«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը երեկ տարածել է հայտարարություն, ուր մասնավորապես ասվում է, որ «իշխանափոխությունը, անկախ դրա իրականացման ձեւից, պետք է կատարվի հստակ քաղաքական ծրագրի, ստանձնած պարտավորությունների, եւ ժողովրդի կողմից դրան տրված հավանության հիման վրա: Հակառակ դեպքում ցանկացած նոր իշխանություն կարող է կրկնել այսօրվա վարչախմբին` այլ անձերի կատարմամբ»: Երեկ «Երեւան» հյուրանոցում ասուլիս հրավիրած` «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամներ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետ Աղասի Ենոքյանը եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեցին, թե այսօրվա վատ վիճակի մասին փաստեր արձանագրելը հեշտ է, խնդիրն այն է, թե ո՞վ ի՞նչ ելք է առաջարկում: Ըստ «Այլընտրանքի», ընդդիմադիր է նա, ով գործող իշխանության քաղաքականությանն այլընտրանք է առաջարկում: «Այլընտրանքի» նախաձեռնողների կարծիքով՝ կա երեք ճանապարհ, որոնցից սակայն միայն մեկն է ընդունելի: Առաջին տարբերակն այն է, որ 2007-ին կրկնվում է 2005-ի հանրաքվեի պատմությունը, եւ «երկիրը խեղդվում է ճահճի մեջ»: Երկրորդ տարբերակով՝ մարդիկ ընդվզում են, սակայն նրանց դեմ ուժ է կիրառվում, ինչպես 2004-ի ապրիլին: Իսկ երրորդ տարբերակն էլ, ըստ նրանց, տեսանելի ապագայի բերող հանրահավաքային շարժումն է: Եվ հենց այս երրորդ տարբերակն է, որն ընտրում է «Այլընտրանքը»: Ինչպես նշված է «Այլընտրանքի»՝ երեկ տարածած հայտարարության մեջ, իրենք հայտարարում են հանրահավաքների մեկնարկ` 2007 թվականի փետրվարի 20-ին: Նախաձեռնող խմբի վերոնշյալ անդամները, ովքեր երեկ ասուլիս էին հրավիրել, նշեցին նաեւ, որ «Այլընտրանքն» ընտրությունների գնալու խնդիր չի դնում: Միաժամանակ, ինչպես նշված է «Այլընտրանքի» հայտարարության մեջ, «ապագայի անորոշության վերացումը, երկրի քաղաքացու համար արժանապատիվ կյանքի հնարավորության ստեղծումն է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության գործունեության նպատակը, որի իրագործման համար մենք ընդունելի ենք համարում քաղաքական պայքարի բոլոր ձեւերը»: