Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագծի իրականացումը սկսվելու է 2007 թվականի գարնանը: Նա ասել է նաեւ, որ Ադրբեջանի տրանսպորտի նախարարի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարի ղեկավարությամբ ստեղծում են աշխատանքային խմբեր, որպեսզի արագացվի փաստաթղթերի կնքումը նախապատրաստելու գործընթացը: Ըստ Վրաստանի վարչապետի, բանակցային գործընթացը կավարտվի 2007 թվականի առաջին եռամսյակի վերջին, եւ կողմերը կստորագրեն համապատասխան միջկառավարական համաձայնագիր: Գարնանը կսկսվի երկաթուղային մի ճյուղի վերակառուցումը, իսկ տարվա վերջին՝ երկրորդի շինարարությունը: Նախատեսվում է Կարս-Ախալքալաք 98 կմ-անոց երկաթուղային ճյուղի շինարարություն, որից 68 կմ-ն՝ Թուրքիայի, 30 կմ-ն՝ Վրաստանի տարածքում: Իսկ երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածում նախատեսվում է վերակառուցում: Նախագծի արժեքը գնահատվում է 420 միլիոն դոլար, որից 220 միլիոնը պահանջվում է վրացական հատվածում աշխատանքներ իրականացնելու համար: Day.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Մուսա Փանախովը հայտարարել է, թե Ադրբեջանը Վրաստանին մոտ 150 միլիոն դոլար կտրամադրի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար, իսկ ֆինանսավորման մնացած մասը Վրաստանին կհատկացնի Թուրքիան: Ըստ նախարարի, Վրաստանն Ադրբեջանի պարտքը կմարի բեռների տարանցումից ստանալիք եկամուտից: