«Համլետը»՝ Դրամատիկականում

13/12/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Շեքսպիրի «Համլետի» հավերժական հարցերն ու որոնումները կրկին Երեւանի բեմ բարձրացան: Հայ թատրոնը միշտ սիրել ու բեմադրել է Դանեմարքայի իշխանի եւ նրա շրջապատի ողբերգությունը: Ընդհանրապես, «Համլետն» աշխարհի ամենահաճախ բեմադրվող եւ մեկնաբանությունների անծայրածիր դաշտ բացող պիեսն է, քանի որ Շեքսպիրի ստեղծած մարդկային տարբեր տիպարներն ու իրավիճակները կարելի է անընդհատ փորփրել, գաղտնիքներ պեղել ու նորովի ներկայացնել:

«Համլետի» նյութի վրա խելքից դուրս էքսպերիմենտներ են արվել, իշխանները դարձել են մեր ժամանակակիցները, պատկերվել են որպես Աստծո կողմից Երկիր գործուղվածներ, փիլիսոփաներ, խենթեր, դաժան վրիժառուներ կամ այլմոլորակայիններ: Այդ բոլոր մոտեցումները հասցեագրված են լինում Շեքսպիրի պիեսի գիտակներին կամ «Համլետը» գոնե մեկ անգամ կարդացածներին: «Համլետը» երկու ծայրահեղություն ունի. կամ չափազանց նորարար ու խճճված է դառնում, կամ դառնում է դասական ու այդ պատճառով էլ թերեւս՝ ձանձրալի:

Իսկ Երեւանի Դրամատիկական թատրոնի բեմում վերջերս բեմադրված «Համլետը» բոլորովին այլ ճանապարհով գնաց ու աչքի ընկավ առաջին հերթին իր շատ զուսպ ու գրագետ մատուցմամբ: «Ես այս բեմադրությունը չեմ արել Շեքսպիրին անգիր իմացող մարդկանց համար, այլ այն մարդկանց համար, ովքեր ուզում են Շեքսպիրի հետ ծանոթանալ»,- ասաց բեմադրության ռեժիսոր Արթուր Սահակյանը, ում համար «Համլետ» բեմադրելը կյանքի ամենամեծ երազանքը չի եղել։ Իսկ Շեքսպիրի հետ ծանոթությունը նա ներկայացրել է ոչ թե համարձակ բեմադրական պտույտներով, այլ՝ նախեւառաջ, թողել է, որպեսզի տեքստը շնչի։ Այն տեքստը, որի ամեն մի տողը փիլիսոփայությամբ ու առեղծվածով է համեմված։ Եվ հանդիսատեսը անմիջականորեն արձագանքում է այդ տեքստին. այլ կերպ լինել չի կարող, քանի որ «Համլետը» չկարդացած մարդիկ հերոսների խոսքերի մեջ, խոսքերի ետեւում ու խոսքերի տակ գանձեր են գտնում՝ ծիծաղելով, լրջանալով ու խորհելով։

Դրամատիկական թատրոնի եւ Ա. Սահակյանի համատեղ «Համլետը» պետք է իրականացվեր դեռեւս 1999 թվականին՝ գրեթե նույն հիմնական դերասանական կազմով ու պետպատվերի շրջանակներում, սակայն ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգությունը հետաձգեց այս նախագծի իրականացումը, եւ պետպատվերը հանվեց։ Բայց «Համլետի» գաղափարը չփոշիացավ ու բեմ ելավ լավ դերասանական կազմով, վառ դեկորացիաներով ու դինամիկ միզանսցեններով։

«Համլետն այն մարդն է, ով ընդունակ է իր շուրջը հասարակություն ձեւավորել»,- համոզված է ռեժիսորը։ Համլետը (Հրաչյա Հարությունյան), Գերտրուդան (Էվելինա Շահիրյան), Կլավդիոսը (Ռուբեն Կարապետյան), Պոլոնիոսը (Գուրգեն Անտոնյան), Օֆելյան (Լիլիթ Մեսրոպյան) ներկայացնում են «շավղից դուրս ընկած ժամանակի» այն հասարակությունը, որը ոչ թե միայն անցյալին է պատկանում, այլ կարող է ստեղծվել բոլոր ժամանակներում ու աշխարհի բոլոր անկյուններում։ Սակայն միաժամանակ Համլետ-Հրաչյա Հարությունյանը շատ երեւանյան Համլետ է, որը հանգամանքների բերումով է դառնում եւ՛ փիլիսոփա, եւ՛ խենթ, եւ՛ մարդասպան։

Ներկայացումը շատ դինամիկ է, ծանրաբեռնված չէ մենախոսություններով, իսկ երկխոսությունից դուրս՝ միայն հանդիսատեսի ականջին հասցեագրված «ա պարտ» ռեպլիկներն իսպառ բացակայում են, ինչը բնական ու հասկանալի է դարձնում բոլորի խարակտերները։ «Համլետին» երբեւիցե անդրադարձած բոլոր բեմադրիչներն էլ հասկանում են, որ պիեսը պետք է կրճատվի, եւ հաճախ հրաժարվում են որոշ սյուժետային գծերից, տեղափոխում են ու մոնտաժում դիալոգները: Ռեժիսոր Արթուր Սահակյանը տեքստի հետ շատ զգույշ է վարվում: Նա համոզված է, որ ամեն ինչ տեքստից է սկսվում. «Շեքսպիրը հո իզուր չի՞ գրել: Կարելի է շատ կրճատել տեքստը, բայց դրա արդյունքում չպիտի կորչի տրամաբանությունը»: Նույն այդ տրամաբանությամբ էլ ներկայացվում ու երգվում է թափառական դերասանների հատվածը, որը հայտնի է «Մկան թակարդ» անվամբ եւ որն այս բեմադրության մեջ չափազանց մանրակրկիտ ու հյութեղ է ներկայացված։ Պրեմիերայի օրը որոշ լարվածություն կար դերասանների մեջ, բայց այդ ամենը մի քանի ներկայացումներից հետո անպայման կհարթվի, եւ մեր թատրոնում լավ ներկայացում ու լավ դերասանների դիտելու հնարավորություն կլինի։ «Ռեժիսորը միայն ներկայացման շրջանակներն է գծում, ամեն ինչ անում են դերասանները։ Երբ ներկայացումը սկսվում է, ռեժիսորը ոչինչ անել արդեն չի կարող»,- ասում է Ա. Սահակյանը։ Ի դեպ, ներկայացման ռեժիսորը «Համլետը» նվիրել է իր պապի՝ մեծ դերասան Թաթիկ Սարյանի հիշատակին։