Փամուկը չի խոսել Ցեղասպանության մասին

13/12/2006

Թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը, որը Շվեդիա է ժամանել գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը ստանալու նպատակով, չի ցանկացել խոսել Հայոց ցեղասպանության մասին: «Դա բարդ հարց է, եւ ես չեմ ուզում դրա մեջ խորանալ վերջին երեք րոպեներին»,- ասել է Փամուկը Ստոկհոլմում երեկ կազմակերպված ասուլիսի վերջում: Շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկը պնդել էր, որ Օսմանյան Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել: «Չեմ կարծում, որ Նոբելյան մրցանակը կպաշտպանի ինձ Թուրքիայում հետապնդումներից, բայց այն նաեւ որեւէ կերպ չի ազդի իմ քաղաքական դիրքորոշումների վրա»,- շեշտել է գրողը: Նրա կարծիքով, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը երկուստեք շահեկան կլիներ: «Եվրոպան ավելի բազմամշակույթ կլիներ, իսկ Թուրքիան` ավելի ժողովրդավարական, եւ աշխարհը կհասկանար, որ քաղաքակրթությունների բախում չկա»,- ասել է Փամուկը: