1998 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հակամարտող կողմերի միջեւ որեւէ բանակցություն չի եղել:
Երեկ «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀՇ անդամ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Մինսկի խմբի ֆորմատը եւ այն ձեւաչափը, որը որոշվել է Բուդապեշտի գագաթաժողովում, չի կիրառվել»,- նշեց նա: Ա. Արզումանյանի խոսքերով՝ վերջին ութ տարիներին ընդամենը այն է տեղի ունենում, որ միջնորդներն են բանակցում եւ կողմերին հրամցնում իրենց համաձայնեցումը: Հիմնվելով արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների վրա՝ նախկին արտգործնախարարը հայտարարեց, որ այսօր առաջարկված փաստաթղթի շուրջ «բոլոր համաձայնությունները ձեռք են բերված», եւ մնում է, որ այն մտնի կիրառման փուլ: Իսկ այսօր առաջարկվող տարբերակն, ըստ նրա, նախատեսում է ԼՂ-ին հարակից յոթ շրջաններից հայկական զորքերի դուրսբերում, ժամանակին այդ տարածքներում բնակված Ադրբեջանի քաղաքացիների վերադարձ եւ ինչ-որ հանրաքվե, որը պարզ չէ, թե ի՞նչ է, ե՞րբ է անցկացվելու ու ո՞ր տարածքում: Ընդգծելով, որ ինքը փոխզիջումների կողմնակից է, Ա. Արզումանյանը նշեց, թե այսօր խոսքը գնում է ոչ թե փոխզիջումների, այլ մի կողմի շատ լուրջ զիջումների մասին: Նա հնարավոր չի համարում տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրումը: «Նման հաշտեցման օրինակ չկա, հնարավոր չեմ համարում»,- նշեց նա: Անդրադառնալով երեկ հրավիրած մամուլի ասուլիսում գործող արտգործնախարար Վարդան Օսկանյանի արած այն հայտարարությանը, թե 1998-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ (մասնավորապես` ԼՂ հարցում) էական փոփոխություններ չեն եղել, այլ պարզապես փոխվել են ինչ-որ շեշտադրումներ ու շտրիխներ՝ Վ. Օսկանյանի նախորդը՝ Ա. Արզումանյանը (ի դեպ, ում նախարար եղած ժամանակ Վ. Օսկանյանը եղել է նրա տեղակալը) կարծիք հայտնեց, թե Վ. Օսկանյանն ինքն իրեն հակասում է, քանզի «յոթ տարի հակառակն է պնդել»: Ա. Արզումանյանը գտնում է, որ Հայաստանի դիրքերը թուլացել են, Ադրբեջանը փորձում է ԼՂ հարցը տեղափոխել այլ ատյաններ, իսկ հայկական կողմը նախաձեռնություններ հանդես չի բերում, ինչը սխալ է: Նախկին արտգործնախարարը նաեւ ընդգծեց, որ այսօր ՀՀ իշխանությունների գործերն ու խոսքերը միմյանց չեն համապատասխանում: Նա պնդում է, որ ԼՂ խնդրի բանակցություններին պետք է մասնակցի նաեւ ղարաբաղյան կողմը: Ա. Արզումանյանը երեկ անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին: Նրա համոզմամբ` պետք չէ ցեղասպանության ճանաչման հարցը դնել արտաքին քաղաքականության օրակարգում: Միաժամանակ Ա. Արզումանյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ պատասխան է տվել ցեղասպանության հետ կապված պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նամակին: Սակայն գործող նախագահի այլ ճիշտ քայլեր նախկին արտգործնախարարը երեկ չնշեց: