Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ քննեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Դատական ակտերի հարկադիր ծառայության (ԴԱՀԿ) աշխատակից Գ.Հարությունյանի՝ վերջինիս գործունեությունն ապօրինի ճանաչելու պահանջով:
Դատարանում Ր.Հովհաննիսյանի շահերը ներկայացնող Զարուհի Փոստանջյանի ասելով` Գ.Հարությունյանն ապօրինաբար կողպել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում տեղակայված «Ժառանգության» վարձակալած տարածքի դռները եւ կուսակցությանը թույլ չի տալիս օգտագործել ներսում եղած եւ իր սեփականությունը հանդիսացող գույքը: Դատավոր Արթուր Սմբատյանը երեկ հետաձգեց դատն այն պատճառաբանությամբ, թե ապացուցված չի համարում, որ թատրոնը գույքը հանձնել է կուսակցությանը: Գործի քննությունը շարունակելու համար անհրաժեշտ է թատրոնի ղեկավարության գրությունն այն մասին, թե իրենք տարածքում եղած գույքը հանձնել են կուսակցությանը:
Հիշեցնենք, որ այս տարի մարտի 4-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը փակել է տվել «Ժառանգություն» կուսակցության դռները: «Կուսակցությունն» այդ տարածքը վարձակալել էր դեռեւս 2002 թվականից, ուներ պայմանագիր եւ ժամանակին կատարել է բոլոր վճարումները: Այդ «վտարումից» հետո կուսակցությունն իր իրավունքները վերականգնելու համար դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Դատարանն ապրիլի 14-ին որոշում է կայացրել ու թատրոնին արգելել է կատարել ցանկացած գործողություն տարածքի եւ գույքի օգտագործման նկատմամբ: Հետո նաեւ պարտադրել է բացել կուսակցության գրասենյակն ու «Ժառանգությանը» թույլ տալ տնօրինել տարածքն ու գույքը։ Սա նշանակում է, որ դատարանն անօրինական է ճանաչել թատրոնի գործունեությունը՝ կապված կուսակցության զբաղեցրած տարածքների հետ: Բնական է, որ դատարանի պահանջը պետք է իրագործվեր ԴԱՀԿ ծառայության կողմից: Սակայն «Ժառանգության» դատական հայցի ապահովման այս միջոցն անհայտ պատճառներով ԴԱՀԿ-ն չի ապահովել մոտ մեկուկես ամիս: Եվ միայն մայիսի 30-ի կեսօրին ԴԱՀԿ ծառայողների միջամտությամբ բացվել է կուսակցության գրասենյակը եւ գույքը հանձնվել է կուսակցության աշխատակիցներին: Այս ուրախությունը, սակայն, երկար չի տեւել: Դրանից մի քանի ժամ հետո նույն ծառայողները ներկայացել են Ր.Հովհաննիսյանին՝ պահանջելով ազատել տարածքները, որպեսզի դռները նորից կնքեն: Ր.Հովհաննիսյանը սկզբում ուշադրություն չի դարձրել այդ պահանջներին, բայց հետո տեղի է տվել եւ դուրս է եկել: Մինչ օրս կուսակցության գույքը գտնվում է թատրոնի շենքում, պայմանագրով կուսակցության վարձակալած տարածքում, բայց ԴԱՀԿ ծառայողների կողմից փակված դռների ետեւում: Կուսակցությունում չգիտեն էլ՝ հիմա իրենց գույքը տեղո՞ւմ է, թե՞ թալանված է: Ի դեպ, մայիսի 29-ին, երբ մի քանի ժամով բացվել են կուսակցության դռները, աշխատակիցները նկատել են, որ միացված եւ օգտագործված են եղել իրենց համակարգիչները, որտեղ կենտրոնացված է եղել կուսակցությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը: «Ժառանգության» անդամների կարծիքով` այդ տեղեկատվությունը հանվել է համակարգիչներից:
«Ահա թե որտեղից են ՀՀ ազգային անվտանգության մարմիններին եւ գործող իշխանությունների մարզային այլեւայլ կամակատարներին հայտնի դարձել կուսակցության մարզային ակտիվիստների անունները, հասցեներն ու հեռախոսահամարները: Ինչպես հայտնի է, մարտի կեսերից «Ժառանգության» տեղական ստորաբաժանումների հանդեպ հետապնդումներն ու ճնշումներն առանձնահատուկ ուժգնություն են ստացել` ճշգրիտ հասցեականությամբ: Նրանց հանդեպ իրագործվել են սպառնալիքներ` կուսակցությունից դուրս գալու պահանջով»,- նշված էր մայիսի 29-ին «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ: Իսկ երեկ Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զ. Փոստանջյանը դատարանում պնդում էր, թե ԴԱՀԿ ծառայող Գ. Հարությունյանն իրավունք չուներ գալ կուսակցություն եւ կողպել դռները: «Գ. Հարությունյանն իր այս քայլով խախտել է ՀՀ սահմանադրության եւ ՀՀ քաղաքացիական օրենսդրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ,- ասում է Զ. Փոստանջյանը: -Խնդրում եմ դատարանին` անվավեր ճանաչել Հարությունյանի կողմից կատարված գործողությունները»:
Գ. Հարությունյանը կամ նրա կողմից լիազորված որեւէ անձ երեկ չէր ներկայացել դատարան: Սակայն ԴԱՀԿ ծառայողն իր առարկությունները գրավոր էր ուղարկել՝ խնդրելով գործը քննել առանց իր ներկայության: Ինչը եւ տեղի ունեցավ: «Ր. Հովհաննիսյանից եւ իր կուսակիցներից պահանջվել է ազատել տարածքը, քանի որ կատարողական թերթում նշված չի եղել որեւէ մեկին թույլատրել օգտագործել վիճելի տարածքը»,- նշված է պատասխանող կողմի առարկության մեջ:
Բայց դատական վճռի մեջ նաեւ նշված չի եղել, թե Ր. Հովհաննիսյանին արգելվում է մտնել այդ տարածք: Փաստորեն, ԴԱՀԿ ծառայողն այդ վճիռը մեկնաբանել եւ կիրառել է այնպես, ինչպես ինքն է հասկացել, կամ ինչպես որ իրեն թելադրել են: Իսկ դատավոր Ա. Սմբատյանն էլ համոզիչ չի համարում ԴԱՀԿ ծառայողի կողմից մայիսի 29-ին կազմած արձանագրությունը, թե թատրոնը գույքը հանձնել է կուսակցությանը: Նա դատը հետաձգեց, որպեսզի նման գրություն ստանա հենց թատրոնի ղեկավարությունից:
«Դժվար թե թատրոնը մեզ նման փաստաթուղթ տրամադրի, որովհետեւ պետական կառույց է եւ կաշկանդված է,- մտածում է Զ. Փոստանջյանը: -Բացի այդ, մեր վեճը թատրոնի հետ ավարտվել է, թատրոնը մեր գույքը հանձնել է, դրա արձանագրությունը կա: Մեր վեճը ԴԱՀԿ ծառայողի հետ է, որ ապօրինաբար փակել է կուսակցության տարածքի դռները»:
Նրա կարծիքով` դատական այս նիստերը ձգձգվում են այն պատճառով, որ շուտով կավարտվի նաեւ թատրոնի հետ կնքած «Ժառանգության» վարձակալական պայմանագրի ժամկետը: Եվ արդեն պարզ է, որ թատրոնը կուսակցության հետ նոր պայմանագիր չի կնքի:
Չմոռանանք հիշեցնել, որ կուսակցությունը դիմել էր նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ու ՀՀ Գլխավոր դատախազություններ, որպեսզի քրեական գործ հարուցվի «Ժառանգության» գրասենյակ մուտք գործելու, կողոպտելու եւ կուսակցությանը պատկանող համակարգչից գաղտագողի տեղեկություններ քաղելու փաստի առիթով»: Սակայն համայնքային եւ Գլխավոր դատախազություններն իրար ետեւից մերժել են քրգործ հարուցել: Ր. Հովհաննիսյանի կարծիքով` իր կուսակցության հետ կապված այս գործողությունները ղեկավարվում են Ռ. Քոչարյանի կողմից: Երեկվա դատական նիստի ավարտից հետո «Ժառանգության» կողմնակիցները մտածում էին, թե դատավոր Սմբատյանը դատը հետաձգեց, որպեսզի նոր հանձնարարականներ ստանա: