Երեկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Հակակրիմինալ շարժման հերթական նիստը, որի թեման Հայաստանի քաղաքական դաշտում ուժային կառույցների ապօրինի միջամտությունն էր:
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր ելույթի սկզբում նշեց, որ Հակակրիմինալ շարժման մասնակիցների ձեռքում արդեն բավական փաստաթղթեր կան, եւ այսուհետ իրենք խոսելու են փաստերով: Այս անգամ Ա. Կարապետյանի ներկայացրած փաստաթղթերն ուղղված էին ՀՀ ոստիկանության դեմ` հանձինս ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի: ՆԺԿ նախագահն ընթերցեց ՆԳՆ նախարարի մի քանի հրամանագրերը: Առաջինը ստորագրված էր 2004թ. ապրիլի 8-ին, որը հաջորդել է այն դեպքերին, երբ Գյումրիում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ձվեր էին շպրտվում հանրահավաքի մասնակիցների վրա: Այդ հրամանով ՀՀ ոստիկանության պետը խրախուսման նպատակով պարգեւատրել է ոստիկանության Շիրակի մարզային եւ Գյումրիի քաղաքային կառույցների պաշտոնյաներին ու մի շարք աշխատակիցների` անուն-անուն: Իսկ պարգեւատրումները տարբեր են եղել` զենք, պատվոգիր, հուշանվեր, 30.000-ական դրամ եւ այլն: Հ. Հարությունյանի մյուս հրամանը, որ ներկայացրեց Ա. Կարապետյանը, ստորագրվել է 2004թ. ապրիլի 12-13-ի դեպքերից հետո` ապրիլի 15-ին: Այդ հրամանով «մասսայական անկարգությունները կանխելու ընթացքում սխրագործություն ցուցաբերած» ոստիկանները պարգեւատրվել են 20.000-ական դրամով (ընդ որում` արտաբյուջետային միջոցներից):
Նույն տարվա ապրիլի 22-ի հրամանով, ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ «գերազանց ծառայության համար» պարգեւատրվել են շքանշաններով եւ այլ նվերներով: Իսկ պարգեւատրվողների անունները, որ գրված էին ՆԺԿ նախագահի ներկայացրած հրամանում, մի քանի թերթանոց փաստաթուղթ էին կազմում: Մեկ այլ հրամանով էլ ՀՀ ոստիկանության պետը ոստիկանության պատվավոր ծառայողի կոչում, շքանշաններ եւ այլ պարգեւատրումներ էր շնորհել ոստիկանության մի շարք աշխատակիցների: Ըստ Ա. Կարապետյանի ներկայացրած փաստաթղթերի, ոստիկանության պաշտոնյաների խրախուսման ձեւերից մեկն էլ եղել է ժամկետից շուտ կարգապահական տույժի հանումը: Պարգեւատրվողների ցուցակում ոստիկանության տասնյակ աշխատակիցների անուններ էին, այդ թվում` Արարատ Մահտեսյան, Գրիգոր Գրիգորյան, Աշոտ Գիզիրյան եւ այլք: «Փաստորեն, եթե ուզում ենք, որ ոստիկանության ծառայողները լավ ապրեն, ապա պետք է շուտ-շուտ միտինգներ կազմակերպենք, որ մեզ ջարդեն ու փող, զենք, մեդալներ եւ այլն ստանան»,- ասաց ՆԺԿ նախագահը:
Նա նշեց նաեւ, թե ինչպես են վերոնշյալ փաստաթղթերը հայտնվել իր ձեռքում: 6 օր առաջ իրեն զանգահարել են եւ ասել, որ դրանք դրված են ինչ-որ տեղում: Երբ Ա. Կարապետյանը կատակով հարցրել է, թե, արդյոք, դա ռումբ չէ՞, նրան պատասխանել են. «Դա քաղաքական ռումբ է»: «Եթե այս ամենը ճիշտ է (իսկ ես գտնում եմ, որ ճիշտ է), ուրեմն ոստիկանության համակարգում հայտնվել է մի լուրջ խումբ, որը գտնում է, որ այսպես այլեւս հնարավոր չէ շարունակել: Այսինքն, նրանք մտահոգ են Հայաստանի ապագայով»,- նշեց Ա. Կարապետյանը: Նրա խոսքերով, այս թղթերն ընդամենը մի մասն են այն փաստերի, որ իր ձեռքում կան, եւ որոնք ինքը պատրաստվում է հրապարակել: