Ստացվել է այնպես, որ Երեւանի Կամերային երաժշտական թատրոնը հայտնի է դարձել ոչ թե իր բեմադրություններով, այլ՝ սկանդալներով։ Գուցե շուտով էլ ավելի հայտնի կդառնա նաեւ դատական պրոցեսներով, քանի որ թատրոնի այլեւս նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանը որոշել է դատարան դիմել՝ իր նախկին պաշտոնը վերականգնելու համար։
Նա պնդում է, որ Մշակույթի նախարարությունն իրեն պաշտոնից հեռացնելու պատճառ չուներ, քանի որ մեկ ամիս առաջ անցկացված ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել։ Լ. Աբրահամյանն ասում է, որ աշխատանքից ազատման հիմքերի հետ ինքը մինչ օրս չի ծանոթացել, եւ Մշակույթի նախարարությունը չի տվել իրեն ստուգումների մասին տեղեկացնող փաստաթղթերը, ինչի պատճառով էլ ինքը կարող է դատարան դիմել։ «Նախարարությունում միայն ասում են. «Չի արդարացրել վստահությունը»։ Ի՞նչ է դա նշանակում, չեմ հասկանում։ Բայց գնալու եմ մինչեւ վերջ ու դատարան եմ դիմելու։ Սկզբունքի հարց ա,- ասաց նա թատրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ու դառնացած ավելացրեց,- Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը ութ տնօրեններից է կարողացել ազատվել, հիմա ինձ էլ ազատեց, հալալ ա նրան»։
Իսկ այժմ, մինչ նոր տնօրեն նշանակվելը, տնօրենի պաշտոնակատար է դարձել դերասան Դավիթ Հակոբյանը։ Ասուլիսին ներկա թատրոնի կոլեկտիվի անդամները միահամուռ ու կրքոտ պնդում էին, որ նոր տնօրենը թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռին կրկին Արմեն Մելիքսեթյանին է տեսնում, ինչը նրանց ուղղակի սարսափեցնում է։ «Ազատեք մեզ այդ զրպարտիչից ու ինտրիգներ սարքողից»,- մարտական կոչեր էին անում շատերը։ Ընդ որում՝ մինչ Լ. Աբրահամյանն էլ այդ թատրոնում տնօրեն աշխատող մարդիկ վկայում էին, որ Ա. Մելիքսեթյանի հետ աշխատելը շատ դժվար էր, ու հեռանում էին՝ չկարողանալով «լեզու գտնել» նրա հետ։ Երեկ Կամերային երաժշտական թատրոնի ցրտաշունչ դահլիճում մի փոքրիկ ներկայացում էր բեմադրվել` «Վերադարձրեք մեզ Լեւոն Աբրահամյանին» խորագրով, ինչը Լ. Աբրահամյանը շատ նորմալ էր ընդունում, քանի որ համոզված է, որ իրենից լավ ու պայքարելու ընդունակ տնօրեն Հայաստանում լինել չի կարող։ «Ինձ լայնամասշտաբ միջոցառումներ են վստահվել, անձամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ շնորհակալագիր է տվել»,- ասաց նա։ Լ. Աբրահամյանը բավականին հավակնոտ ծրագրեր ունի, ուզում է նոր ռեժիսորներ հրավիրել ու «կասսովի» ներկայացումներ ստեղծել։ Դրա համար նրան տնօրենի աթոռն է հարկավոր, որին նա, ի դեպ, կարող է կրկին հավակնել, քանի որ տնօրեն Դ. Հակոբյանը դեռ հաստատված չէ այդ պաշտոնում։ Թատրոնի նախկին, ներկա ու ապագա ղեկավարների շրջանակն օրեցօր ավելի է ընդարձակվում, իսկ թատրոնի կոլեկտիվը պատրաստվում է «Բրոդվեյ, Բրոդվեյ» մյուզիքլի փոխարեն «Բրոդվեյ պլյուս» մյուզիքլը ցուցադրել։
Հ.Գ. Երեկ ՀՀ Մշակույթի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում Լ. Աբրահամյանի՝ Կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման մասին ասվում է. «… Լեւոն Աբրահամյանը լիազոր մարմնի հետ չի կնքել աշխատանքային պայմանագիր, հետեւաբար, համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի, տնօրենի պաշտոնում նրա աշխատանքը համարվում է անօրինական: Տնօրենի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում Լ. Աբրահամյանը պատշաճ չի կատարել իր վրա դրված պարտականությունները: Նա կորցրել է լիազոր մարմինի կողմից իր նկատմամբ վստահությունը, քանի որ խաթարել է թատրոնի բնականոն գործունեությունը, որից թատրոնում հետընթաց է գրանցվել: Միաժամանակ՝ Լ. Աբրահամյանը աշխատանքից ազատել է թատրոնի գեղարվեստական ղեկավարին առանց լիազոր մարմնի (Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության) հետ խորհրդակցելու: Հարկ է նշել նաեւ, որ թատրոնի տնօրենի ոչ լիարժեք աշխատանքի դրսեւորումներից է այն, որ 2006 թ. սեպտեմբերին նախատեսված թատերաշրջանի բացումը տեղի չի ունեցել: Թատրոնի տնօրենի անարդյունավետ աշխատանքի մասին են վկայում հետեւյալ ցուցանիշները.
Թատրոնի ծրագրված եւ ներկայացված բեմադրությունների քանակը (2003-2006 թթ.)
Թատրոնի նոր բեմադրությունները 2000-2006 թթ.
2003-ին՝ «Քվազիմոդո եւ Էսմերալդա», «Բրոդվեյ, Բրոդվեյ»,
2004-ին՝ ոչ մի նոր ներկայացում,
2005-ին՝ «Լիլիթ»,
2006-ին՝ «Կարինե», որը ներկայացվել է ընդամենը 2 անգամ:
Դահլիճի միջին բեռնվածությունը 1 ներկայացման համար
2003-ին՝ 49.6 %,
2004-ին՝ 25.7 %,
2005-ին՝ 17 %,
2006-ին՝ (9 ամիս) – 5 %: