Սա ընդամենն այն գնահատականներից մեկն է, որ երեկ հնչեց Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված լսումների ընթացքում:
Երեկ առհասարակ ԱԺ-ում տարօրինակ մթնոլորտ էր տիրում. բոլորն իրար նկատմամբ այնքան ջերմ էին, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէիր կարող որեւէ թթու խոսք լսել ինչ-որ մեկից: Եվ երբ ընդդիմադիր ու անկախ պատգամավորները, ովքեր ԱԺ ամբիոնից պարբերաբար տարբեր մեղադրանքներ են հնչեցնում Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հասցեին, երեկ սկսեցին գովաբանել ԱԺ նախագահությունում նստած Սերժ Սարգսյանին, վերջնականապես համոզվեցինք, որ իրավիճակն իսկապես տարօրինակ է: Օրինակ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ոչ միայն գովեց Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը` այն որակելով դրական ու լավ, որի «վրա իսկապես լուրջ գործ են արել հեղինակները», այլեւ` անձամբ Ս. Սարգսյանին: Վ. Դալլաքյանը նախագծում ընդամենը մեկ խոցելի կետ էր «գտել», որն էլ «դուր չէր եկել» իրեն: Քանի որ` նախագծի 8-րդ հոդվածում, որպես ներքին սպառնալիքներ, մատնանշված են` աղքատությունը, կոռուպցիան, կաշառակերությունը, իշխանությունների հանդեպ հանրության զանգվածային անվստահությունը, արտագաղթը, եւ այլն, Վ. Դալլաքյանին հետաքրքրում էր, թե Ս. Սարգսյանը, ով գրեթե 10 տարի կառավարության անդամ է, այդ արատավոր երեւույթների համար արդյոք անձնական պատասխանատվություն կրո՞ւմ է, թե՞ ոչ: Ի պատասխան, Ս. Սարգսյանն ասաց, թե այն, որ այդ սպառնալիքները թվարկված են փաստաթղթում, դեռեւս չի նշանակում, որ այսօրվա իրավիճակն է այդպիսին: «Ես ասացի, որ կան նման նեգատիվ գործընթացներ: Այնպես որ` Դուք, պարոն Դալլաքյան, փոքր-ինչ սխալվում եք: Ես ՀՀ կառավարության անդամ եմ 13 տարուց ավելի, եւ, իհարկե, ինձ վրա մասնակի պատասխանատվություն եմ վերցնում այն բոլոր հոռի երեւույթների համար, որոնք կան մեր հասարակության մեջ: Բայց ամբողջական պատասխանատվություն եմ կրում ՀՀ անվտանգության համակարգի, հայկական բանակի համար, որի մարտունակությունը բարձր է, վայելում է օտարների հարգանքն ու մեր ժողովրդի 82 տոկոսի վստահությունը: Ցույց տվեք մի կառույց, որը վայելում է բանակի կեսի չափով վստահությունը: Երբ ցույց կտաք, այն ժամանակ մենք կկիսենք եւ՛ պատասխանատվությունը, եւ՛ հաջողությունները»,- հայտարարեց Ս. Սարգսյանը: Իսկ Վ. Դալլաքյանի արձագանքին, թե` այս փաստաթուղթը «գործող իշխանությունների ինքնախոստովանությունն է», որտեղ նշվում է, որ երկրում կա կոռուպցիա, աղքատություն, անվստահություն իշխանությունների նկատմամբ, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Դուք ճիշտ չեք ասում, որովհետեւ ոչ միայն այս փաստաթղթում, այլ շատ առաջ եւ ընդհանրապես մեր անկախության տարիների ընթացքում իշխանությունները մշտապես ասել են, որ իրենց աշխատանքում կան բազմաթիվ թերություններ, որ երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ, եւ մշտապես կոչ են արել համատեղ ուժերով լուծել դրանք, ոչ թե հանդես գալ դատավորի կամ զուտ ասող-խոսողի դերում»:
Իսկ Հմայակ Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի, եթե ադրբեջանցիների հետ հարաբերությունների մասին հոդվածում հատուկ կետով առանձնացված չլիներ ԼՂՀ հիմնախնդիրը, քանի որ, առանց դրա, ըստ Հ. Հովհաննիսյանի` «մի տեսակ կտրվում ենք իրականությունից»: «Ո՛չ, չեմ կարծում: Եթե բացատրեմ, կարծում եմ, կես րոպեում կհամոզվեք, որ փաստաթուղթը ճիշտ է»,- նկատեց զեկուցող Ս. Սարգսյանը: Եվ «կես րոպե» հետո, երբ Ս. Սարգսյանը քաղաքագետ Հ. Հովհաննիսյանին բացատրեց, թե ինչու նպատակահարմար չէ, Հ. Հովհաննիսյանն այլեւս լրիվ այլ համոզման էր: Համենայնդեպս, նա, իր բնավորության համաձայն, չբանավիճեց ու չպնդեց իր տեսակետը: «Ես համարում եմ, որ մեր ժողովրդի 70-80 տոկոսը, նաեւ այս դահլիճում նստածները, գրագետ մարդիկ են, եւ մենք չենք կարող չասել տրիվիալ ճշմարտություններ: Մենք չենք կարող չասել, որ ԱԺ-ն օրենսդիր մարմին է, որ Երեւանը լավ քաղաք է, եւ այլն: Բայց, եթե ձեզ թվում է, թե հայ-ադրբեջանական պրոբլեմն իսպառ կլուծվի ԼՂՀ խնդրի կարգավորմամբ, թույլ տվեք կասկածներ հայտնել»:
Ինչեւէ, ըստ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի, այս նախագիծը «մեր հասարակության հասունության վկայությունն է», ըստ Շավարշ Քոչարյանի` շատ լավ, համապարփակ նախագիծ է, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հավաստմամբ էլ` այն խիստ` դրական իմաստով, հայեցի է, եւ ով էլ այն տեսնի, անմիջապես կհասկանա, որ այն «հայկական» է: Իսկ, ըստ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի, ով հակված էր անդրադառնալ նախագծի «տողատակերի հաղորդագրություններին»` սա այն փաստաթուղթն է, որը ներկայացնում է հայ էթնոսը, ոչ թե ամենօրյա մեր կարիքները: Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ` որպես գերատեսչական մարմնի ներկայացուցիչ, հայտարարեց, թե այս փաստաթուղթը մեր երկրի «անձնագիրն է, որն ուղղված է թե՛ ներս, թե՛ դուրս»: Իսկ ակադեմիկոսները, ռեկտորները, բժիշկները եւ փիլիսոփաները երեկ հպարտանում էին, որ այս փաստաթուղթը մշակվել է իրենց կենդանության օրոք, եւ, ինչպես ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանն ասաց, իրենք ուրախ են, որ այս «վերին աստիճանի լավ փաստաթղթի մշակմանը մասնակից է եղել նաեւ իր սերունդը»:
Իսկ լրագրողների հարցին, որ` եթե իշխանությունները կարեւորում են ազգային անվտանգության ռազմավարություն ունենալը, ինչո՞ւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը նիստեր չի գումարում, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմին է, եւ Խորհրդի նախագահն է որոշում, թե ինչ չափով օգտվի այդ մարմնի խորհրդատվությունից»: Հարց եղավ նաեւ ՆԱՏՕ-ի վեհաժողովի հայտարարության մասին, որտեղ ասվում էր, թե Հյուսիս-Ատլանտյան դաշինքը ճանաչում է Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: «Իսկ երբեւէ Հայաստանը հայտարարե՞լ է, որ չի ճանաչում որեւէ երկրի տարածքային ամբողջականությունը: Մենք եւս ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց, միեւնույն ժամանակ, ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել են զուգահեռաբար` Սովետական Միությունում գործող օրենքների հիման վրա, եւ խոսք անգամ չի կարող լինել` Ղարաբաղի` որպես մաս, Ադրբեջանի ամբողջության մեջ լինելու մասին»,- ասաց Ս. Սարգսյանը: Նաեւ իր ելույթում Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանի համար կարեւորը ոչ թե ԼՂՀ միջազգային ճանաչումն է, այլ` ԼՂՀ անկախության ճանաչումն Ադրբեջանի կողմից: «ԼՂՀ խնդրում մեզ համար ամենաէականն Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն է: Եթե նույնիսկ աշխարհի 50 պետություններ ճանաչեն ԼՂՀ անկախությունը, դա ընդամենը միջոց է, նույնիսկ` ճնշման միջոց, որպեսզի Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Պատերազմի վտանգի վերացման միակ, ամենալիարժեք լուծումն այն է, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը»:
Հ.Գ. – Ս. Սարգսյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ առաջիկա 10 օրերի ընթացքում ցանկացողները կարող են գրավոր առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ, որոնք հանձնաժողովը եզրափակիչ նիստում կքննարկի եւ անհրաժեշտության դեպքում կընդգրկի փաստաթղթում: