Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) դիմել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` պահանջելով չօգտագործել ՀՌԱԿ կուսակցության խորհրդանիշները: Ա. Աբրահամյանին ուղղված նամակում ՀՌԱԿ Գործերի կառավարիչը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Դուք հայաստանյան մամուլում նշել եք, որ չեք օգտագործում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության զինանշանը եւ անվանումը, սակայն մինչ օրս Ձեր սեփականություն հանդիսացող «Ազգ» օրաթերթի ցուցանակի վրա պատկերված է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության զինանշանը եւ «Ռամկավար Ազատական» բառակապակցությունը: Համոզված ենք, որ ոչ Ռուսաստանի Հայերի Միության եւ ոչ էլ «Ազգ» օրաթերթի Կանոնադրությունների մեջ (Ձեր լեզվով ասած` Ուստավների մեջ) չկան «Ռամկավար Ազատական» անվանումը եւ զինանշանը. ավելին` ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը կուսակցությունից դուրս որեւէ անձի նմանատիպ թույլտվություն չի տվել օգտագործելու մեր զինանշանը»: ՀՌԱԿ-ը Ա. Աբրահամյանին 2 օր ժամկետ է տալիս «Ազգ» օրաթերթի ցուցանակը փոխելու համար: