Բարգավաճես օրումեջ

10/12/2006

Երեկ ամբողջ օրը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ցայտնոտի մեջ էր: Ամեն ինչ անում էր, որպեսզի ԱԺ-ում` Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկման ընթացքում, Սերժ Սարգսյանին գովաբանի, հարմար առիթ գտնի ու ասի, որ կամուֆլյաժի կամ ջրագծերի վերաբերյալ իր արած հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել, որովհետեւ ինքը «հումոր» է արել: «Դրանք հումորով եմ ասել, եւ պետք չէ դրան համարժեք պատասխաններ տալ»,- իր ելույթի վերջում` գրեթե ներողություն խնդրելով, ասաց Վ. Դալլաքյանը: Ի պատասխան, Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից նախ հայտարարեց. «Պետք է ասեմ, որ ես համարժեք պատասխաններ չեմ տվել»: Իսկ հետո հատուկ Վ. Դալլաքյանի համար իրական մի դեպք պատմեց. «Պըլը Պուղին դուրս է գալիս գյուղամեջ եւ, ինչպես նրան է սազում, լինում է կարկատած շորերով: Բայց Մելիք Շահնազարը` իր սրամտությունը ցույց տալու համար, ասում է` Պըլը Պուղի, շորերդ տեղ-տեղ շնորհավոր: Իսկ Պըլը Պուղին ասում է` Մելիք Շահնազար, ապրես օր ու մեջ»: Եթե Մելիք Շահնազարը չասեր, Պըլը Պուղին նրան այդպիսի բան չէր ցանկանա»: