«ՎիմպելԿոմը» խոստումներ չի տալիս

10/12/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Ողջույն: Դուք լավ թիմում եք: Միացե՛ք»: Միգուցե սա «ԱրմենՏել» ՓԲԸ նոր սեփականատիրոջ` ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերության նոր կարգախո՞սն է: Համենայնդեպս, «ՎիմպելԿոմն» այսպես է ներկայացել «ԱրմենՏելի» աշխատողներին: Դեկտեմբերի 1-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել նոր գործատուի ծանոթությունն իր հազարավոր աշխատակիցների հետ:

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն է նշանակվել Օլեգ Բլիզնյուկը, որը ենթարկվում է «ՎիմպելԿոմի» ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Սերգեյ Ավդեեւին: Ինչպե՞ս է «ՎիմպելԿոմի» գլխավոր գրասենյակը կառավարելու «ԱրմենՏելի» գործունեությունը: Սեփականատերը ֆինանսական եւ առեւտրային նպատակներ է առաջ քաշելու «ԱրմենՏելի» ղեկավարության առջեւ ու սահմանելու է հիմնական կորպորատիվ քաղաքականությունը եւ չափանիշներն ապրանքանիշի օգտագործման, ցանցի զարգացման, աշխատակազմի հետ աշխատանքների եւ այլ բնագավառներում: Իսկ թե ինչպե՞ս հասնել այդ նպատակներին` «ԱրմենՏելը» պետք է ինքնուրույն որոշի: Ի դեպ, «ՎիմպելԿոմի» ղեկավարությունն «ԱրմենՏելին» հնարավորություն է տալիս որոշումներ ընդունելիս խորհրդակցել Մոսկվայի եւ այլ քաղաքների համաաշխատակիցների հետ:

«ԱրմենՏելում» կներմուծվեն «ՎիմպելԿոմի» միասնական կանոններն ու ընթացակարգերը, ինչն, ըստ «ՎիմպելԿոմի», «ԱրմենՏելին» հնարավորություն կտա օգտագործվող նյութերի եւ սարքավորումների գնումները կատարել ավելի մեծ խմբաքանակներով եւ ավելի ցածր գներով: «ՎիմպելԿոմը» խոստանում է, որ «Բիլայնի» ցանցին ամբողջովին ինտեգրվելուց հետո «ԱրմենՏելի» բաժանորդները կկարողանան օգտվել բոլոր այն ծառայություններից եւ հնարավորություններից, որոնցից օգտվում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Տաջիկստանի բաժանորդները: «ԱրմենՏելի» բաժանորդները կկարողանան համալրել իրենց հաշվեկշիռը «Բիլայնի» ցանցի ցանկացած տարածաշրջանում, կատարել զանգեր միասնական ռոումինգային սակագներով, օգտվել ինտերնետից բջջային հեռախոսի օգնությամբ եւ այլն: Այս նոր ծառայություններն ընդամենը խոստումներ են, որոնց կատարումը «ՎիմպելԿոմի» համար դեռ ժամանակ է պահանջում:

Արդեն մեկ ամիս է անցել այն օրից, երբ հունական «ՕՏԵ» ընկերությունը հայտարարեց այն մասին, որ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի ձեռքբերման մրցույթում հաղթել է «ՎիմպելԿոմը»: Վերջինս այս մեկ ամսվա ընթացքում երկու հստակ հայտարարություն է արել: Նախ, ընկերությունը հետագայում չի վաճառի հայաստանյան ֆիքսված հեռախոսակապը, քանզի «ՎիմպելԿոմի» համար ֆիքսված կապը նոր բիզնես է, եւ ընկերությունը ցանկանում է փորձ ձեռք բերել նաեւ այս շուկայում: Երկրորդ, «ՎիմպելԿոմը» համարում է, որ ֆիքսված կապի ծառայությունների մենաշնորհը չի նպաստում ընկերության զարգացմանը եւ ծառայությունների որակի բարձրացմանը, ուստի ինքը հրաժարվում է դրանցից: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10%-ն էլ վաճառել ռուսական ընկերությանը, եթե վերջինս հրաժարվեր մենաշնորհից: Սակայն, այժմ «ՎիմպելԿոմն» է մտածում այս առաջարկի շուրջ:

«ԱրմենՏելի» հետագա գործունեության հետ կապված` «ՎիմպելԿոմն» այլեւս ոչ մի կոնկրետ բան չի ասում: Ընդհանրապես, նոր շուկաներ դուրս գալուց «ՎիմպելԿոմը» դուրս է բերում բջջային կապի ծառայության համար «Բիլայն» ապրանքանիշը: Սակայն ընկերությունը գտնում է, որ «ԱրմենՏել» ապրանքանիշն ուժեղ դիրքեր է զբաղեցնում հայաստանյան շուկայում, այդ իսկ պատճառով ներկա պահին «Բիլայն» ապրանքանիշի ներմուծումը Հայաստան մանրակրկիտ ուսումնասիրվում է:

Դառնալով խոշոր միջազգային կորպորացիայի մի մասը, չի՞ սկսի, արդյոք, «ԱրմենՏելն» ավելի դանդաղ արձագանքել շուկայի իրադարձություններին, չի՞ ավելանա, արդյոք, թղթաբանությունը եւ բյուրոկրատիան: «ՎիմպելԿոմում» գոյություն ունեն համաձայնեցման հստակ ընթացակարգեր: Ինչ վերաբերում է թղթաբանությանը, ապա փաստաթղթերի շրջանառությունը «ՎիմպելԿոմում» էլեկտրոնային է` Lotus Notes հիմքի վրա: Աշխատակիցները համաձայնեցնում են փաստաթղթերը հատուկ էլեկտրոնային միջավայրում: Թղթային տեսքով փաստաթղթերը հայտնվում են միայն վերջին փուլում, երբ փաստաթուղթն արդեն համաձայնեցված եւ հաստատված է»,- պատասխանում է «ՎիմպելԿոմի» ղեկավարությունը:

Շատերին հետաքրքրում է այն հարցը, թե «ԱրմենՏելի» նոր սեփականատերն ինչպիսի՞ փոփոխություններ է պատրաստում ընկերության աշխատակիցների համար: «ՎիմպելԿոմի» տեղեկացմամբ` կազմակերպչական կառուցվածքի օպտիմիզացման ընթացքում որոշակի պաշտոններ կամ ստորաբաժանումներ կարող են ձեւափոխվել: Փոփոխությունները կարող են վերաբերել ոչ միայն պաշտոնների անվանումներին եւ նրանց գործառնական էությանը, այլեւ նոր պաշտոնների եւ ստորաբաժանումների ստեղծմանը: Կազմակերպչական կառուցվածքի օպտիմիզացման ժամկետները կորոշվեն մեկ-երկու ամիսների ընթացքում:«ԱրմենՏելի» աշխատակիցների համար կգործեն նաեւ այն սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են «ՎիմպելԿոմ» ընկերության կողմից: Օրինակ, աշխատակիցներին կտրամադրվեն ծառայողական բջջային կապ, հեռախոս եւ համապատասխան սահմանաքանակով ծառայողական սակագնին միացում, աշխատակիցներին մատուցվող բժշկական օգնության վարձատրություն եւ այլն:

Աշխատավարձի քաղաքականության վերաբերյալ «ՎիմպելԿոմը» դեռ հստակ ոչինչ չի ասում: «Ընկերությունը ձգտում է սահմանել վարձատրության այնպիսի մակարդակ, որը կհամապատասխանի շուկայականին եւ հաշվի կառնի ամեն աշխատակցի անձնական ներդրումն ընկերության աշխատանքի արդյունքներում: Գոյություն ունեցող աշխատավարձի մակարդակի շուկային համապատասխանեցումը տեղի է ունենում երկրում կենսամակարդակի եւ արժեզրկման մակարդակի վերլուծության հիման վրա»,- նշում է «ՎիմպելԿոմի» ղեկավարությունը: Այսինքն, «ԱրմենՏելի» աշխատակիցների համար դեռ վաղ է ուրախանալը, թե ռուս սեփականատերն արագորեն աշխատավարձերը կբարձրացնի: Սակայն, մյուս կողմից, «ՎիմպելԿոմը» նշում է, որ «ԱրմենՏելի» նոր ղեկավարությունն իր առջեւ նպատակ է դրել դառնալ Հայաստանի ամենագրավիչ գործատուն: Իսկ այս նպատակին հասնելու համար աշխատավարձերի բարձրացումը պարզապես անհրաժեշտ գործոն է:

Փաստորեն, ռուսները թեեւ գեղեցիկ մտան ՀՀ կապի ոլորտ, այնուամենայնիվ, դեռ զերծ են մնում ուղղակի խոստումներից: Մի կողմից, դա հասկանալի է. չէ՞ որ «ՎիմպելԿոմը» եկել է փոխարինելու հունական մի այնպիսի ընկերության, որի թողած ժառանգությունն ու համբավը, մեղմ ասած, այդքան էլ լավը չեն, ուստի դեռ շատ անելիքներ կան այս «ԱրմենՏելի» հետ կապված: