Կքննարկվի հաջորդ տարի

10/12/2006

ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) տարածքում «սառեցված հակամարտություններին» առնչվող հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում չի քննարկվի: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, Վրաստանում տեղի է ունեցել ՎՈւԱՄ-ի անդամ երկրների համակարգողների հավաք, եւ ՄԱԿ-ում այդ երկրների դեսպաններն իրեն տեղեկացրել են, որ հարցի քննարկումը տեղափոխվել է հաջորդ տարի: ՎՈւԱՄ-ի անդամ պետությունների ներկայացրած հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է սեպտեմբերին: Ա. Մարտիրոսյանը պատահական չի համարել հարցի քննարկման հետաձգումը, քանի որ, նրա գնահատմամբ, փաստաթուղթը բավական վիճահարույց է: «ՄԱԿ-ի անդամ երկրները հակված չէին, եւ կար այդ մտահոգությունը, որ դժվար է, եթե ոչ՝ անհնար, քննարկել 4 տարբեր հակամարտություններ մեկ բանաձեւի շրջանակներում, մանավանդ որ, բանաձեւի հեղինակները փորձ էին անում մեկ որոշմամբ փորձել լուծումներ գտնել 4 հակամարտություններին»,- ասել է նա՝ հավելելով, որ վերաբերմունքը դեպի ներկայացված բանաձեւը կառույցում «շատ զգուշավոր է»: