Հասարակությունը մնաց կախյալ վիճակում

10/12/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, «Արժանապատվություն» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Հարությունյանն էր։

Քննարկման թեման քաղաքական-հասարակական զարգացումներն էին՝ Հայաստանում եւ նրա շուրջը։

Ըստ տկն Հարությունյանի, 1996թ.-ից հետո մենք ունեցել ենք խաղաղ ժամանակաշրջան, որի ընթացքում կարող էինք ամրապնդել անկախությունը, պետականությունը եւ լուծել այլ կարեւոր խնդիրներ։ Այնպես որ, հիմա՝ 10 տարի անց, կարող ենք ինքներս մեզ հարցնել՝ որքանո՞վ է մեզ դա հաջողվել։ Լ. Հարությունյանն ինքն էլ տվեց իր հարցի պատասխանը՝ պետությունն իր կայացման մեջ իր խնդիրները լուծել է, իսկ հասարակությունը՝ չի կարողացել։ Հասարակությանը չի հաջողվել ուժեղանալ։ «Հասարակությանը չհաջողվեց իշխանություններին իրենից կախման մեջ դնել։ Հասարակությունն ինքը մնաց կախյալ վիճակում», – ասաց տկն Հարությունյանը։

Գլխավոր խնդիրներից մեկն էլ Լ. Հարությունյանը համարում է այն, որ հասարակությունը չի մոբիլիզացվում կարեւոր խնդիրների լուծման համար։ Իսկ իրենց խնդիրները, ըստ բանախոսի, լուծել են միայն մեկ խավին պատկանող մարդիկ՝ սեփականատերերը։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ իշխանությունը հասարակությունից չի վախենում։ Տկն Հարությունյանը համոզված է, որ թույլ հասարակություն ունենալու հարցում մեղքի իր բաժինն ունի նաեւ իշխանությունը։ Հասարակության ուժեղացումը պետության ֆունկցիան է, սակայն ուժեղ հասարակությունն իշխանություններին պետք չէ։

Գործող ընդդիմությանը, որը պետք է ուղղորդեր հասարակությանը, տկն Հարությունյանը համարում է թույլ եւ ոչ գաղափարական։ «Գործող ընդդիմության խնդիրները մնում են չլուծված»,- փաստեց Լ. Հարությունյանը՝ նշելով, որ ընդդիմությանը չի հաջողվում մոբիլիզացնել հասարակությանը։

Իսկ քաղաքական ուժերի գաղափարական կողմի թուլությունը հատուկ է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաեւ մյուս կուսակցություններին։ «Տեղի է ունենում կուսակցությունների կոնսոլիդացիա՝ առանց գաղափարական լուրջ փոփոխությունների»,- նշեց տկն Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա վտանգավոր է։ Կուսակցությունների միավորումը, ըստ նրա, ծառայում է միայն ընտրական նպատակների համար, եւ դրանց ընդունված է անվանել «ընտրական մեքենաներ»։ Մինչդեռ այդ նույն կոնսոլիդացիան անհրաժեշտ է ընդդիմությանը։ Եվ եթե ընդդիմությունը չմիավորվի, ապա կունենանք այն, ինչ ունենք։

Անդրադարձ եղավ նաեւ արտաքին աշխարհի ազդեցությանը` մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ «Ժողովրդի մի մասը կարծում է, որ ժողովրդավարությունը մեզ կբերեն եվրոպացիները, մի մասը կարծում է` ռուսները, մի մասը՝ իշխանությունները, մի մասն էլ՝ ընդդիմությունը», – նկատեց տկն Հարությունյանը՝ կարեւորելով այս հարցերի շուրջ հրապարակային քննարկումների կազմակերպումը։ Այդուհանդերձ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «բոլոր ինստիտուցիոնալ փոփոխությունները տեղի են ունենում Արեւմուտքի ճնշման տակ»։ Դրանց թվում են օրենքները, կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերը եւ այլն։ «Այդ ամենն ուղղորդվում է Արեւմուտքի կողմից, մեզ մնում է կատարել այդ օրենքները, սակայն մենք դա չենք անում»,- ասաց բանախոսը, որի կարծիքով, շատ հարցեր մենք ինքներս պիտի տնօրինենք։ «Մենք ենք մեր ճակատագրի տերերը»,- գտնում է Լ. Հարությունյանը՝ այս հարցում կարեւորելով ԶԼՄ-ների դերը։ «Իսկ ԶԼՄ-ները ներկայումս արծարծում են 2 մեծ խնդիր՝ Ցեղասպանության հարցը եւ ԼՂՀ խնդիրը։ Երկուսն էլ կարծես մեզնից կախված չեն։ Մեկը կախված է տարբեր երկրների դիրքորոշումից, մյուսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից,- նշում է Լ. Հարությունյանը եւ ավելացնում,- Չկա մի այնպիսի երրորդ հարց, որը մենք ինքներս պիտի տնօրինենք»։

Բնականաբար, հարցեր հնչեցին նաեւ ապագա ընտրությունների հետ կապված։ Տկն Հարությունյանը գտնում է, որ ամենամեծ ակնկալիքներն այդ ընտրություններից ունի սեփականատերերի դասը։ Իսկ հասարակության գլխավոր ակնկալիքն արդար ընտրությունների անցկացումն է։ Սակայն, ըստ բանախոսի, անհրաժեշտ են ոչ միայն արդար ընտրություններ, այլ պետք է խորհրդարանում ձեւավորվի «այլընտրանքային մտածողություն ունեցող կրիտիկական զանգված», որը կկարողանա փոխել իրականությունը։

Լ. Հարությունյանն առայժմ հստակ չգիտի՝ իր կուսակցությունը մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Դա երեւի պարզ կդառնա մի 2 ամսից։ Սակայն, եթե ոմանք նախընտրական դաշտի բոլոր տարածքները գրավեն, ընտրություններին մասնակցելն անիմաստ կդառնա։ Մեր հարցին՝ չե՞ք ուզում պայքարել, տկն Հարությունյանը պատասխանեց՝ «Ուզում եմ։ Եվ այս բաների մասին խոսելով` ես նույնպես պայքարում եմ։ Սա էլ է պայքարի ձեւ»։