Դոլարը դիրքերը զիջում է ամենուր

12/12/2006

Մեր տեղեկություններով, դեկտեմբերից ավիաընկերություններն ինքնաթիռների տոմսի արժեքը հաշվարկելիս հիմք են ընդունելու եվրոն: Մինչեւ հիմա հաշվարկման հիմքում ընկած էր դոլարը: «Միայն մենք չենք փոխելու, փոխելու են բոլորը՝ թե՛ հայկական, թե՛ ռուսական կամ այլ երկրների ընկերությունները»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց «Արմավիա» ընկերության տնօրեն Նորայր Բելլույանը:

Ռուսաստանում ավիաընկերությունները դեկտեմբերի 1-ից արդեն անցել են եվրոյով հաշվարկման կուրսին: Մերոնք դեռ քննարկում են: Ռուսական «Աերոֆլոտից» պատասխանեցին, որ հենց այդ հարցով իրենց տնօրենն այժմ գտնվում է Մոսկվայում: Հայաստանում չէ նաեւ պարոն Բելլույանը:

Եվրոյին անցնելու առաջարկը կամ պահանջն արել է IATA-ն՝ Միջազգային ավիացիոն տրանսպորտային ասոցիացիան, որին անդամակցում են Հայաստանում գործող ավիաընկերությունները: Պատճառը դոլարի արժեզրկումն է: «Արմավիայում», օրինակ, պատրաստվում են 1 եվրոն հաշվարկել 490 դրամով: Սակայն փոխանակման կետերում եվրոյի փոխարժեքը տատանվում է 479-482 դրամի սահմաններում: Ներկայումս, երբ տոմսերի հաշվարկման հիմքում դոլարն է ընկած, այդ ընկերությունում դոլարի կուրսն էլ հաշվարկում են 380 դրամով: Այն դեպքում, երբ փոխանակման կետերում 360-362 դրամ է: Եթե ինչ-որ մի ուղղությամբ ինքնաթիռի տոմսն արժե, ասենք, 200 դոլար, գնորդը 380-ի համար պետք է վճարի 76.000 դրամ կուրսով: Մինչդեռ ներկա պահին 200 դոլարն արժե մոտ 72.000 դրամ: Փաստորեն, ավիաընկերություններն ունեն տարադրամի հաշվարկման իրենց սեփական կուրսը, ինչը հավելյալ շահույթ ապահովելու հնարավորություն է տալիս: Իսկ Ն.Բելլույանը հավատացրեց, որ դոլարից եվրոյին անցնելու գործընթացը ավիատոմսերի գների վրա չի ազդելու: