2003 թվականից Հայաստանում դեղերի ցանցի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահության նախարարությունը (ԱՆ): Մինչ այդ նշված լիազորությունը վերապահված էր «Դեղգործակալություն» ՓԲԸ-ին: 1996- 2003թթ. նրանք տեղական շուկայում հայտնաբերել են 150 անուն կեղծված դեղեր: Ի դեպ, ԱՊՀ տարածքում առաջինը Հայաստանում է 1996թ. հայտնաբերվել կեղծված դեղ:
Միջազգային վիճակագրության համաձայն` դեղերի կեղծման 52 տոկոսը բաժին է ընկնում հակաբիոտիկներին: Դիտարկումների համաձայն, առավել հաճախ կեղծվում են թանկ եւ մեծ պահանջարկ ունեցող դեղերը: 2005թ. տվյալներով, համաշխարհային առեւտրի ցանցում դեղերի շրջանառության բաժինը կազմում է 450-600 մլրդ դոլար: Եվ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, այդ շրջանառության 10 տոկոսը բաժին է ընկնում հենց կեղծված դեղերին: Որոշ միջազգային կառույցների գնահատմամբ` կեղծումների թիվը հասնում է մինչեւ 25 տոկոսի:
1998 թվից գործում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքը, ԱԺ երկրորդ ընթերցմանն է ներկայացված նաեւ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը, սակայն մասնագետները կարծում են, որ ամենագրագետ օրենքներն անգամ անկարող են առանց պետական լուրջ մոտեցման կարգավորել այս դժվար վերահսկելի բնագավառը: Մասնագետների գնահատականներով, դեղորայքի հայրենական շուկան ներկայումս բարձիթողի վիճակում է, քանի որ պետությունը մատների արանքով է նայում ազգային անվտանգության տեսանկյունից նման հեշտ խոցելի բնագավառին. պատկան մարմինների կողմից դեղերի շրջանառությունը դիտարկվում է սոսկ որպես առեւտրի ոլորտ: 2006թ. հոկտեմբերի 23-24-ը ՌԴ մայրաքաղաքում, Եվրամիության անմիջական նախաձեռնությամբ գումարվել է առաջին միջազգային կոնֆերանսը` «Եվրոպան` ընդդեմ կեղծ դեղերի» կարգախոսով, որը նվիրված է եղել դեղերի կեղծման հիմնախնդիրներին: Թերեւս աշխարհում չկա դեղային ահաբեկչության թեկուզ մեկ դեպք, սակայն ԱՀԿ-ի տվյալներով, արդեն կեղծ դեղերի հետեւանքով մարդկային զոհեր կան: Այսպես, 1990թ. թունավոր լուծիչով նոսրացված հազամարիչ դեղախառնուրդի պատճառով Նիգերիայում մահացել են 100-ից ավելի երեխաներ: 1992թ. Բանգլադեշում անտիֆրիզ պարունակող ջերմիջեցնող օշարակից մահացել է 50 երեխա, 1995թ. Հայիթիում` «Պարացետամոլի» օշարակի մեջ հայտնաբերված դիէթիլենգլիկոլի հետեւանքով` 89 երեխա: Նմատիպ դեպքեր են գրանցվել նաեւ Արգենտինայում, Բանգլադեշում, Հնդկաստանում եւ Նիգերիայում: Այս երկրում 1995թ. կեղծված պատվաստանյութով պատվաստման արդյունքում մահացել է մոտ 2500 մարդ: Քանի որ Հայաստանն առավելապես դեղորայք ներկրող երկիր է (վաճառվող դեղերի 80-90 տոկոսը ներկրված է), ապա կեղծ դեղերի թափանցման վտանգը մեր երկիր առավել իրական է դառնում: Խնդրի լուծումը մասնագիտական հսկողության կարգավորումն է, որը ոչ լիարժեք հիմքերի վրա է դրված: «Սա պետական մտահոգության խնդիր է, այն Առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակներում է, որը տարին 2-3 անգամ գլոբալ ստուգումներ է իրականացնում, ինչն առավել հաճախ լիցենզիոն պայմանների ստուգում է, որովհետեւ կանոնկարգված չեն մասնագիտական վերահսկողության չափանիշները: Կեղծ դեղերը սահման չեն ճանաչում: Հայաստանում կան մոտ 1000 լիցենզավորված դեղատներ, որոնցից 500-ը կենտրոնացած են Երեւանում: Ինչ կազմակերպություն էլ լինի վերահսկող մարմինը, միեւնույն է, շուկան պահանջում է ամենօրյա վերահսկողություն, որովհետեւ յուրաքանչյուր դեղի կեղծման վտանգն առկա է ամեն օր»,- ասում է «Դեղգործակալություն» ընկերության դեղագործական կազմակերպությունների, փորձաքննությունների բաժնի պետ Գագիկ Գրիգորյանը: Նա տեղեկացնում է նաեւ, որ Հայաստանում մոտ 4000 անուն դեղեր են գրանցված, որոնց 70-80 տոկոսը եվրոպական արտադրության են եւ որակյալ:
Աշխարհում դեղերի կեղծման առաջին փաստն արձանագրվել է 1995թ.: Մինչ այդ հանրությունը չէր էլ կարող ենթադրել, որ լայն սպառման այնպիսի ապրանք, ինչպիսին դեղորայքն է, ենթակա է կեղծման: Կեղծված` նշանակում է` պատճենահանված դեղ, որի բաղադրությունը չի համապատասխանում նախատեսվածին: «Եթե ակտիվ բաղադրատարրը բացակայում է, ապա հիվանդությունը նպատակային բուժման չի ենթարկվում: Կեղծողը կարող է ունենալ նաեւ չարամիտ նպատակ՝ վնասելու ողջ մարդկությանը` դեղի մեջ միտումնավոր լցնելով թունավոր բաղադրատարր: Դրա համար այսօր մարդկությունը զգուշությամբ է մոտենում խնդրին եւ դեղերին վերաբերվում է իբրեւ պոտենցիալ միջոց` ահաբեկչական գործողություն իրականացնելու համար»,- տեղեկացնում է Գ. Գրիգորյանը: Այդ պատճառով 2002 թվականից ԱՀԿ-ն շրջանառության մեջ է դրել «դեղաահաբեկչություն» տերմինը (ՒՈՐՎՈՍՏՑպՐՐՏՐՌջՎ): «Ո՞վ կարող է երաշխավորել, որ կեղծված դեղերի մեջ չի հայտնաբերվի թույն, որն ուղղակիորեն կարող է սպանել հիվանդին: Անհայտ դեղերը ոչ թե տվյալ ընկերությունների կեղծված արտադրանքն են, այլ անհայտ արտադրողների դեղերն են: Խոշոր ընկերությունները հսկում են իրենց ապրանքների ամենօրյա շրջանառությունը եւ իրենց մեծ լուման ունեն կեղծ դեղերի հայտնաբերման աշխատանքներում»,- ասում է փորձագետը: Վերջին նմանատիպ դեպքն այս տարի «Glaxosmithkline» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ահազանգն է եղել: Նրանք հայտնաբերել են նշված ֆիրմայի արտադրության «Զինացեֆ» ներարկման կեղծված դեղափոշի, որի լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ այնտեղ «Ամպիցիլին» է լցված եղել: Գ. Գրիգորյանը նշում է նաեւ, որ, ի տարբերություն ԱՊՀ անդամ մյուս պետությունների, Հայաստանը միակ երկիրն է, որը Քրեական օրենսգրքում ներառել է 280 հոդվածը, որտեղ 3-5 տարվա ազատազրկում է սահմանված կեղծ դեղերի պատրաստման կամ իրացման համար:
Հաճախակի տրվող այն հարցին, թե քաղաքացին ինչպե՞ս կարող է պաշտպանվել կեղծված դեղերից, Գ. Գրիգորյանը պատասխանում է, որ դեղերի որակի երաշխավորն այն մասնագետն է, որին իրավունք է տրված իրականացնել այդ գործընթացը: Գ. Գրիգորյանը նաեւ ավելացնում է, որ, ցավոք, այսօր հետազոտությունները ցույց են տալիս, որ դեղագործական ոլորտում ներգրավված ոչ մասնագետների թիվը հասնում է 40 %-ի, որոնց համար դեղը սոսկ շահույթ ստանալու ապրանք է:
Կենսաբանական ակտիվ հավելանյութերի ընդունման հետեւանքով Հայաստանում մահվան դեպք է արձանագրվել
«Դեղերի մասին» ՀՀ գործող օրենքով չի վերահսկվում բուսական ծագում ունեցող կենսաակտիվ հավելումների ոլորտը: Այս ապրանքները, սակայն, «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծով կենթարկվեն պետական գրանցման: Գ. Գրիգորյանն անհանգստացած է այն հանգամանքից, որ այդ ապրանքների քարոզչությունն իրականացվում է ոչ մասնագետների կողմից, որոնք հակված են դրանք ներկայացնել որպես բուժիչ միջոցներ: «Դրանք բուժիչ միջոցներ չեն, այլ սննդակարգը բարելավող միջոցներ են: Արդեն իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված դեպքեր կան, որոնց առնչությամբ կատարված փորձաքննությունը ցույց է տվել, որ սննդային հավելումների ընդունման արդյունքում հիվանդների վիճակը վատթարացել է, ընդհուպ մահվան դեպք է արձանագրվել: Մեր դեղաբանները պարզել են, որ տվյալ հիվանդության ախտանիշների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնելու փոխարեն նշանակվել են կենսաակտիվ սննդային հավելումներ: Եվ հիվանդը որոշ ժամանակ հետո մահացել է: Հստակ չի կարելի ասել, թե հավելանյութերն են մահվան պատճառը, բուժումն է սխալ եղել»,- նշում է Գ. Գրիգորյանը: Գաղտնիք չէ, որ սննդային հավելումների առեւտուրն իրականացվում է ցանցային մարքետինգի եղանակով: 1990-ական թվականներին այդ հավելումների մուտքը Հայաստան սկսեց «Հերբալայֆ» ամերիկյան ընկերությունը` մեծ շահույթներ ստանալով: Այսօր ցանցային մարքետինգով զբաղվող ամենահայտնի ընկերություններն են «Վիժընը», չինական «Տյանշին»: Այս ընկերություններն աշխատում են իրենց ցանցում ընդգրկել հիմնականում բժիշկների, եւ այս ճանապարհին ամենաշուտ մոլորվողները հենց առաջին բուժօգնության օղակների` պոլիկլինիկաների բժիշկներն են, որոնք սերտ համագործակցելով այդ ընկերությունների հետ ապրանքի անմիջական իրացման գնորդ փնտրելով` իրենց պացիենտներին նշանակում են այս միջոցները: «Այդ կազմակերպություններն իրենց որոշ ապրանքներ գրանցում են, բայց ամբողջ գործընթացի ստուգումը բարձիթողի վիճակում է: Թե ինչ պայմաններում են նրանք նշանակումներ անում՝ ոչ ոքի հայտնի չէ»,- նկատում է Գ. Գրիգորյանը: Փորձագիտական կենտրոնը հայտնաբերել է նաեւ, որ այդ բուսական ապրանքների մեջ եղել են նաեւ այնպիսի ապրանքներ, որոնք չեն համապատասխանել փաթեթավորման համապատասխան նշանագրումներին, եւ բաղադրատարրերում պահանջվող նորմատիվներից ավելի շատ դեղաչափ է պարունակվել: Ամենահեղինակավոր կազմակերպության` ԱՄՆ սննդի եւ դեղերի գործակալության տվյալներով, ներկայումս ԱՄՆ-ում 2000-ից ավելի ծանր դեպքեր են արձանագրվել կենսաբանական հավելումների կիրառման պատճառով՝ կողմնակի երեւույթների արձանագրմամբ, նույնիսկ մահվան ելքով 100 դեպքեր կան գրանցված: «Այս փաստը պետք է զգոնություն բերի բոլոր պետություններում, որպեսզի մարդիկ նշված ապրանքներին վերաբերվեն մեծ զգուշությամբ: Եվ կառավարության կողմից առաջարկած նոր օրինագիծը ենթադրում է ինչպես դեղերի, այնպես էլ այդ սննդային հավելումների պետական գրանցման գործընթաց, ինչը որակի եւ անվտանգության երաշխիք է: Սննդային հավելումները նույնպես դիտարկվում են որպես ահաբեկչության պոտենցիալ միջոց»,- ընդգծում է Գ. Գրիգորյանը: