Հարգարժան պրն Հովսեփյան.
Ստիպված եմ մամուլում բաց նամակով դիմել Ձեզ, քանի որ անձամբ Ձեզ հասցեագրված իմ դիմումը նույնպես ուղարկել եք ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն, որի կողմից օրենքի սխալ մեկնաբանման հետեւանքով իմ իրավունքների ոտնահարման փաստի առթիվ դիմել էի Ձեզ եւ հուսով էի, որ գոնե Դուք վերջ կդնեիք իմ նկատմամբ իրականացվող ապօրինությանը: Բայց հույսս չարդարացավ, եւ նշված վարչությունից (այս անգամ պետի տեղակալի ստորագրությամբ) ստացվեց պատասխան, որը Դատախազության նախկին պատասխանի կրկնությունն էր:
Այդ պատճառով բաց նամակը մնում է միակ ձեւը, որով հույս ունեմ ինձ հուզող խնդրի վրա հրավիրել Ձեր ուշադրությունը:
Ես` Լեւոն Արտաշեսի Աբրահամյանս, 2004թ. հունվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ Քր. օր.-ի 35, 305 հհ. դատապարտվել եմ ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով: Ինձ մեղսագրվել է պետական գործչի սպանության նախապատրաստություն: Գործով որպես տուժող է ներգրավվել ՀՀ պաշտպանության նախարար պրն Ս. Սարգսյանը:
2006 թ. մայիսի 29-ի դրությամբ կրել եմ նշանակված պատժի կեսը, ուստի ՀՀ Քր. օր.-ի 76 հոդ. պահանջների համաձայն` «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմն ինձ կարող էր ներկայացնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման: ՔԿՀ-ի ղեկավարությունը չկողմնորոշվելով` ինձ մեղսագրված արարքի դեպքում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար օրենքով նախատեսված է պատժի կեսի՞, թե՞ 2/3-ի կրումը, այդ հարցի պարզաբանման համար դիմեց ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությանը: Այդտեղից դատախազ Ա. Թումանյանի ստորագրությամբ ստացվեց պարզաբանում այն մասին, որ ինձ մեղսագրված արարքը հանդիսանում է առավել ծանր հանցագործություն, հետեւաբար` ինձ պայմանական վաղաժամկետ ազատման կարելի է ներկայացնել միայն պատժի 2/3-ը կրելուց հետո: Չհամաձայնվելով օրենքի նման սխալ մեկնաբանման հետ (ինձ մեղսագրված արարքը ոչ թե դասվում է առավել ծանր, այլ ծանր հանցագործությունների թվին) ես դիմումով դիմեցի Ձեզ, հայտնելով դատախազության վերը նշված վարչության դատախազ պրն Ա. Թումանյանի կողմից օրենքի սխալ մեկնաբանման եւ դրա հետեւանքով իմ իրավունքների խախտման փաստերի մասին:
Քանի որ այս դիմումս ուղարկվել է նույն վարչություն, այս անգամ էլ նշված վարչության պետի տեղակալ պրն Շ. Տիգրանյանի ստորագրությամբ ստացվեց նախորդի բովանդակությունը կրկնող պատասխան: Դատախազության պարզաբանման դրույթները չեն բխում ՀՀ օրենսդրության պահանջներից, հակասում են դրանց, քանի որ.
ՀՀ Քր. օր.-ի 19 հոդվածի համաձայն` հանցագործության տեսակը որոշվում է դրա համար Քրեական օրենսգրքով սահմանված առավելագույն պատժաչափով:
ՀՀ Քր. օր.-ի 305 հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության համար ՀՀ Քր. օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումն է, որը չի գերազանցում 10 (տասը) տարին, ուստի ՀՀ Քր. օր.-ի 19 հոդ. 4-րդ կետի համաձայն այն դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Դատախազությունը իր պարզաբանումներում պնդում է, որ ինձ մեղսագրված արարքը հանդիսանում է առավել ծանր հանցագործություն, եւ դա հիմնավորում է նրանով, որ ՀՀ Քր. օր.-ի 305 հոդվածով որպես առավելագույն պատիժ սահմանված է ազատազրկում մինչեւ 15 տարի ժամանակով եւ նույնիսկ ցմահ ազատազրկում:
Բայց ի՞նչ կապ ունի այս հիմնավորումն իմ խնդրի հետ, չէ՞ որ ես դատապարտվել եմ ՀՀ Քր օր.-ի 35, 305 հհ. հանցագործության նախապատրաստության եւ ոչ թե ավարտված հանցագործության համար:
ՀՀ Քր. օր.-ի 19 հոդ. 4-րդ կետը սահմանում է, որ ծանր են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: ՀՀ Քր. օր.-ի 35, 305 հոդվածներով առավելագույն պատիժը, որ կարող էր դատարանի կողմից նշանակվել իմ նկատմամբ, դա 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումն է, որը պակաս է 10 տարուց, հետեւաբար այս պայմաններում ինչպե՞ս կարելի է պնդել, որ ինձ մեղսագրվող արարքը հանդիսանում է առավել ծանր հանցագործություն:
Նման ոչ բարդ իրավական հարցում Դատախազության աշխատակիցների ոչ ճիշտ կողմնորոշվելն ավելի շատ ցույց է տալիս, որ նրանք ինձ անհայտ պատճառով չեն ցանկանում այս հարցին օբյեկտիվ լուծում տալ:
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ
Լեւոն Աբրահամյան
24.11.2006