Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը ներկայումս զգալիորեն ավելի լավ է: Այդ մասին, դեկտեմբերի 5-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ-երկրների Նախարարների խորհրդի նիստի ավարտին, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարլ դե Գուխտը: Խոսելով «սառեցված» հակամարտությունների մասին՝ նա նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում կա որոշակի տեղաշարժ: Ի տարբերություն ղարաբաղյան հակամարտության, որի կարգավորման հեռանկարը ներկայումս բարելավվել է, եւ մեզ հաջողվել է ընդունել հայտարարություն, մյուս հակամարտությունների համար այդ տեղաշարժն ունեցել է «բոլորածիր գործընթացի» բնույթ: «Այլ խոսքերով, նախորդ տարվա համեմատ մենք առաջընթաց չենք արձանագրել Մոլդովայում եւ Վրաստանում հակամարտությունների լուծման գործում»,- նշել է կազմակերպության նախագահը: Նա ավելացրել է, որ ընդհանուր առմամբ հակամարտությունները մնում են «սառեցված», ինչը հիասթափեցնում է, սակայն, չի կարելի ասել, թե անհրաժեշտ փորձեր չեն ձեռնարկվել դրանց կարգավորման ուղղությամբ: «Շատ դեպքերում դիտվում է համաձայնություն կնքելու քաղաքական կամքի պակաս, իսկ յուրաքանչյուր համաձայնություն ենթադրում է փոխզիջումների անհրաժեշտություն»,- ասել է Կ. դե Գուխտը: