Դաստակերտի ՊՄԿ-ի առեղծվածը

07/05/2005 Մ. ՀԱՍՐԱԹՅԱՆ

1950-ական թթ. սկզբին ԽՍՀՄ Գունավոր մետալուրգիայի մինիստրության որոշմամբ, ռեկորդային կարճ ժամկետում՝ ընդամենը երկու տարում, Սիսիանի շրջանի Դաստակերտ գյուղի մոտ կառուցվեց լեռնահարստացուցիչ ֆաբրիկա եւ սկսվեց հանքավայրի շահագործումը, որի արդյունքում՝ ֆաբրիկան տալիս էր մոլիբդենի, ոսկու եւ պղնձի խտանյութ: Ընդ որում, այս հանքավայրն օգտակար նյութերի պարունակությամբ եզակի էր՝ այն ամենահարուստն էր ողջ ԽՍՀՄ-ի տարածքում: Կարճ ժամանակահատվածում Դաստակերտի բնակչությունը հասավ 10 հազարի, կառուցվեցին դպրոցներ, սպասարկման օբյեկտներ, բարեկարգ ճանապարհ, ԽՍՀՄ-ի բոլոր ծայրերից այստեղ եկան լեռնագործներ:

Հանքավայրը շահագործվում էր փակ՝ թունելային եղանակով, սակայն արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները, իսկ հանքավայրի պաշարները նույն տեմպով արդյունահանելու պայմաններում կբավարարեին 25 տարի եւ ավելի: Սակայն ընդամենը 10 տարի անց նույն մինիստրությունը հրահանգում է՝ կասեցնել հանքավայրի շահագործումը եւ դադարեցնել ֆաբրիկայի աշխատանքը: Այս տարօրինակ հրամանում չի նշվում որեւէ պատճառաբանություն եւ անհասկանալի է մնում հանքավայրի շահագործման դադարեցումը: Չէ՞ որ, նման հանքավայր չէր եղել եւ այժմ էլ չկա ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: Ըստ Զանգեզուրի ՊՄԿ-ի նախկին տնօրեն Ռոման Նավասարդյանի, դա պայմանավորված է եղել Քաջարանի հանքավայրի շահագործմամբ, որտեղ արդյունահանումը կատարվում էր բաց եղանակով՝ բնականաբար, ծախսերն էլ ավելի քիչ էին, քան Դաստակերտում: Սակայն բաց է մնում այն հարցը, թե ինչո՞վ էր Քաջարանը խանգարում Դաստակերտի հանքավայրի շահագործմանը, չէ՞ որ կարող էին զուգահեռաբար շահագործել երկու հանքավայրն էլ, մանավանդ, որ Դաստակերտում մոլիբդենի, ոսկու եւ պղնձի պարունակության տոկոսն ավելի բարձր էր: Ֆաբրիկայի այն ժամանակվա գլխավոր մեխանիկ Գեորգի Խուրշուդյանի խոսքերով՝ կոմբինատի տնօրինությունը վատնել էր մեծ չափերի հասնող ֆինանսական միջոցներ, որն էլ պատճառ է դարձել կոմբինատի աշխատանքների դադարեցմանը: Սակայն պարզվում է, որ հանքավայրի շահագործման դադարեցումից հետո որեւէ քրեական գործ նշված փաստի առթիվ չի հարուցվել եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Հետեւաբար, այս վարկածը եւս հիմնավոր պատճառ չէր կարող հանդիսանալ աշխատանքների դադարեցման գործում: Նշենք, որ բանավանի եւ ֆաբրիկայի կառուցման, նաեւ՝ հանքախորշեր բացելու վրա մեծ՝ մինչեւ 50 մլն ռուբլու հասնող, ծախսեր էին արվել, որոնց ետգնման ժամկետը ֆաբրիկայի փակման պահին չէր լրացել, այսինքն, պետությունն այս դեպքում կրել է մեծ կորուստներ: Հանքավայրի փակումը կատարվել է հապշտապ՝ նույնիսկ հանքախորշերում աշխատող տեխնիկան դուրս չի բերվել, հրամայվել է հանքը պայթեցնել առանց տեխնիկան դուրս բերելու: Եղած սարքավորումների մեծ մասը թաղվել է հողի հաստ շերտի տակ, այն դեպքում, երբ դա կարելի էր տեղափոխել Քաջարան կամ Ալավերդի, որտեղ համանման աշխատանքներ էին կատարում: Այսօր Դաստակերտում դեռ մնացել են երբեմնի հզոր ֆաբրիկայի շենքերի ավերակները, որոնց չափերից կարելի է դատել կատարված աշխատանքների ծավալների մասին: Մնացել է նաեւ ամբարված մի քանի հարյուր հազար տոննա «պոչը»՝ ֆաբրիկայի թափոնները, որոնց նկատմամբ վերջին տարիներին մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տարբեր արտասահմանյան կազմակերպություններ: Ժամանակին ձեռքի տակ եղած տեխնոլոգիաներով հնարավոր չի եղել հանքաքարից կորզել բոլոր օգտակար նյութերը, մասնավորապես՝ այդ թափոնները պարունակում են այնպիսի հազվագյուտ մետաղներ, ինչպիսիք են թելուրը, ռենիումը եւ այլն: Իսկ տեղաբնակները, որոնք հիմնականում Ադրբեջանից գաղթած փախստականներ են, ստեպ-ստեպ փորձում են պայթեցված հանքախորշերից դուրս հանել պղինձ, ալյումին, որոնցով վաստակում են իրենց հանապազօրյա հացը, թեեւ հանքախորշ մտնելը վտանգավոր է՝ այն ամեն վայրկյան կարող է փլվել: Ականատեսներից շատերն արդեն կենդանի չեն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Դաստակերտի փակմանն առնչվող բոլոր փաստաթղթերը մնացել են ՌԴ Գունավոր մետալուրգիայի մինիստրության արխիվում՝ դառնալով անհասանելի: Ֆաբրիկան փակվելուց հետո կյանքն այստեղ կանգ առավ: Բնակչությունը Դաստակերտից տեղափոխվեց շատ կարճ ժամանակում՝ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Մեծ մասը բնակություն հաստատեց Արարատի շրջանում՝ այնտեղ կառուցվում էր ոսկու կորզման ֆաբրիկա: Իսկ եղած արտադրական հզորությունները վերջնական ոչնչացումից փրկելու նպատակով՝ ֆաբրիկայի տեղում հիմնվեց բժշկական տեխնիկայի գործարան, որի արտադրանքն ուներ ռազմական նշանակություն: Այսօր Դաստակերտը նման է լքյալ քաղաքի, որտեղից հեռացել են բնակիչները: Փողոցներում հատուկենտ անցորդներ են՝ մեծամասամբ ծերունիներ: Իսկ հանքավայրի պայթեցման առեղծվածը մնում է չբացահայտված: