«Ես հանդիպմանը չեմ մասնակցել, բայց թե՛ Քոչարյանը, թե՛ Ալիեւը, թե՛ երկու երկրների արտգործնախարարները համարում են, որ դա օգտակար հանդիպում է եղել»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, երեկ ԱԺ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, թե հանդիպումն «օգտակար» գնահատելը չի նշանակում, որ խնդիրը լուծվել է: «Ես կարծում եմ, որ հետագա բոլոր բանակցությունների ժամանակ դժվարություններ են լինելու: Բա որ ասում ենք` այդ հարցի լուծումը ցավոտ է լինելու բոլորի համար, որ ասում ենք` փոխզիջման պետք է գնանք, դրա համար էինք ասում: Եթե հեշտ լիներ` վաղուց լուծած կլինեինք հիմնախնդիրը»: Իսկ որեւէ ակնկալիք կա՞, որ հիմնախնդիրը կկարգավորվի 2007թ., ինչպես հայտարարում են համանախագահները: «Այս խնդրի վերաբերյալ կոնկրետ ժամկետներ նշելն անշնորհակալ գործ է, բարդ պրոցես է,- ասաց Ս. Սարգսյանը` ավելացնելով,- Ես շատ եմ ցանկանում, բայց հո Նոստրադամուսը չե՞մ, որ ասեմ` անպայման 2007թ. դա լինելու է»: