Թղթային դեֆիցիտ

10/12/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես հայտնի է, անցած ուրբաթ «Տիգրան Մեծ» տպարանն իր մոտ տպագրվող բոլոր թերթերին տեղեկացրել էր, որ Հայաստան թուղթ չի ներկրվում, եւ այդ պատճառով դեկտեմբերի 6-ից անորոշ ժամկետով դադարեցնելու է իր մոտ տպագրվող թերթերի տպագրությունը:

Այդ տպարանում տպագրվում են մոտ 30 անուն թերթեր, այդ թվում եւ` «168 Ժամը», «Առավոտը», «Գոլոս Արմենիին», «Ազգը» եւ այլն: Որպես թուղթ չներկրելու պատճառ նշվում էր, թե չի գործում «Իլյիչեւսկ-Փոթի» լաստանավը: Բայց բեռնափոխադրողներն ասում են, որ լաստանավը գործում է եւ բեռներ տեղափոխում է: Ոչ մի պատճառ, թեկուզ` եղանակային, չի կարող երկար ժամանակ ձգվել: Լաստանավն ուկրաինական է եւ հայկական բեռների հետ միասին Փոթի է տեղափոխում վրացական բեռները: Հիմա ուկրաինական Իլյիչեւսկում ստեղծվել է նույն իրավիճակը, ինչ մի երկու ամիս առաջ սկսվել էր եւ այժմ էլ շարունակվում է ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստում: Ռուսաստանի կողմից Վերին Լարս անցակետի փակվելուց հետո Հայաստանի բեռնափոխադրումը հայտնվել է կաթվածահար վիճակում: Բեռները Ռուսաստանից կամ այլ երկրներից Հայաստան են հասնում միայն Սեւ ծովով եւ Փոթի նավահանգստով, ինչը շատ ավելի անհարմար է՝ ծախսատար, ժամանակատար եւ մեծ խնդիրներ առաջացնող ճանապարհ է, քան Վերին Լարսի ավտոմոբիլային ճանապարհն էր: Նավահանգիստներում լաստանավ են բարձրանում նախ` ուկրաինական եւ վրացական բեռները, հետո նոր՝ հայկական մեքենաներն ու վագոնները: Վրաց-ուկրաինական հարաբերությունը, տվյալ դեպքում, ավելի լավ է աշխատում, քան հայ-ուկրաինական, կամ թեկուզ հայ-ռուսական հարաբերությունները: Նովոռոսիյսկում հունիսից մինչեւ հիմա հայկական բեռներ կան կուտակված, այդ թվում եւ` «Տիգրան Մեծի» 3 վագոն՝ մոտ 150 տոննա տպագրական թուղթը, որոնք մինչեւ հիմա չեն կարողանում հասնել Հայաստան: Այդ բեռների մեծ մասը Նովոռոսիյսկ է վերադարձել Լարսից, երբ հունիսին փակվել էր անցակետը: Իսկ 1-2 ամիս առաջ, երբ սրվեցին ռուս-վրացական հարաբերությունները, Ռուսաստանը հրաժարվեց ընդունել եւ ճանապարհել դեպի Փոթի եկող բեռները, որոնց թվում կային նաեւ հայկական բեռներ: Բազմաչարչար հայ փոխադրողները Լարսից Նովոռոսիյսկ բերած բեռներն այս անգամ էլ տանում էին Իլյիչեւսկ, որ գոնե Ուկրաինայով կարողանան հասցնել Փոթի, որից հետո էլ՝ Հայաստան: Իլյիչեւսկում հիմա լաստանավ բարձրանալուն սպասում է մոտ 200 հայկական վագոն, այդ թվում եւ` տպագրական թղթով բեռնված վագոնները: Եթե նույնիսկ վաղը վագոնները նավ բարձրանան, 10 օրից հետո՝ դեկտեմբերի 16-ին նոր կհասնեն Հայաստան: Այնպես որ՝ «Տիգրան Մեծ» տպարանը լավագույն դեպքում 1 շաբաթ կմնա պարապուրդի մեջ: Վատագույն դեպքում՝ անորոշ ժամանակով, ինչպես որ նշված էր հաղորդագրության մեջ: «Երկաթուղային տրանսպորտը մեզ համար ամենաէժան ու ամենահարմար տարբերակն էր,- ասում է «Տիգրան Մեծի» տնօրեն Վրեժ Մարկոսյանը: -Ռուսաստանի գործարանից մինչեւ ուկրաինական Իլյիչեւսկ նավահանգիստ բեռները գալիս են ռուսական գնացքով: Հետո լաստանավով հասնում են Փոթի, որտեղից էլ հայկական երկաթուղին հասցնում է Հայաստան: Մենք չենք կարող միջամտել, որ մեր վագոններն ավելի շուտ նավ բարձրացնեն: Դա «Հայկական երկաթուղու» խնդիրն է: Եթե մեքենա լիներ, կկարողանայինք ինչ-որ կերպ միջամտել»:

Որքան էլ զարմանալի է, Իլյիչեւսկում ավտոմոբիլային բեռները կարողանում են լաստանավ բարձրանալ, իսկ վագոնները՝ ոչ: Կոնկրետ թուղթը նավահանգիստ է հասցվում գնացքով՝ Ռուսաստանից: Բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրենը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, թե բեռնափոխադրման հետ կապված ինչ-որ խնդիր է ծագել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ: Ուկրաինան ինչ-ինչ պատճառներով չի ուզում ընդունել եւ տեղափոխել ռուսական վագոնները, այդ թվում եւ` հայկական բեռները: Հենց դրա համար էլ վագոնների կուտակում է առաջացել:

Փաստորեն, երբ Ռուսաստանն իր հարաբերությունները, թեկուզ ոչ բարձր մակարդակով, այլ նեղ ոլորտային առումով մի փոքր սրում է հարեւանների հետ, Հայաստանն անմիջապես ընկնում է վատ վիճակի, տվյալ դեպքում` շրջափակման մեջ: Մեր զրուցակից բեռնափոխադրողը նաեւ տեղեկացրեց, որ, իր տվյալներով, այս օրերին ուկրաինական լաստանավն աշխատում է Վրաստանի պետական պատվերով՝ Ուկրաինայից զինտեխնիկա է տեղափոխում: Դրա համար էլ Իլյիչեւսկում մեծ կուտակումներ են տեղի ունեցել: Իսկ «Գինդ» ընկերության տնօրեն Կարեն Ավետյանն էլ փոխանցեց, որ նման խնդիրներ առաջին անգամ չէ, որ առաջանում են: Դրա համար հարմար պահերին ինքն աշխատում է շատ թուղթ պահեստավորել, որ հետո խնդիրներ չունենա: Ի դեպ, «Գինդը» 2,5 ամսվա թղթի պաշար ունի: Մեզ հետ զրուցակից գործարարները նաեւ իրենց մտահոգությունը հայտնեցին այն մասին, թե նման ելքերից խուսափելու լավագույն տարբերակն այն կլիներ, որ Հայաստանը կամ հայ գործարարներից մեկն ունենար սեփական լաստանավ, որը կաշխատեր միայն մեր բեռների համար: Եթե հիշում եք, 1-2 տարի առաջ մեր իշխանությունների մոտ կարծես նման մտադրություն կար, բացվեց Ռուսաստան-Փոթի նոր գիծ, որը պետք է սպասարկեր «Կովկաս» լաստանավը: Սակայն այդ ծրագիրն իրականություն չդարձավ: Չի բացառվում, որ նորից Ռուսաստանը խանգարեց, որպեսզի Հայաստանն այս մասով էլ փոքրիկ անկախություն չունենա:

Չի բացառվում նաեւ այն տեսակետը, թե այս դեպքը, կոնկրետ տպագրական թղթի հետ կապված, որպես «զոնդաժ», ստեղծել են մեր իշխանությունները: Այսինքն` մինչեւ ընտրությունները նրանք փորձում են տպագրական մամուլից ազատվելու հնարավորություններ գտնել: Եվ չզարմանաք, եթե այսուհետ նման փորձարկումները լինեն շարունակական, որպեսզի թղթի հերթական դեֆիցիտը համընկնի ընտրություններին նախորդող կամ հաջորդող առաջին օրերին: