Սպիտակը դեռեւս աղետի գոտի է կոչվում

13/12/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

18 տարի առաջ Հայաստանում այս օրը դարձավ սգո օր, քանի որ աղետալի երկրաշարժը հողին հավասարեցրեց Գյումրի եւ Սպիտակ քաղաքները:

«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանին, որպեսզի վերջինս տեղեկացնի, թե 18 տարի անց ինչպիսի՞ն է Սպիտակ քաղաքը, եւ շարունակվո՞ւմ են արդյոք վերականգնողական աշխատանքները: «Մինչեւ 1997-1998թթ. քիչ աշխատանքներ կատարվեցին Սպիտակում, հատկապես` բնակարանաշինության եւ մշակութային, կրթական օջախների հետ կապված: Աշխատանքները մեծ թափ ստացան 1997 թվականից հետո: Այդ տարիներին Ռոբերտ Քոչարյանը վարչապետ էր, այցելեց Սպիտակ, շատ կարճ ժամանակում մեր նախկին քաղաքապետի կողմից ծրագրեր ներկայացվեցին, եւ 1998 թվից սկսվեցին ակտիվ աշխատանքները»,- նշեց Վ. Ասատրյանը՝ հավելելով, որ 1999-2003թթ. ընթացքում բնակարաններ կառուցվեցին 1300 ընտանիքների համար: Անդրադառնալով քաղաքի մշակութային, կրթական օջախներին՝ նա վստահեցրեց, որ դրանց շինարարություններն ավարտվել են, բոլոր դպրոցները քարաշեն, հարմարավետ շենքեր են, սակայն դեռեւս մասնաշենքերի եւ սպորտդահլիճների հետ կապված խնդիրներ կան: Սպիտակ քաղաքում Գեղարվեստի, Երաժշտական դպրոցները եւ Սպորտդպրոցները կառուցված են, եւ գույքային պայմանները նույնպես բարելավված են: Նա նաեւ նշեց, որ Սպիտակի Կուլտուրայի տանը ստեղծվել են Տիկնիկային թատրոն եւ պարային խմբեր: Այս ամենով հանդերձ` քաղաքապետը նկատում է, որ դեռեւս չլուծված բազմաթիվ խնդիրներ գոյություն ունեն: «Բնակարանաշինության պրոբլեմներ ունենք քաղաքում: Կառավարության 435 որոշման պահանջների համաձայն՝ արտահերթ բնակարանների բաշխման հետ կապված հերթացուցակում առկա 368 ընտանիքները սպասում են նորամուտին»,- ասաց Վ. Ասատրյանը՝ հերքելով այն տեղեկությունները, թե Սպիտակի բնակարաններում քիչ մարդիկ են ապրում: Ըստ քաղաքապետի, սպիտակցիներից շատերը մեկնում են արտագնա աշխատանքի: Ի դեպ, մեկնողներից շատերը հիմնականում բնակարան չունեն: Այս տարի Սպիտակ քաղաքում շահագործման է հանձնվել 28 բնակարան, եւս 60 բնակարանների գնման գործընթացը դեռ շարունակվում է, այսինքն՝ մոտ 88 ընտանիք ապահովվել է բնակարանով: Մինչդեռ տնակներում դեռեւս ապրում է 520 մարդ: Սպիտակի քաղաքապետի հավաստմամբ՝ այս տարի պետբյուջեն 1մլրդ դրամ է նախատեսել աղետի գոտու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Սպիտակում շահագործման է հանձնվել 4 շենք, իսկ պետբյուջեի միջոցների հաշվին՝ 7 բնակարան: Այդուհանդերձ, պետության վրա ամբողջ բեռը չբարդելու համար Վ. Ասատրյանը ստեղծել է «Վերածնված Սպիտակ» ֆոնդը: «Այլ պետություններում որպես բիզնեսմեններ կայացած սպիտակցիների, գործարարների միջոցներով սկսեցինք կառուցել 8 բնակարանանոց 3 շենք, քաղաքային ավտոկայան, փողոցների վերականգնում կատարեցինք եւ այլն»,- նշեց Վ. Ասատրյանը՝ տեղեկացնելով, որ ֆոնդի միջոցներով արդեն 360.000 դոլարի շինարարություն է կատարվել: «Լինսի» հիմնադրամի կողմից շահագործման է հանձնվել 524 բնակարան, իսկ թաղամասերի բարեկարգումն իրականացվել է պետբյուջեի միջոցներով: Ի դեպ, Սպիտակի քաղաքապետ Վ. Ասատրյանը հատկապես հպարտ է այն հանգամանքով, որ միայն անցյալ տարի սպիտակցի 95 աշակերտներ ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Վ. Ասատրյանը լրագրողներին պատմեց նաեւ, որ վերջին տարիներին Սպիտակում կառուցվել են սրճարաններ, ճաշարաններ, վարսավիրանոցներ, լվացքատներ, բացվել են տաքսի ծառայություններ եւ այլն: