւս մեկ ոլորտ՝ դեղագործությունը կամ ջերմոցային տնտեսությունը: Իսկ երեկ ծրագրի պատասխանատուները ներկայացնում էին այն տեսական գիտելիքները, որոնք ընկերություններին անհրաժեշտ են մրցունակությունը բարձրացնելու համար, եւ որոնք գործնականորեն գրեթե չեն կիրառվում Հայաստանում:
Եվ այսպես, ի՞նչ է մրցունակությունը՝ որակյալ արտադրա՞նք, նորարարություննե՞ր, թե՞ բնական ռեսուրսներ: Իհարկե, այս բոլոր պայմաններն անհրաժեշտ են, սակայն դեռեւս բավարար չեն մրցունակություն ապահովելու համար: ՄՄՀՀ փորձագետների կարծիքով` մրցունակության համար անհրաժեշտ է բարձրացնել արտադրողականությունը եւ սպառողների պահանջարկը հնարավորինս բավարարելու ունակությունը: Ծրագրի փոխտնօրեն Արտակ Մելքոնյանը նույնիսկ ներկայացրեց մրցունակության կառուցվածքը, որը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից՝ շահութաբեր շուկաների զատորոշում, ապրանքներին ու ծառայություններին այն արժեքի ավելացում, որով կտարբերվեն մրցակիցների առաջարկներից, եւ տարբերակված ապրանքների նպատակային, արդյունավետ ներկայացում դրանց ամենաշահութաբեր սպառողներին: Մրցունակության այս կառուցվածքը որոշ չափով ընդունելի է հայ գործարարների համար: Սակայն գործարարներին անպայման կզարմացնի ծրագրի մասնագետների այն կարծիքը, թե մրցունակության համար պարտադիր չէ «պաշտոնյաների հատուկ համակրանքն առանձին ընկերությունների նկատմամբ»: Անհնար, նույնիսկ զավեշտալի կթվա, եթե որեւէ մեկը փորձի Հայաստանի շարքային, թեկուզ գործարար քաղաքացուն համոզել, թե ներկրվող շաքարավազի, կարագի, մսի, շինանյութի կամ բենզինի բիզնեսով զբաղվելու համար բոլորովին էլ պարտադիր չէ ունենալ պաշտոնյաների կամ իշխանությունների հովանավորությունը: Եթե նույնիսկ որեւէ մեկը փորձի, ապա նրան խելագարի տեղ կդնեն, կամ էլ՝ լավագույն դեպքում, կմտածեն, թե ներկայացնողը պետական պաշտոնյա է, որն ընդամենը մամուլի կամ միջազգային կառույցների համար է նման հայտարարություն անում:
Վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզել էր, որ շաքարավազի ներկրման շուկայում հայտնվել է գերիշխող դիրք ունեցող նոր ընկերություն՝ «Սալեքս Գրուփը»: Անցյալ տարի մոնոպոլիստը «Ֆլիտֆուդն» էր: Առաջին հայացքից կարելի է մտածել, թե «Սալեքս Գրուփը» ազնիվ մրցակցության արդյունքում, հնարավոր է նաեւ` ՄՄՀՀ ծրագրի ներկայացրած մրցակցության անհրաժեշտ պայմաններն ապահովելով, «Ֆլիտֆուդից» գրավել է շաքարավազի շուկայի գերիշխող մասը: Մանավանդ, որ Հայաստանի օրենսդրությունը դա չի արգելում: Բայց հետո պարզվեց, նաեւ մամուլում հրապարակում եղավ, որ այս երկու ընկերություններն իրականում պատկանում են նույն մարդուն՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Վերջինս ընդամենը կիսել էր շաքարավազի ներկրման իր բիզնեսը եւ մեծ մասը տեղափոխել էր նոր բացված «Սալեքս Գրուփ» ընկերություն: Այս քայլն, իհարկե, իր գործարար նպատակներն ունի եւ բոլորովին այլ թեմա է: Ուղղակի մեկ անգամ եւս հավելենք, որ սա ամենեւին էլ տնտեսության կայուն զարգացում ապահովող առողջ մրցակցության կամ ամերիկացիների առաջարկած բաղադրատոմսի կիրառման արդյունքում չի տեղի ունեցել: Ճիշտ հակառակը, այս քայլը նպատակ ունի կայուն զարգացող գերշահույթ ապահովել շաքարավազ ներկրողին: Հնարավոր է, որ նույն «առողջ» մրցակցության արդյունքում «Սալեքս Գրուփից» առաջ «Ֆլիտֆուդն» է գրավել շաքարավազի շուկայի գերիշխող դիրքը, բայց դարձյալ Ս. Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության հաշվին: Եվ այս վիճակը գրեթե բոլոր ոլորտներում է:
Մինչդեռ ՄՄՀՀ-ի ներկայացմամբ, եթե մրցունակությունը տանիք է, ապա դրա համար երերուն, ոչ կայուն հիմք են ինչպես «պաշտոնյաների հատուկ համակրանքն առանձին ընկերության հանդեպ, այդպես էլ տարադրամի նպաստավոր փոխարժեքը, գնաճի ցածր մակարդակը», եւ այլն: Բանախոսները հայտարարեցին, որ այս ծրագիրը հաջողությամբ իրականացվել է այլ երկրներում: «Ինչո՞ւ դուք չեք կարող հաջողել»,- հարցնում էին նրանք: Բայց Հայաստանում ամեն ինչ հակառակն է: Իսկ թե ինչո՞ւ չենք կարող հաջողել, հավանաբար, նրանց կբացատրեն մեր գործարարները: ԱՄՆ փորձագետները նկատել են, որ վերջին 5-6 տարիներին Հայաստանը դրականորեն փոխվել է: Նրանք, օրինակ, նկատել են, որ Վերնիսաժում վաճառվող նկարներում պայծառ գույները շատացել են: Եվ եզրակացրել են՝ ուրեմն Հայաստանում կյանքը լավացել է: Նրանք նաեւ հայտարարեցին, թե Հայաստանում ստվերային տնտեսություն կա, բայց դրա պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ ընկերությունները չգիտեն ինչպես մրցակցել: Եվ ահա այսպես ՄՄՀՀ մասնագետները սովորեցնում են: Խնդիրն այն է, որ նրանց տեսական գիտելիքներն այնքան էլ կիրառելի չեն հայաստանյան իրականության մեջ:
Ավելացնենք, որ ՄՄՀՀ փորձագետներն իրենց ծրագրի շրջանակներում ուսումնասիրել են Հայաստանի զբոսաշրջության շուկան եւ եկել այն եզրակացության, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկները հիմնականում գոհ են մեր երկրից, թեեւ մեզ մոտ հյուրանոցների գներն ավելի բարձր են, քան, օրինակ, ծով ունեցող Թուրքիայում: «Կարեւորը, որ Հայաստանը մրցունակ լինի իր հարեւանների համեմատ,- ասում է ՄՄՀՀ-ի փորձագետ Ալեն Սաֆֆերին: -Հայաստանում զբոսաշրջության համար նպատակային շուկաները ճիշտ չեն ընտրված: Հայաստանը պետք է որոշի, թե ի՞նչ է վաճառում եւ ո՞ւմ է վաճառում»: Պարոն Սաֆֆերին նաեւ կարծում է, որ «Հայաստանը երբեք չի դառնա զանգվածային զբոսաշրջության երկիր եւ պետք էլ չի, որ դառնա»: Իսկ մեր իշխանությունները, մասնավորապես` ոլորտի պատասխանատուներն ու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համոզված են, որ առաջիկա տարիներին զբոսաշրջիկները կողողեն Հայաստանը: Դրա համար էլ լիքը եւ շատ թանկ ծառայություններով հյուրանոցներ են կառուցվում: «Հայաստանն ունի այն ներուժը, որ թանկ վճարելու պատրաստ զբոսաշրջիկներ կարող է ներգրավել»,- այս հարցում ՀՀ իշխանությունների հետ համակարծիք են ՄՄՀՀ փորձագետները: