Տաքսու վարորդների հետ քննարկվող այսօրվա մեր թեման երիտասարդությունն է՝ նոր սերունդը: Նրանցից շատերի կարծիքով՝ երիտասարդների դժբախտությունը գիրք չկարդալն է, ինչի հետեւանքով մեծանում է անգրագետ եւ անդաստիարակ սերունդ: Սա մի թեմա է, որի մասին խոսելիս տարեց վարորդները վերհիշում են իրենց պատանեկությունը, իսկ առավել երիտասարդներն այսօրվա երիտասարդությանը լավ ճանաչելու համար առաջարկում են ծանոթանալ իրենց մշտական մի քանի «լրճկված» պատվիրատուների հետ:
«Գովա՞զդն են մտցրել կինոյի մեջ, թե՞ կինոն գովազդի մեջ»
Երկար տարիներ հեռուստատեսությունում ռեժիսոր աշխատած վարորդ Սարգիսն իր պատվիրատու երիտասարդներից շատերին համարում է «չտեսնված կադրեր», երեւույթներ: Վարորդական իր գործունեության ընթացքում կատարված մի քանի դեպքերի մասին պատմել է ռեժիսոր Արա Վահունուն, ում համար այդ պատմությունները հեռուստատեսային նոր հաղորդում ստեղծելու գաղափար են առաջացրել: «Դրանք իսկական սյուժեներ են: Արա Վահունին ասաց, որ կարելի է հետաքրքիր հաղորդում ստեղծել, բայց, դժբախտաբար, մահացավ»,- պատմում է Սարգիսը ու երիտասարդների մտավոր կարողությունը նկարագրելու համար բերում է մի քանի օրինակներ. «Պատվեր եմ ստանում, ուղեւորին վերցնում եմ: Երիտասարդ տղա է, զանգահարում է ընկերուհուն, թե` արի Պուշկինի արձանի մոտ ենք պայմանավորվում: Ասում է՝ գնում ենք Օպերա, Պուշկինի արձանի դիմաց: Ասում եմ՝ տղա ջան, Պուշկինի արձան Երեւանում չունենք, դպրոց կա, որտեղ կիսանդրին է, ասում եմ` ես 4 սերունդ Երեւանում եմ ապրում ու էդպիսի արձան գոյություն չունի: Մուննաթ է գալիս, թե՝ քեզ ասինք` քշի Օպերա, Պուշկինի արձանի մոտ: Ես էլ նոր Լենինգրադից էի եկել, մտածեցի, կարո՞ղ է նոր արձան են տեղադրել՝ ես տեղյակ չեմ: Քշեցի Օպերա, եկանք, հասանք, թե՝ ստեղ կանգնեք, հես ա արձանը: Տեսնեմ` Առնո Բաբաջանյանի արձանն է: Ասում եմ՝ տղա ջան, ով որ քեզ ասել է, որ սա Պուշկինի արձանն է՝ իրեն վերցրու ու եկեք կարդացեք, թե ինչ է գրված: Օրեր առաջ 3 աղջիկ նստեցին, թե` գնում ենք Կոմիտաս: Ասում եմ՝ Կոմիտաս ո՞ր մասը, ասում են` Աբովյանի տուն-թանգարան: Էլ ի՞նչ խոսես»,- պատմում է Սարգիսը՝ ասելով, որ երիտասարդներն այսօր առհասարակ գիրք չեն կարդում: «Մի օր հարցում արեք ու կտեսնեք, որ անգամ հայ հեղինակներին չեն ճանաչում, էլ ո՜ւր մնաց` արտասահմանյան գրականությունից տեղյակ լինեն: Իսկ ամենակարեւոր հանգամանքը հեռուստատեսությունն է: Սերունդ կրթելու հարցում շատ մեծ դեր ունի, թե էսօր ի՞նչ են նայում երիտասարդները: Նայում ենք՝ բոլոր ալիքներով կամ համերգ է, կամ շոու է, կամ էլ գովազդ: Ամբողջ ինֆորմացիան դա է, դրա համար էլ ինչ տեսնում են՝ այն էլ կիրառում են: Ջահելներն իրար հետ շփվում են նույն գովազդների լեքսիկոնով: 20 տարի Հ1-ում եմ աշխատել, 1993թ. հեռուստատեսության նախագահի նոր տեղակալ եկավ, ասաց՝ ես ձեզ խորհուրդ եմ տալիս դիմում տալ, ազատվել, դուք հին մտածելակերպով եք աշխատում»,- պատմում է վարորդը՝ հավատացնելով, որ պետական համարվող Հ1 հեռուստատեսության ներկայիս բոլոր հաղորդումները շահույթ հետապնդող են: «Էն ժամանակ Գրականության եւ արվեստի բաժին ունեինք, ուսումնական, դաստիարակչական, գեղագիտական ճաշակ թելադրող հաղորդումներ էինք անում: Հիմա ինձ միայն դուր են գալիս «Արմենակոբ» եւ «Հայրենիք» հեռուստաընկերությունները: Ջահելներին լցրել են եթերում, բայց երկու բառ չեն սովորեցնում, որ գոնե գրագետ խոսել իմանան: Աղջիկս շատ գեղեցիկ է, բարձրահասակ, շեկ մազերով, կապուտաչյա: Քանի որ թե՛ ես, թե՛ կինս՝ սպորտային մեկնաբան Նաթելլա Հովասափյանը հեռուստատեսության աշխատողներ ենք եղել, մեզ ճանաչելով աղջկաս հրավիրեցին հաղորդավար աշխատելու: Աղջիկս պտտվեց, ասաց՝ դուք միայն տեսքի՞ս եք նայում, կարող է ես խոսել, կարդալ չգիտեմ: Չգնաց: Հաղորդավարներից միայն Գայանե Փայտյանին եմ հավանում, կարդալը, կեցվածքը, գրագիտությունը, քեֆս բերում է: Նայում ես մյուս հաղորդավարներին՝ մենակ կանգնելու ձեւն է մեջդ տպավորվում, խոսելիս` ոչ վերջակետ, ոչ ստորակետ, ոչ մի դադար: Արմեն Ամիրյանը երբ եկավ ստուդիա հաղորդավար աշխատելու՝ մոտ 100-150 հոգի հաղորդավարի թեկնածուներ կային: 3 փուլ անցան, որից հետո մնացին 2 հոգի՝ Արմենն ու մեկ ուրիշը: Ամեն մեկին չէին թողնում եթեր, շատ պատասխանատու աշխատանք էր,- պատմում է նա ու հայտնում իր դժգոհությունն այսօրվա հեռուստատեսությունից,- ֆիլմի ժամանակ էնքան գովազդ է, որ չես հասկանում` գովազդն են մտցրել կինոյի մե՞ջ, թե՞ կինոն գովազդի մեջ: Իսկ սերիալների առատությունը հատուկ է արված, որպեսզի մարդկանց միտքը բթացնեն: Մեր շենքի բոլոր բնակիչները, ջահել երեխեքը օրերով տանը նստած՝ հատուկ սպասում են ժամերին, որ սերիալ նայեն: Վերջերս ռադիոյով Ալվարդ Պետրոսյանի հարցազրույցը լսեցի ու շատ զարմացա: Էսպիսի արտահայտություն արեց, որը մինչեւ հիմա էլ գցում-բռնում եմ, բայց չեմ ընկալում. ասաց՝ էն ժամանակ մեր սերունդը շատ էր գիրք կարդում, դրա համար էլ մենք ռոմանտիկ էինք, իսկ հիմիկվա երիտասարդությունը գիրք չի կարդում, դրա համար պրակտիկ է: Այսինքն՝ պրակտիկ լինելը լավ բան է ու գիրք չկարդալը նույնպե՞ս: Ես չեմ ուզենա երեխաներս գիրք չկարդան, թատրոն չգնան: Տղաս 6 ամսով Բոստոն մեկնեց սովորելու ու որոշեց մնալ այնտեղ»,- ասում է Սարգիսն ու վստահեցնում, որ ինքը 4 տարի ապրել է Լենինգրադում եւ կրկին համոզվել է, որ այնտեղ երիտասարդները սիրում են գիրք կարդալ:
«Արա՛, դո՞ւ էլ…»
Իսկ 50-ն անց վարորդ Գեւորգին սերիալների առատությունն այնքան է զայրացնում, որ այդ թեմայով խոսելու ընթացքում մեքենա վարելիս քիչ էր մնում վթարի ենթարկվեր. «Տեսնո՞ւմ ես ինչ փիլիսոփայություն կա էդ սերիալների մեջ, որ իմ նման մարդկանց ներվերն էնքան են քայքայվել, որ ուղեւորիս գլուխն ուտելու էի… Դրանք մարդկանց տուպոյ են դարձնում, աղջիկ ջան: Իմ ընտանիքի կնանիք էդ սերիալների գերին են դարձել: Ես որպես տղամարդ խանդում եմ, ասա՛ ո՞ւմ եւ ինչի՞: Ասեմ՝ խանդում եմ կնոջս, որ իրա համար սերիալն ավելի շատ ժամանակ ա խլում, քան ես: Հոգնած տուն ես մտնում, ուզում ես մեկի հետ կիսվես, խոսաս, թեթեւանաս: Այ մարդ, որ կողմ նայում ես` աչքները չռած Պաչեկո ու Սանտյագո են նայում: Ասում եմ՝ ես եկել եմ, բայց դու Պաչեկոյով ես տարվել: Ասում ա՝ հաց-մացը դրել եմ, ի՞նչ ես ուզում: Ասում եմ՝ ուզում եմ կողքս նստես ու հարցնես` ո՞նց անցավ աշխատանքային օրդ»,- բարկացած պատմում է Գեւորգը ու ավելացնում, որ սերիալներն անբարոյականություն են քարոզում: «Էսօր ինչի՞ են էդքան ընտանիքներ քանդվում, որովհետեւ էդ կինոները քարոզում են մի քանի կանայք ունենալ, մի քանի սիրեկան պահել: Մեկը սիրահարվում ա մեկի հորը, մյուսը սիրահարվում ա խորթ քրոջը, մի ջահել լակոտ ամուսնանում ա տատու թայ կնկա հետ: Հասկանո՞ւմ ես, ուրիշ բարքեր են մտնում մեր կենցաղ: Կանայք նայում են՝ քիչ ա, դեռ ամբողջ օրն էլ քննարկում են, թե դեպքերը ոնց զարգացան: Հարեւաններով հավաքվում են, մի սուրճի բաժակով սկսում են էդ իրադարձությունները քննարկել: Դե հիմա ասա՛, հատո՞ւկ ա արվում, թե՞ չէ: Օրինակ՝ էդ Բրազիլիային էդքան փող որտեղի՞ց, որ էդ տուֆտա կինոների համար հսկայական փողեր ա ծախսում, կամ ինչի՞ ա ծախսում: Ուրեմն՝ հատուկ քաղաքականություն ա, չէ՞, որ մարդկանց, ազգերին դեբիլացնեն: Մեր ալիքները ամեն մեկը մի 5-6 սերիալ ա ցույց տալիս, ուրեմն՝ մեզ դեբիլացնելու հրաման են ստացել»,- վրդովված իր կարծիքն է հայտնում Գեւորգը՝ խորհուրդ տալով երբեւէ ոչ մի սերիալ չնայել, այլապես կվարակվեմ: «Վիրուս ա, գիտե՞ս: Մեր վարորդներից մեկը ամբողջ օրը քֆրտում էր էդ սերիալ հորինողներին: Գործից դուրս եկավ, հիվանդացել էր: Հիմա, որ զանգ եմ տալիս, հարցնում եմ ի՞նչ ես անում, ասում ա` սերիալ եմ նայում: Արա՛ ասում եմ՝ դո՞ւ էլ… Ասում ա, Գեւ ջա՛ն, էսի մոգական ուժ ա, պարապությունից մի 2 սերիալ նայել եմ ու չեմ կարում թարգեմ: Ասում ա՝ ծխելու պես ա: Ու էդ ճիշտ ա, գիտե՞ս: Ծխելուց մարմինդ ես փչացնում, իսկ էդ սերիալներից միտքդ ա փչանում»,- վստահեցնում է Գեւորգը՝ հեռուստաընկերությունների ղեկավարներին կոչ անելով՝ «սերունդը մեղք է, աղբով մի՛ լցրեք հեռուստադիտողի ուղեղը»:
«Լեգենդներ ու աստղեր չկան»
Վարորդ Սեդրակը երիտասարդներին անգրագիտության մեջ չի մեղադրում, որովհետեւ նրանք վերցնում են այն, ինչը սկուտեղի վրա նրանց մատուցում են դպրոցները, բուհերը, մշակույթն ու գրականությունը: «Ինչպես ասում են՝ կոպիտ դար, կոպիտ բարքեր… Ախր ասում են` մտավորականություն, մշակույթի գործիչներ: Ես 45 տարեկան եմ, գրքերի սիրահար, կարդացող մարդ: Էն մութ ու ցուրտ տարիներին, անգամ մոմի լույսի տակ նստած` գիրք էի կարդում, որ ցրվեմ, էդ դժվար կենցաղից վերանամ: Հիմա ինձ ասեք՝ գրողներ կա՞ն, մեծ դերասաններ կա՞ն ու, եթե կան, ինչո՞ւ մենք չենք ճանաչում: Քանի անգամ մտել եմ գրախանութ, մի քանի ժամանակակից գրողների գիրք եմ առել: Կարդացել եմ ու նախադասությունը նախադասության հետեւից մոռացել եմ: Նույնիսկ գրողի անունը մեջս չի տպավորվել: Կամ նույն դերասանները, ովքե՞ր են դերասանները: Հեռուստատեսությունն էսօր համ դերասան, համ երգիչ սարքողն ա: Դերասանները Վերվարածների ծաղրածունե՞րն են, թե՞ «Ֆուրորի» տղերքը, որ մոռանում են, որ եթերում զուգարան գնալու տրամաբանությամբ չի կարելի աշխատել: Էս նոր սերունդը շատ մեղք ա, որովհետեւ լեգենդներ չկան, աստղեր չկան, իրանց համար դասական օրինակ չկա: Էսօր Շլեպչյան, Օլքինյան, Ռաիսա Մկրտչյան ու Ալա Թումանյաններ չկան, այսինքն՝ կան, բայց կադրերի ետեւում են աշխատում, բայց նրանք պետք են մեզ, մեր երեխեքին նրանք շատ բան կտային: Հո մենակ դեկորացիայով չի՞, որ ամեն ինչը եվրո են դարձնում, բա ո՞ւր մնաց խոսքի ուժը»,- հարցնում է Սեդրակը:
«Տատիկ դու կծո՞ւ, թե՞ դառը զոքանչ ես»
Վարորդ Գագիկի կարծիքով՝ այսօրվա մեր հեռուստաընկերությունները քիչ են տարբերվում էժանագին տոնավաճառներից. «Ոչինչ չի արվում մարդկանց հոգեւոր բան տալու համար: Եթերն առաջարկում է՝ դու` ինձ, ես` քեզ: Լրիվ կոմերցիա ա: Բոլոր ալիքներով ինչ-որ բան են վաճառում՝ հետույք ու կուրծք մաշացնելու գործիքներ, պրեզերվատիվներ, հաց ու պանիր, կանֆետ ու ավտո: Բա էդ լոտոները, ոնց որ մարդկանց հիմարի տեղ դնեն: Ավտո շահած մարդիկ դժբախտ դեմքով պատմում են, թե քանիսով, որտեղից, երբ, ոնց առան էդ տոմսը ու ավտոն շահեցին: Էդ շոուն սարքողները գոնե թող ասեն` մի քիչ երջանիկ դեմքով պատմեն, թե չէ՝ ավտո շահող մարդն էդ տեսքով կպատմի՞, զռում ա, չէ՞, որ սուտի ա»,- ասում է Գագիկն ու զարմանում, որ մարդիկ դեռ նման բաների վրա գումարներ են ծախսում: «Հասկացանք, որ ամեն մեկը մի 3 հատ ալիք առել, շահագործում ա, բայց մենք իրավունք չունե՞նք մի նորմալ բան նայենք: Առաջ, որ էդ հարցը տալիս էինք՝ պատասխանում էին՝ չես ուզում, ուրիշ ալիք նայի, բայց էսօր բոլոր ալիքներն են տենց, հեռուստադիտողը անջատի՞: Գոնե Հանրայինը պետք ա էդքան ռեկլամ չտա, պետական ա, չէ՞, համարվում ա, որ Հայաստանի քաղաքացիների ալիքն ա, բայց կարա՞ս մի հատ բացառություն ասես, որ մյուսներն անում են, իսկ Հանրայինը քաղաքացիների շահերից ելնելով` չի անում: Ես գնում եմ տուն՝ տղես փոքրիս ասում ա՝ ազիզ ջան, հլը պապայիդ հարցրա` պանիր ա՞ ուզում, թե՞ պանրիկ, կամ սկսում են զոքանչիս ձեռ առնել, թե` տատի դու կծո՞ւ զոքանչ ես, թե՞ դառը: Էս տարիքիս ես վատ եմ զգում, բայց դե՛, երեխեն 5 րոպեն մեկ էդ ա տեսնում ու սովորում ա: Իմիջիայլոց, զոքանչս կասկածում էր, մի օր հարցնում ա, թե` դու ես, չէ՞, երեխեքիդ սովորացրել,- ծիծաղում է Գագիկն ու թեման լրջացնելով ասում,- Ես սա լուրջ եմ ասում, որ չի կարելի էդքան լկտիացնել ամեն ինչ: Ընտանիքով, երեխեքիս, մորս, հորս հետ կինո ենք նայում, մեկ էլ գովազդ ա մտնում, ու մերկ կնոջ են ցույց տալիս՝ կոնյակ գովազդելիս: Ախր կոնյակը մերկության հետ ի՞նչ կապ ունի: Չգիտես՝ ալիքը փոխե՞ս, նայե՞ս, ծիծաղե՞ս, թե՞ ամաչես… Մի աղջիկ էլ հաղորդում ա անում ու պրեզերվատիվ ա գովազդում, այսինքն՝ ի՞նչ, ոնց որ առաջարկում են պանիրը համտեսել, նենց էլ էդ անտե՞րը»,-հարցնում է Գագիկը: