Երեւանը «սիրունացնում են»

10/12/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

2006թ. մարտի 10-ին Երեւան քաղաքի խորհուրդը քննարկել եւ կազմել էր Երեւանի փողոցներում, պողոտաներում առեւտրի եւ սպասարկման ոլորտի կանոնակարգման 2006-2008թթ. ծրագիրը:

Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը երեկվա ճեպազրույցում նշեց, որ վարչության հաշվառման արդյունքներով՝ Երեւանում գրանցված են թվով 6700 առեւտրի եւ սպասարկման կետեր: «Հաշվառումից հետո սկսվեցին կանոնակարգման աշխատանքները: Ստուգվեցին իրավական փաստաթղթերը: Ուսումնասիրությունից հետո Երեւանի խորհրդի կողմից ստեղծված հանձնաժողովը սկսեց կանոնակարգման քննարկումները»,- նշեց Կ. Գեւորգյանն՝ ասելով, որ 13 պողոտաներում կանոնակարգման աշխատանքներն արդեն ավարտված են: Կ. Գեւորգյանը վստահեցրեց, որ 1990-ական թվականներից սկսած մեծ թվով ինքնակամ կառուցված կրպակներ են տեղադրվել մայրաքաղաքում, սակայն ներկայումս բոլոր օբյեկտների իրավական կողմը կանոնակարգվում է, եւ դրանք արդիականացվում են: 15 տարիների ընթացքում, ըստ Կ. Գեւորգյանի, քաղաքապետերի որոշմամբ որեւէ կրպակ չի ապամոնտաժվել եւ առաջին անգամ 13 պողոտաներում կանոնակարգվել են 386 կրպակ-տաղավարներ, որոնցից 152-ն ապամոնտաժվել են, իսկ 234 կրպակ-տաղավարների վերաբերյալ արդիականացման հանձնարարականներ են տրվել: Ի դեպ, արդիականացումը կատարվում է օբյեկտի սեփականատիրոջ միջոցներով: Հողային նոր օրենսդրության համաձայն՝ 2015թ.-ից բոլոր տեսակի ժամանակավոր կառույցները համարվելու են պետական սեփականություն: «Այս կառույցները համարվում են ժամանակավոր` տվյալ էտապի համար: Արդիականացման որոշումները տրվում են 5-10 տարով, որպեսզի 2015 թվին պետությունը կրկին դրանց անդրադառնա եւ որոշի նրանց հետագա տվյալները»,- ասաց Առեւտրի եւ սպասարկման վարչության պետը: Հանձնաժողովն անցած շաբաթ քննարկել է եւս 15 փողոցների կանոնակարգման մասին հարցը, եւ այս շաբաթ քաղաքապետի քննարկմանը կներկայացվեն Մաշտոցի, Աբովյան, Կորյուն, Տերյան, Հերացի, Բաղրամյան, Սունդուկյան, Ազատության, Արշակունյաց, Իսակովի եւ այլ փողոցների հետ կապված հարցերը: Մինչեւ տարվա վերջ մոտ 35 փողոցների կանոնակարգման վերաբերյալ քաղաքապետի կողմից որոշումներ կկայացվեն: Շուրջ 700 տաղավար-կրպակներից մոտ 300-ը կապամոնտաժվեն: «Ապամոնտաժման համար ներկայացված կրպակները, կարելի է ասել, լքյալ կրպակներ են, որոնք սոցիալական խնդիր չեն առաջացնի: 20-30% ապամոնտաժվող կրպակներն էլ գտնվում են շատ անհարմար տեղերում: Կադաստրի վկայական ունեցող օրինական կրպակ-տաղավարների համար հնարավորության դեպքում փոխհատուցման կարգով կտրամադրվեն այլ տարածքներ, որպեսզի դատական պրոցեսներ չառաջանան»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ առեւտրի եւ սպասարկման ոլորտի կանոնակարգման այս ծրագիրն ամբողջովին կիրականանա 2008թ.:

Սաունա, բաղնիք եւ հացի արտադրություն

Կ. Գեւորգյանի խոսքերով՝ քաղաքապետարանը բնակչությունից բազմաթիվ բողոքներ է ստացել բնակելի շենքերի 1-ին հարկերում, կիսանկուղային հարկերում, նկուղներում տեղակայված սպասարկման ոլորտի այնպիսի օբյեկտների մասին, որոնք չեն համապատասխանում շինարարական նորմերին եւ իրավունք չունեն գործունեություն ծավալել նման վայրերում: «Դրանք հիմնականում սաունաներ, բաղնիքներ, հացի արտադրամասեր, քիմմաքրումներ են: Մոտ 280 նման օբյեկտներ կան: Քաղաքապետի որոշումն այս շաբաթ կլինի, որից հետո սկզբում գրավոր կզգուշացնենք, կտանք երեւի 2 ամիս ժամանակ, որպեսզի դադարեցնեն իրենց գործունեությունը կամ այլ գործունեությամբ զբաղվեն: Գրավոր զգուշացմանը չենթարկվելու պարագայում ստիպված կլինենք օրենքի սահմաններում, դատարանների միջոցով դադարեցնել նմանատիպ գործունեությունը»,- վստահեցրեց պրն Գեւորգյանը: Ի դեպ, նախատոնական այս օրերին առեւտրի եւ սպասարկման ոլորտի ներկայացուցիչների համար քաղաքապետարանը մրցույթ է հայտարարում: Գեղեցիկ սպասարկման, գեղեցիկ լուսային էֆեկտների, նախատոնական ձեւավորման հետաքրքիր աշխատանքների համար ստեղծված հանձնաժողովը մրցանակ է սահմանել: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Սպառողների միության, մշակույթի, Առեւտրի նախարարության ներկայացուցիչներ: Կ. Գեւորգյանի հավաստմամբ՝ մրցույթի հաղթողին ոչ թե տրվելու է դրամական պարգեւ, այլեւ քաղաքապետի պատվոգիր: «Ինձ թվում է` պատվոգիրն ավելի հաճելի նվեր կլինի, քան, եթե ասենք՝ Երիցյանների խանութին կամ «Սթար» խոշոր կազմակերպություններին 100-200 դոլարով պարգեւատրենք»,- կարծիք հայտնեց նա: Փաստորեն մրցույթի կազմակերպիչներն արդեն աչքի տակ ունեն հաղթողներին: