Շահեն Հովասափյանի սպանությունը բացահայտված չէ

10/12/2006 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը 2006թ. սեպտեմբերի 6-ին սպանվեց իր ծառայողական մեքենայում, հեռակառավարման վահանակով ղեկավարվող պայթուցիկ սարքի միջոցով:

Սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվում են Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանները: 39-ամյա գնդապետ Արմեն Վիրաբյանն աշխատում էր Շահեն Հովասափյանի ենթակայության տակ, 7-րդ վարչության պետն էր: 37-ամյա Գուրգեն Վիրաբյանը գործարար է, ղեկավարում էր իրեն պատկանող «Սեմուր & Կո» ընկերությունը: Սպանության շարժառիթը, ըստ քննչական խմբի, այն է, որ Շահեն Հովասափյանն իբրեւ մտադրվել էր աշխատանքից ազատել Արմեն Վիրաբյանին, վերջինս էլ եղբոր հետ որոշել է սպանել նրան: Այդ նպատակով Ա. Վիրաբյանը վերջին երկու ամիսներին մտերմացել էր Շ. Հովասափյանի վարորդ Անդրանիկ Չարչյանի հետ եւ սեպտեմբերի 6-ին նրա մեքենայի տակ տեղադրել պայթուցիկ սարք:

Երբ պետք է լրանար մեղադրանք առաջադրելու համար սահմանված 72 ժամը, առերեսում կատարվեց Շ. Հովասափյանի վարորդ Անդրանիկ Չարչյանի եւ Արմեն Վիրաբյանի հետ: Քննիչի միակ հարցին` «Ո՞ւմ եք կասկածում սպանության մեջ», վարորդ Ա. Չարչյանը պատասխանել է, թե համոզված է, որ Արմեն Վիրաբյանն է կատարել կամ նրա հանձնարարությամբ ինչ-որ մեկը: Առայժմ սա միակ «ապացույցն» է, որը հիմք է տվել մեղադրելու Արմեն Վիրաբյանին եւ նրա եղբորը: Ըստ Վիրաբյան եղբայրների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ սեպտեմբերի 16-ից հետո որեւէ լուրջ քննչական գործողություն իր պաշտպանյալների մասնակցությամբ չի կատարվել, եւ անհասկանալի է, թե ինչու են Վիրաբյան եղբայրները շարունակում մնալ անազատության մեջ:

Դեպքից անմիջապես հետո ամենակարեւոր ժամանակահատվածը կարելի է համարել բաց թողած, որովհետեւ քննչական խումբը մի կողմ է թողել այլ վարկածները եւ ամբողջ ներուժով կենտրոնացել է այս վարկածի վրա, իսկ այսօր էլ ցանկացած գնով փորձում է նոր «մեղադրանք» սարքել՝ Վիրաբյանների տնտեսական գործունեությունը փորփրելով: Բայց այժմ արդեն հստակ է, որ ինչպիսի հոդվածով էլ փորձեն մեղադրանք ներկայացնել Վիրաբյաններին, այն բացարձակ կապ չի ունենալու Շահեն Հովասափյանի սպանության հետ:

Այս պարագայում նաեւ անհասկանալի է, թե ինչու է առայսօր անազատության մեջ երկրորդ կարգի հաշմանդամ Գուրգեն Վիրաբյանը: Նրա առողջությունը քայքայված է, եւ ազատազրկման վայրում գտնվելու նրա ամեն մի օրը լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել: «Գործը փակուղի է մտել»,- այսպես բնութագրեց փաստաբան Հովիկ Արսենյանը նախաքննության ներկայիս ընթացքը: «Որպես պաշտպան ներգրավվելուց մեկ շաբաթ անց ես հասկացա, որ նախաքննական մարմինն այլեւս չի կարողանում առաջ շարժվել:

Արվել եւ սպառված են բոլոր այն քննչական գործողությունները, որ հնարավոր էր կատարել Վիրաբյան եղբայրների նկատմամբ հանցագործության բացահայտման հետ կապված: Հարցաքննություններ, խուզարկություններ, առերեսումներ, ցուցմունքների ստուգում եւ այլ քննչական գործողություններ կատարելուց հետո ես հասկացա, որ նախաքննական մարմինը համոզվեց հաստատապես Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների այլուրեքությունը, որ, իսկապես, նրանք առնչություն, մասնակցություն չունեն կատարված հանցագործության հետ:

Բայց, դժբախտաբար, ինչ-ինչ պատճառներով, որը չեմ կարողանում բացատրել գործող օրենքի տեսակետից, սկսեցին ոտնահարել քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, որովհետեւ մեղադրանքների առաջադրման հիմնավորվածությունը բացարձակապես անհիմն էր թե՛ շարժառիթի առումով, թե՛ ապացույցների»,- ասում է փաստաբանը:

Քննչական մարմինը շարժառիթը համարում է այն, թե իբր Արմեն Վիրաբյանը, տեղեկանալով, որ Շ. Հովասափյանը ցանկանում է իրեն ազատել աշխատանքից, վրեժխնդիր լինելու նպատակով այդպիսի քայլ է կատարել:

Մինչդեռ Արմեն Վիրաբյանը համակարգում համարվել է Շահեն Հովասափյանին նվիրված մարդ: Նրանք հենց միասին էին մշակում եւ իրականացնում տարբեր օպերատիվ գործողություններ: Արդեն իսկ ապացուցվել է, որ դեպքի օրը սպանության ժամին Վիրաբյան եղբայրները գտնվում էին Եղվարդում` «Սեմուր & Կո» ընկերությունում: Իսկ մեղադրանքում գրված է, որ սպանությունը կատարել են նրանք: «Դա բացարձակապես անհիմն է, ֆիզիկապես չէին կարող կատարել` սեղմել վահանակը»,- ասում է փաստաբանը:

Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով դատախազության իրենց աղբյուրներին, նշել էին, որ Վիրաբյանների Եղվարդի ամառանոցում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք ու զինամթերք: Իրականում այնտեղ հայտնաբերվել էին Արմեն Վիրաբյանի «Կոլտ» մակնիշի ծառայողական ատրճանակը եւ փամփուշտները, որը, ինչպես հետագայում պարզվել է, Ա. Վիրաբյանն ընդհանրապես չի օգտագործել: Հայտնաբերված երկու հեռակառավարման վահանակներից մեկը մանկական մոտոցիկլետինն էր, մյուսը` մեքենայի հեռուստացույցինը:

«Ես նախաքննական մարմնին չեմ մեղադրում, որովհետեւ օպերատիվ հետախուզական աշխատանքն է եղել շատ թույլ, ոչ պրոֆեսիոնալ, չունենալով որեւէ հիմք՝ ընդամենը կասկած, բնական է, որ դեպքը ծանր հանցագործություն է եղել եւ պետք է կասկածեն, բայց նաեւ կասկածելու հիմքեր ունենան, եթե հիմքերը ստեղծվել են, այն, այնուամենայնիվ, չէր տալիս այն հիմնավորվածությունը, որ մեղադրանք առաջադրվեր: Ընդհակառակը, ձերբակալման ընթացքում` 72 ժամվա ընթացքում, այդ նախկին քննչական խմբի ղեկավարն է, որ փորձ արեց կուլ գնալ Քրեական հետախուզության աշխատակիցներին, նրանց տվյալներով էր առաջնորդվում, եւ փորձ արվեց նախաքննության ընթացքում ուղղորդել մեղադրանքի համար հիմքեր: Դա էր պատճառը, որ ուղղակիորեն Ա. Վիրաբյանին քննիչը հարցրեց, թե «արդյոք վերջին տասը-տասնհինգ օրվա ձեր մտերմությունը վարորդի հետ նպատակ չէ՞ր հետապնդում, որ պայթուցիկ տեղադրվեր»: Սա ակնհայտ սադրանք էր: Նախորդ օրվա քննիչի կարծիքը հաջորդ օրը հնչեցվել է վարորդի շուրթերից: Նպատակ էին հետապնդում հիմք ստեղծել մեղադրանքն առաջադրելու եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ես կարծում եմ, որ այդպես մերկապարանոց ուղղորդված մեղադրական հակվածության գործը տանելը, բնականաբար, պետք է բերեր փակուղու»,- համոզված է Հովիկ Արսենյանը:

Քննիչի վերջին որոշումներից մեկում գրված է. «Այդ տեղեկությունները հիմք են տալիս ասելու, որ Վիրաբյանների ընտանիքն իրենց տնօրինման տակ գտնվող ընկերությունների գործունեության ընթացքում թույլ է տվել չարաշահումներ` խուսափելով հարկային եւ այլ պարտադիր վճարումների պարտականությունները կատարելուց»: Թե ի՞նչ կապ ունեն այս վճարումները Շ. Հովասափյանի սպանության հետ, հայտնի է միայն քննչական խմբին: Քննչական խումբը մոռացել է, որ ինքը ստեղծվել է բացահայտելու պետական պաշտոնյայի սպանությունը եւ ոչ թե Վիրաբյանների տնտեսական գործունեությունը: Քննչական խմբի նման գործելաոճը, ըստ երեւույթին, պատճառ է հանդիսացել փոխելու քննչական խմբի ղեկավարին: Այն այժմ ղեկավարում է Հեկտոր Սարդարյանը:

Պաշտպանական կողմն իր պաշտպանյալների անմեղությունն ապացուցված է համարում: Նոյեմբերի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նորից քննեց Դատախազության` Վիրաբյաններին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդությունը եւ բավարարեց այն: «Դատարանի վրա իսկապես ճնշում կա, դատարանը դարձել է կատարող մարմին»,- եզրակացնում է փաստաբանը:

www.hetq.am